Այսօր դատարանում հրապարակվեցին Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքները: Հրապարակվեց ինչպես ռուսական, այնպես էլ հայկական կողմի իրականացրած հարցաքննությունը: Երկու կողմերից ցուցմունքներում էլ Վալերի Պերմյակովը նշում է, որ սպանությունը կատարել է 10-15 րոպեի ընթացքում:
Պերմյակովի պատմելով, իր ծնողների, ընտանիքի հանդեպ կարոտը իրեն դրդեց լքել զորամասը, գումար ճարել ու վերադառնալ հայրենի Չիտա: Իսկ թե ինչո՞ւ էր 8 անգամ դասալիք եղած ու 3 անգամ վարչական պատասխանատվության ենթարկված Վալերի Պերմյակովը Չիտայից այդպես ուզում գալ Հայաստան ծառայության, մի՞թե ինչ-որ նպատակ չի ունեցել, հայկական կողմին տված ցուցմունքում վերջինս ասել էր, թե եղանակը Հայաստանում տաք է, իսկ Չիտայում մինուս 45 աստիճան է: Մեկ այս տեղ էլ նշում է՝ սիրտս այդպես ուզեց:
Ռուսական կողմին տված ցուցմունքում այս նույն հարցին պատասխանել էր, որ Հայաստանում վարձատրվող գումարը շատ է: Չիտայի կյանքը ներկայացնելիս՝ Վալերի Պեմյակովը նշում է, որ Չիտայում բոլորը զենք ունեն, դրանք թեպետ անօրինական են, բայց զինվելը պարտադիր է, հենց Չիտայում էլ իր ընկերներից սովորել է զենք օգտագործելը:
Կարդացեք նաև
Այնուհետ նշում է, որ ինքը դպրոցում սովորել է միջին առաջադիմությամբ, նախկինում դատապարտված չի եղել, հոգեբուժարանում չի պառկել, սակայն 21 օր տեւողությամբ հետազոտություն է անցել, արդյունքներին տեղյակ չէ:
Պերմյակովը նաեւ ասում է, որ ինքը տարին երկու անգամ մարիխուանա է քաշել, իսկ ալկոհոլային խմիչքներ տոն օրերին միշտ օգտագործել է, Չիտայում 7-8 անգամ բերման է ենթարկվել ոստիկանություն:
Իր ընտանիքի մասին խոսելիս՝ նշում է, որ հայրը «Հույս, հավատ, սեր» եկեղեցու քահանա է, իրենք ավետարանչական եկեղեցու հավատացյալ են: Այս եկեղեցին, ըստ Պերմյակովի, ունի նույն դավանանքը, ինչ ուղղափառ եկեղեցին, որպես Աստված ընդունում են Քրիստոսին: Հայ քննիչի ճշտող հարցին, թե կարո՞ղ է դու մուսուլման ես, Պերմյակովը նշում է ՝ ոչ: Եղբոր մասին խոսելիս՝ նշում է, որ նա դատապարտված է, քանի որ սպանել է կնոջը անհավատարմության համար:
Ինչքա՞ն ժամանակ է տեւել Ավետիսյանների տուն հասնելը, Պերմյակովը նշում է՝ մոտ երկու ժամ: Վերջինս ասում է, որ Ավետիսյաններին նախապես չի ճանաչել, նախքան նրանց տուն հասնելը, թակել է այլ դռներ, իրեն հագուստ ու փող էր պետք ճարել: Ավետիսյանների դարպասը, ըստ Պերմյակովի, եղել է կիսաբաց, ինքը ներս է մտել, սկզբում լապտեր է վառել, այնուհետ վառել է 3-րդ սենյակի լույսը. բաղնիքի լույսը վառված էր, իսկ սպանությունից հետո անջատել է տան լույսերը:
Նա հայկական կողմին տված ցուցմունքում նշում է, որ ինքնաձիգը լիցքավորել է Ավետիսյանների տուն մտնելուց առաջ, նրանց բակում, ու այն դրել է ավտոմատ ռեժիմի վրա: Երբ մտել է այդ տան առաջին սենյակ, այնտեղ քնած աղջիկը վերցրել է իր բջջային հեռախոսը ու սպառնացել ոստիկանություն զանգահարել, սա էլ, ըստ ամբաստանյալի, պատճառ է դարձել, որ ինքն ինքնաբերաբար սպաներ մյուսներին:
Երկրորդ սենյակից տղամարդու ձայն է լսել, վերջինս ինչ-որ բան է ասել, ամենայն հավանականությամբ հայերեն, կրակել է նրան ու կողքին պառկած կնոջը, երրորդ սենյակից մի տղամարդ է մոտեցել, կրակել է նաեւ նրան: Երրորդ սենյակում տեսել է մի կնոջ՝ մահճակալի մեջ նստած, որը նույնպես հեռախոսով է զանգահարում, այստեղ էլ սպանել է թե՛ կնոջ, թե՛ մահճակալի մեջ կանգնած փոքրիկ Հասմիկին, այնուհետ դուրս գալու ժամանակ լսել է մոր մահճակալի մեջ ճչացող փոքրիկ Սերյոժայի ձայնը, ինքնաձիգը արգելակվել է ու վնասել է նրան սվին-դանակով:
Այնուհետ այս սենյակի պահարանից վերցրել է հագուստ իր համար:
Պերմյակովը իր ցուցմունքում նշում է, որ հայ-թուրքական սահմանի տեղը իրեն ցույց է տվել մի զինվորական՝ Սեւերսկի թաղամասում ստուգատես անցկացնելու ժամանակ: Զինվորականն ասել է՝ այստեղից մոտ է սահմանը: Հարցին՝ ինչո՞ւ 102-րդ ռազմաբազայից միանգամից չգնացիր սահման, վերջինս պատասխանում է, որ իրեն հագուստ ու փող էր պետք ճարել: Սահմանի մոտ հասնելիս, Ավետիսյանների հեռախոսի գիրքն է թերթել, տեսել է Արթուր անունով տաքսու վարորդի հեռախոսահամարը՝ գրված անգլերեն տառերով, զանգահարել է, շաուրմա է պատվիրել, վերջինս 40 րոպե անց եկել է: Իհարկե, նրա այս ցուցմունքը հերքվել է, քանի որ վերծանված հեռախոսազանգերով սա չի ապացուցվել:
Ի դեպ, Պերմյակովը հայկական կողմին ցուցմունք տալիս՝ նեղվել էր, թե երեք անգամ հարցրեցիք ինձ՝ ինձ ոչ մեկը նրանց տան տեղը չի ասել:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ