Լրահոս
Օրվա լրահոսը

4+4+4. Կոնսենսուս չկայացավ

Ապրիլ 15,2016 21:55

4+4+4 ձեւաչափով քննարկումը շարունակվում է: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար ներկայացրեց իշխանության առաջարկությունները, սակայն այդ առաջարկությունները անընդունելի էին մյուս կողմերի համար:

Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք արել են ամեն ինչ, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կազմավորվեր մի Ընտրական օրենսգիրք, որի շուրջ ձեւավորված է լուրջ վստահություն. «Այսօր մենք պայմանավորվել էինք, որ պետք է փաթեթային կոնսենսուսային լուծումների գանք, եւ մենք առաջարկեցինք մեր տարբերակը: Ընդ որում, երբ դուք հարցրեցիք արդյոք դա բանակցային տարբերակ է, մենք պատասխանեցինք՝ այո՛, բանակցային տարբերակ է, որովհետեւ մենք շատ կառուցողական ենք տրամադրված, եւ հանուն այդ վստահելի ընտրությունների պատրաստ ենք բանակցել ինչքան որ պահանջվի, միայն թե այդ բաղձալի նպատակին հասնենք: Երբ որ դուք ձեր առաջարկները ներկայացրեցիք, դուք ասացիք, որ դրանք բանակցային չեն: Եթե այն, ինչ-որ դուք պատրաստ եք զիջել հանրությանը բանակցելի չէ, ուրեմն՝ ես հենց հիմա կարող եմ բոլորի անունից հայտարարել, որ այս ձեւաչափով բանակցությունները չտվեցին այն արդյունքը, որոնց ուղղված էր: Այսինքն՝ կոնսենսուս չկայացավ»:

Նա հավելեց, որ եթե իշխանության կողմից պատրաստակամություն լինի փոխզիջումների գնալ, իրենք պատրաստ կլինեն վերսկսել բանակցությունները: Ըստ նրա, այս պահին կատարած զիջումները հեռու են հասարակության ակնկալիքներից:

Դավիթ Հարությունյանը արձագանքեց, որ հինգից չորս առաջարկություններով իշխանությունը առաջարկություններ է ներկայացրել. «Ես ցավում եմ, որ գնահատականը քաղաքական դաշտում էր: Իհարկե՛, կոնսենսուսի գալը չէր ենթադրում ուլտիմատումներով խոսել, բայց մյուս կողմից դա չի ենթադրում հավերժ բանակցություններ: Մենք բավականին ժամանակ միասին անցկացրեցինք յուրաքանչյուր հարց մանրակրկիտ քննարկելու, որպեսզի շարունակենք նույն թեմային մեկ անգամ եւս անդրադառնալ: Ես չեմ կարծում, որ դա արդյունավետ եղանակ է»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    Կարմիր կովը կաշին մի անգամ ա փոխում՝ երբ մորթելուց հետո քերթում են…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930