Ապրիլի 13-ին Մոսկվայում տեղի ունեցած «Հիշում եմ և պահանջում» ոգեկոչման երեկոյի կազմակերպիչներին և մասնակիցներին ողջույնի ուղերձ է հղել ՌԴ Պետական Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը, որը երեկոյում հրապարակեց Պետական Դումայի «Եդինայա Ռոսսիյա» խմբակցության պատգամավոր Բորիս Ռեզնիկը:
Նրանում մասնավորապես ասված է.
«Ողջունում եմ «Հիշում եմ և պահանջում» երեկոյի կազմակերպիչներին և մասնակիցներին:
Հատկանշական է, որ երեկոն Մոսկվայում համախմբել է Ռուսաստանի հասարակական և քաղաքական կազմակերպությունների, ազգային համայնքների ներկայացուցիչներին` աջակցելու այն ջանքերին, որոնք ուղղված են ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը, ինչպես նաև այդ միջազգային հանցագործության կրկնման կանխարգելմանը:
Կարդացեք նաև
Քսաներորդ դարի սկզբին հայ ժողովուրդը ապրեց առաջին ցեղասպանության ողբերգությունը, որը խլեց մեկ ու կես միլիոն անմեղ մարդկանց կյանքը և զգալի հարված հասցրեց հայ ժողովրդի հոգևոր և նյութական մշակույթին:
Դեռևս 1915 թվականին Ռուսաստանի նախաձեռնությամբ եվրոպական տերությունները Օսմանյան կայսրության կողմից Արևմտյան Հայաստանում իրականացրած ցեղասպանությունը որակեցին իբրև «հանցագործություն մարդկության դեմ»:
Մեր օրերում Հայերի ցեղասպանությունը դատապարտվել է շատ պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից: Այսօր մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի նման ողբերգությունները այլևս երբեք չկրկնվեն:
«Հիշում եմ և պահանջում» երեկոյի մասնակիցներին մաղթում եմ խաղաղություն, բարեկեցություն և ամենայն բարիք»:
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին նվիրված երեկոն կազմակերպել էին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը և «Երաժիշտները հանուն խաղաղության» միջազգային շարժումը: Երեկոյի ընթացքում ելույթներով հանդես են եկել «Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանը, Պետական Դումայի պատգամավորներ Բորիս Ռեզնիկը («Եդինայա Ռոսսիյա» խմբակցություն), Ալեքսանդր Տարնովսկին («Սպրավեդլիվոյա Ռոսսիյա» խմբակցություն), Դաշնային Խորհրդի անդամ Ռաայիլ Զինուրովը և ուրիշներ:
ՌԴ վաստակավոր արտիստ Ալեքսանդր Գինդինի ղեկավարությամբ «Երաժիշտները հնաուն խաղաղության» ծրագիրը ներկայացրեց գեղարվեստական հայտագիր:
Մամլո հաղորդագրություն