Aravot.am-ը Պուտինյան քարոզիչ, ռուս հայտնի հեռուստամեկնաբան Դմիտրի Կիսելյովի հիմնադրած երեւանյան «Գրիբոյեդով» ակումբի անդամ, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանից հետաքրքրվեց՝ արդյոք օրերս ակումբում ունեցե՞լ են նոր քննարկում, որտեղ շոշափվել են վերջին իրադարձությունները՝ ղարաբաղա-ադրբեջանական կոնֆլիկտ, Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հարցեր եւ այլն: Մանավանդ հայտնի է, որ այդ ակումբի անդամները ամիսը մեկ անգամ հավաքվում են երեւանյան էլիտար ռեստորաններից որեւէ մեկում, քննարկումներ ունենում ու Կիսիլյովն անձամբ է ճոխ հաշիվներ փակում:
Պարոն Մանասերյանը հաստատեց, որ մոտավորապես ամիսը մեկ անգամ հավաքվում են, բայց նոր հանդիպում վերջերս չեն ունեցել: «Քաղաքում չեմ եղել, եթե հանդիպում լիներ, գոնե ես տեղյակ կլինեի»,-ասաց տնտեսագետը: Ապա` հավելեց. «Հնարավոր համարում եմ ձեր նշած հարցերի քննարկումը ակումբում…Սովորաբար անձանց հետ են հանդիպումներ լինում, բայց դա առիթ է լինում, որ ցանկացած հարց շոշափվի»:
Թաթուլ Մանասերյանը փորձեց հավաստիացրել, որ նախկինում էլ «Գրիբոյեդով»-յան շրջանակում քննարկել են նման բովանդակության հարցեր. «Բարեբախտաբար, թե դժբախտաբար հանդիպումները փակ են, ձեւաչափն այնպիսին է, որ լրագրողներ չեն լինում հանդիպմանը, ու ոչինչ չի հրապարակվում: Մարդիկ էլ անկաշկանդ զրուցում են, ու որեւէ պարտավորվածություն չկա; Իհարկե կան մարդիկ, որ ավելի հաճախ են ներկա լինում, կան նաեւ մարդիկ, որ ավելի քիչ են հանդիպում: Բայց միշտ էլ եղել են շատ ավելի կոշտ հարցադրումներ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Գրիբոյեդով» ակումբը վորնա պուտինի անձնական լրտեսները