Իջեւան քաղաքի բնակիչ Աշոտ Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար,որ նա 2015թ. հունվար-փետրվար ամիսներին գաղտնի հափշտակել է Իջեւան քաղաքի Աբովյան 24/78 հասցեում գտնվող տան երկրորդ հարկում գտնվող, իր հորը՝ Պատվական Սարհատյանին պատկանող երկու բազկաթոռ, կարի մեքենա եւ վերմակ՝ հորը պատճառելով 175 հազար դրամի վնաս: Ա. Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով:
Իջեւանից ստացված տեղեկությամբ՝ Աշոտ Սարհատյանի ընտանիքը բնակվում է նույն տան առաջին, իսկ հոր ընտանիքը՝ երկրորդ հարկում, նրանց միջեւ վատ հարաբերություններ են: Ա. Սարհատյանը գտնվում էր կալանքի տակ, «Կոշ» քրեակատարողական հիմնարկում: Աշոտ Սարհատյանը 2015թ.հունիսի 15-ին ծեծել է իր կնոջը: 2015թ. հոկտեմբերի 9-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որոշել է Ա. Սարհատյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով առաջադրված մեղադրանքը կարճել՝ նրա հետ տուժողի՝ իր կնոջ հաշտվելու պատճառով:
2016թ. մարտի 16-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Պատվական Սարհատյանից դիմում է ստացվել այն մասին, որ նա հաշտվել է որդու՝ Աշոտ Սարհատյանի հետ, նրանից որեւէ պահանջ չունի, խնդրել է նրան պատասխանատվության չենթարկել:
Դատաքննության ժամանակ Աշոտ Սարհատյանը հայտնել է, որ ինքը հաշտվել է հոր հետ եւ խնդրել է քրեական գործի վարույթը կարճել: 2016թ. ապրիլի 14-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Աշոտ Սարհատյանին առաջադրված մեղադրանքով քրեական գործի վարույթը կարճել՝ ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու պատճառով, Աշոտ Սարհատյանի հանդեպ խափանման միջոցը վերացվել է:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ