Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ. Թալինի քաղաքապետի եղբայրները վախեցնում են բնակիչներին ընտրություններին ընդառաջ

Ապրիլ 15,2016 18:13

Ապրիլի 17-ին կայանալիք Թալինի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ Թալինի գործող քաղաքապետ Սարգիս Արամյանի, որը նաև քաղաքապետի թեկնածու է, եղբայրները վախեցնում են քաղաքացիներին: Aravot.am-ի հետ զրույցում Թալինի բնակիչ, թոշակառու Ռուզաննա Թովմասյանը պատմեց, թե լրատվամիջոցներից մեկում իր քննադատությանն ի պատասխան, քաղաքապետի եղբայրներն իրեն վախեցնում են:

Նա մանրամասնեց. «Ես հայտարարել եմ, որ մեր գործող քաղաքապետից նորություն չենք տեսել: Դա դարձրել են իրենց համար դրոշակ, իրենց դուր չի եկել իմ ելույթը, հատկապես քաղաքապետի եղբայրներին, որոնք ուզում են ուժով ու բռնությամբ մի բան արած լինել: Օրինակ` մի օր մոտեցա իրենց նախընտրական շտաբ և խնդրեցի մի բուկլետ տրամադրել ինձ, քանի որ մեկի մոտ տեսա, որ բուկլետում զավեշտալի թվեր էին գրված: Ինձ մոտ հարց առաջացավ, թե այդքան գումար Թալինում որտեղի՞ց, որ գրված է` միլիարդավոր դրամի աշխատանք են իրականացրել:

Խաչիկը`գործող քաղաքապետի եղբայրը, այդ օրը մոտեցավ ինձ, հարցրեց` ի՞նչ ես ուզում, ասա` քեզ ինչ է հետաքրքրում, ես կպատասխանեմ: Ես էլ նրան պատասխանեցի` ինչո՞ւ եք այդպես հարձակվողական, չեք ուզում բուկլետ տալ, այդպես ասեք: Հետո էլ կարծիքս ասացի, թե վախեցաք ու շարունակեցի ճանապարհս: Հետևից գոռում էին, թե մենք վախեցողներից չենք, մենք վախեցնողներն ենք»:

Թալինի բնակիչը մտահոգված է, որ այս մտայնությամբ էլ գալիս են իշխելու ու վրդովվեց. «Ինձ հասկացնել են տալիս, բայց ես վախից չէ, որ զանգել եմ, ես հպարտ եմ, գլուխս բարձր Թալինում ապրում եմ: Ուղղակի նրանց պիտի հասկացնենք, որ վախեցնելով չեն քաղաքապետ դառնում»:

Հարցին` իսկ առաջադրված երեք թեկնածուներից որի՞ն է տեսնում քաղաքապետի պաշտոնում, տիկին Թովմասյանը պատասխանեց. « Երկու հարցով մտել եմ Սարգիս Արամյանի մոտ, բայց ոչ մի պատասխան, լռություն: Մի հարցն էլ այն էր, որ ուզում էի հերթագրվել, որ կամավոր գնամ Ղարաբաղ: Այդպես էլ սպառիչ պատասխան չտվեց, ասաց` զինկոմ գնա, այն դեպքում, երբ զինկոմն այդ հարցով չէր զբաղվում: Երևում է, որ այդ մարդը ժողովրդին ասելիք չունի, բացի ուրիշի կիսատ շինարարությունները վերջացնելուց: Մյուս թեկնածուն` Գուրգեն Գրիգորյանը, արդեն երկու անգամ ընտրվել է, բավական է: Սովորական, ռանչպար մարդիկ են, պատահաբար դառնում են քաղաքապետ և ժողովրդին ետ տանում»:

Տիկին Թովմասյանն ավելի կողմնակից է, որ քաղաքապետ դառնա թեկնածուներից 1973-ին ծնված Տիգրան Հարությունյանը: Հետաքրքրվեցինք` կուսակցակա՞ն է, թե՞ ոչ, տիկին Թովմասյանը պատասխանեց. «Արծվիկ Մինասյանն իր բաջանաղն է, նա է ոգևորել, որ դնի իր թեկնածությունը, դրա համար բուկլետի վրա գրված է ՀՅԴ, բայց նա անկուսակցական է: Տնտեսագետ է, կիրթ երիտասարդ, կիրթ ընտանիքից: Այն երկու թեկնածուների կողքին նա է արժանի դառնալ քաղաքապետ, բայց նրան էլ չէ, որ պետք է տեսնենք քաղաքապետի պաշտոնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. «Առավոտը» ստացել է նաեւ Թալին համայնքի ավագանու թեկնածուների հայտարարությունը. «Հարգելի’ թալինցիներ, սույն թվականի ապրիլի 12-ին ավագանու թեկնածուների նախաձեռնությամբ նախատեսված էր Թալին համայնքի ընտրողների հանդիպում Թալին համայնքի ղեկավարի թեկնածուներ Ս. Արամյանի (ՀՀԿ), Գ. Գրիգորյանի (Հայկ.Վերածնունդ) և Տ. Հարությունյանի (ՀՅԴ) հետ: Հանդիպմանը հրավիրված են եղել նաև տարբեր կուսակցությունների ներկայացուցիչներ և մարզի պատգամավորներ: Հանդիպումը կայացավ ժամը 19:00-ին Թալինի մշակույթի տան դահլիճում, որը վարում էր ավագանու թեկնածու Գ. Կարապետյանը: Ներկա էին համայնքի շուրջ 500 ընտրողներ: Սակայն գործող քաղաքապետ Ս. Արամյանը, արհամարհելով համայնքի ավագանու թեկնածուների առաջարկը և մասնակից ընտրողներին, չներկայացավ հանդիպմանը, որն առաջացրել է ավագանու անդամների թեկնածուների և ընտրողների խիստ դժգոհությունը:

Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ մենք՝ Թալին համայնքի ավագանու թեկնածուներս, որոշում ենք դադարեցնել ավագանու անդամի համատեղ շտաբի համատեղ գործունեությունը և միանալ մյուս երկու թեկնածուների շտաբներին՝ ըստ ցանկության: Կոչ ենք անում համայնքի ընտրողներին Ս. Արամյանի անհարգալից վերաբերմունքին տալ համապատասխան գնահատական, սույն թվականի ապրիլի 17-ին ձեր քվեարկությամբ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930