ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նիստից հետո մասնակիցները պատասխանեցին լրագրողների հարցերին:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը ասաց, որ պետությունների միջեւ զենքի առքուվաճառքը միջազգայնորեն ընդունված պրակտիկա է. դա ավելի շատ տնտեսական, քան քաղաքական հարց է. «Ադրբեջանը բացի ռուսական զենքից գնում է նաեւ իսրայելական, ուկրաինական զենք: Եթե Ռուսաստանը հրաժարվի Ադրբեջանին զենք վաճառելուց, ապա անմիջապես այդ տեղը կզբաղեցնի ՆԱՏՕ անդամ երկրներից մեկը, իսկ այդ զենքն ավելի մահաբեր ու սարսափելի կլինի»:
Նա ընդգծեց, որ կրակում է ոչ թե զենքը, այլ մարդը: Ըստ նրա, այդ իսկ պատճառով հարկավոր է աշխատել քաղաքական գործիչների հետ, հասարակությունների հետ: Նա համարում է, որ այդ դեպքում ո՛չ ռուսական, ո՛չ այլ երկրի արտադրության զենքը չի կրակի. «Այդ պատճառով դուք մոլորվում եք, եթե կարծում եք, որ լինի ոչ թե ռուսական, այլ եվրոպական զենք, այն չի կրակի: Այն կկրակի, այն էլ ավելի մեծ ուժով»:
Կոմիտեի անդամ Ալեքսեյ Կոնդրատեւը հավելեց, որ իրենց նպատակն է հասնել նրան, որ տարածաշրջանում առկա զենքը որեւէ դեպքում չկիրառեն զինված ուժերը եւ ահաբեկչական խմբավորումները. «Հարկավոր է հասկանալ, որ Ռուսաստանը երկար ժամանակ է այս տարածաշրջանում: Մեր նպատակն է այնպես անել, որ ողջ միջազգային հանրությունը, տարածաշրջանի քաղաքական ուժերը հրաժարվեն զենք կիրառելուց»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ