«Եթե կլիման դեպի սառեցում է գնում, ապա պետք է ուշադրություն դարձնենք էսկիմոսների ապրելակերպին, եթե դեպի տաքացում` ապա ուշադրություն պետք է դարձնենք բեդվիններն` ինչպես են հագնվում, ինչպես` սնվում»,-ներկայացնելով, թե կլիմայի փոփոխության հետեւանքով մարդու առողջությանն ինչպիսի վնասներ է հասցվում այսօր Օրհուս կենտրոնում ասաց Կլիմայի փոփոխության եւ առողջապահության ՀՀ ազգային քաղաքականության վերլուծության ծրագրի փորձագետ Վարդան Հայկազյանը:
Փորձագետի խոսքերով, մինչ օրս մենք հստակ չգիտենք, թե օրական որքան պետք է լինի մեր սննդի կալորիականությունը եւ առաջնորդվում ենք դեռեւս Հիտլերի սահմանած չափանիշով: Մինչդեռ առողջությունը պետք է օգնի, որպեսզի մարդը կարողանա դիմակայել կլիմայի փոփոխություններին, որոնք վերջին տարիներին բավականին արագ են տեղի ունենում: Վարդան Հայկազյանն ասաց, որ չնայած մենք միացել ենք կլիմայի փոփոխության միջազգային կոնվենցիաներին, բայց դրանց պահանջները չենք կատարում: Օրինակ` ով որտեղից հասնում սեւահող է փորում եւ բերում մայրաքաղաք` այգում կամ տան առաջ լցնելու եւ որեւէ իրավապահ մարմին այդ արարքը չի արգելում, մինչդեռ, ըստ փորձագետի, 20 հազար ոստիկան կա համակարգում, որոնց թիվն անտեղի ուռճացված է. «Ավելի լավ է նրանց կեսին թող ուղարկեն սահմանը պահելու»:
Ըստ նրա, Վրաստանի փորձը ցույց է տվել, որ ամեն ինչ էլ կարելի է փոխել, նույնիսկ Կովկասում. «Ունենք վատթարացող կլիմա, չունենք առողջապահություն»:
Փորձագետի մտահոգությունները` տեսանյութում
Վարդան Հայկազյանը նաեւ ասաց, որ կյանքի որակը բարելավելու համար մենք պետք է ուշադրություն դարձնենք արոտավայրերին, խոտհարքներին եւ արոտավայրերն արդյունավետ օգտագործելու համար սահմանել հերթափոխային արածեցում:
«Սոցիալ-էկոլոգիական ասոցիացիա» հ/կ նախագահ Սրբուհի Հարությունյանի խոսքերով, գյուղատնտեսական հողերը դեգրադացվել են, աղակալել ու էրոզիայի ենթարկվել, Վնասատուները, հիվանդությունները տարածվել են, դաշտերն ու մթնոլորտն աղտոտել են, անտառածածկը կրճատվել:
Ըստ տիկին Հարությունյանի, էկոլոգիական խնդիրները ավելի ազդեցիկ են դառնում կլիմայական փոփոխությունների պատճառով:
Մանրամասները` տեսանյութում
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ