Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու՞ է լռում հայկական սփյուռքը Ռուսաստանում

Ապրիլ 15,2016 18:15

Ապրիլի երկուսից հետո, երբ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանին ռազմական գործողություններ սանձազերծեց, աշխարհի տարբեր երկրներում, հայ համայնքները հզոր ցույցեր անցկացրեցին: Սփյուռքը, այդպիսով, նախ` աջակցություն հայտնեց Հայաստանին եւ Արցախին, երկրորդ` դատապարտեց Ադրբեջանի ագրեսիան, պահանջելով դատապարտել դա նաեւ իրենց երկրների կառավարություններին:

Հայկական սփյուռքի տարբեր կենտրոններում տեղի ունեցած բողոքի ալիքները  դիտարկելով, ուղղակի աչքի է զարնում Ռուսաստանում (որտեղ առնվազն 1,5 միլիոն հայ է բնակվում) տիրող լռությունը, որին կանդրադառնանք ստորեւ.

Սփյուռք

Արեւմուտքում հայկական ամենամեծ համայնքը ԱՄՆ-ում է, մասնավորապես` Կալիֆորնիա նահանգում: Հենց այստեղ նախ` տեղի ունեցավ աջակցության ցույց  Գլենդելում Հայաստանի հյուպատոսարանին մոտ, այնուհետեւ` բողոքի հուժկու ցույց Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության առաջ: Հայկական բոլոր կառույցներն աշխատեցին այնքան համաձայնեցված ու արդյունավետ, որ հայկական եռագույնի գույներով պատվեց նույնիսկ Լոս Անջելեսի քաղաքապետարանի շենքը` ի հիշատակ մարտի դաշտում ընկած հայ զինվորների:

Ֆրանսիայում հայ համայնքի ցույցերը չեն սահմանափակվել միայն մայրաքաղաք Փարիզում անցկացված խոշոր ակցիաներով եւ տեղափոխվել են Ստրասբուրգ, որտեղ գտնվում են Եվրամիության դատական ու խորհրդարանական մարմինները: Հենց այստեղ ֆրանսիահայերն իրենց բողոքը արտահայտեցին ընդդեմ Ադրբեջանի ագրեսիայի, եվրախորհրդարանականների աչքի առջեւ: Եվ միգուցե հենց այդ ցույցի շնորհիվ է, որ օրեր անց Եվրախորհրդարանում խստորեն քննադատեցին Ալիեւին եւ անգամ հնչեցին ԼՂՀ անկախության ճանաչման կոչերով ելույթներ:

Եվրոպայում, ընդհանուր առմամբ, բողոքի ցույցերը լայն տարածում ստացան, ակցիաներ իրականացվեցին Բելգիայում` Բրյուսելում, Չեխիայում, Ռումինիայում, Շվեդիայում` Ստոկհոլմում: Բողոքի ցույց տեղի ունեցավ նաեւ Ուկրաինայում` Օդեսայում, Արգենտինայում, Եգիպտոսում, Ուրուգվայում, Կանադայում` Վանքուվերում, ինչպես նաև Իսրայելում: Վերջին դեպքում բողոքն ուղղված էր Իսրայելի կառավարությանը` ընդդեմ Ադրբեջանին սպառազինությունների վաճառքի:

Սփյուռքի հիմնական օջախներից մեկում` Բեյրութում, տեղի ունեցավ զանգվածային բողոքի ակցիա` ընդդեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների: 100 հազարանոց հայկական համայնք ունեցող Լիբանանի մայրաքաղաքի փողոցներ դուրս եկան հազարավոր հայեր: Լիբանանում հայության բողոքի ցույցն ուղեկցվում էր նաեւ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի` ԼՂՀ նախագահին հասցեագրված կոչով. Սփյուռքը մոբիլիզացված է եւ Արցախի կողքին կանգնած:

Ռուսաստան

Հայկական Սփյուռքի խոշորագույն բաղկացուցիչ մասերից է Ռուսաստանի հայ համայնքը: Հայերն այս երկրում ներգրավված են պետության եւ տնտեսության ամենատարբեր օղակներում, ունեն տարատեսակ լծակներ եւ հնարավորություններ:

Ռուսաստանում, սակայն, ի տարբերություն սփյուռքի մյուս օջախների, բողոքի ակցիաներ, ցույցեր, տեղի չունեցան կամ` գրեթե տեղի չունեցան: Այնինչ` նորից ի տարբերություն այլ երկրների, Ռուսաստանի պարագայում առկա է մեկ այլ գործոն եւս:

Ռուսաստանը հանդիսանում է Ադրբեջանին զենքի խոշորագույն մատակարարը: Վերջին տարիներին, չնայած հայկական կողմի դժգոհությանը, Մոսկվան, լինելով Երեւանի դաշնակիցը ինչպես երկկողմանի, այնպես էլ հավաքական անվտանգության պայմանագրերով, Ադրբեջանին է վաճառել ժամանակակից սպառազինություններ, որոնք էլ վերջինս կիրառել է ապրիլի 2-5 տեղի ունեցած ռազմական գործողություններում: Փաստենք, որ դաշնակից երկրի կողմից հակառակորդին զինելը չէր կարող բողոք չառաջացնել հայերի մոտ, եթե նույնիսկ նրանք բնակվում են Ռուսաստանում:  Եվ, կարելի է ասել, այդ բողոքն առաջ եկավ Ռուսաստանի հայերի միության տարածած բավական լղոզված հայտարարության մեջ:

Ըստ այդ, ՌՀՄ հայտարարությամբ, նախ, ընդգծվում էր Մոսկվայի դերը շփման գծում կրակի դադարեցման ռեժիմ հաստատելու գործում: Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելու կապակցությամբ արտահայտված մտահոգության հետ մեկտեղ փաստաթղթում նշվում էր, որ  Ռուսաստանի այս դիրքորոշումն անհասկանալի է վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի այն հայտարարության ֆոնին, թե Թուրքիան Ադրբեջանին ռազմական օգնություն է ցուցաբերում: Այսպես, փաստորեն, ՌՀՄ-ն, որի ղեկավար Արա Աբրահամյանը սերտ կապերի մեջ է ՌԴ իշխանությունների հետ, փորձում է ռուսական քարոզչությանը հարիր եղանակով, շեղել ուշադրությունը ռուսական սպառազինություններից:

Սակայն, ինչպես նշել էինք վերը, Ռուսաստանում բողոքի ցույցերը գրեթե տեղի չեն ունեցել: Ապրիլի 12-ին Մոսկվայում` ՌԴ արտգործնախարարության շենքի դիմաց, միայնակ բողոքի ակցիա իրականացրեց մոսկվաբնակ հայ Վախթանգ Սարգսյանը: Վախթանգ Սարգսյանի խոսքով` ոստիկանները պատրաստ են եղել նրան բերման ենթարկել, սակայն իրեն հաջողվել է շուրջ 40 րոպե կանգնել ՌԴ ԱԳՆ շենքի մոտ «Դադարեցրեք զենքի վաճառքը ագրեսոր Ադրբեջանին» գրությամբ պաստառով:

Այն, որ ամբողջ ռուսահայ համայնքից ընդամենը մի հոգի է դուրս եկել փողոց՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի կամ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զինելուն (ինչպես վերը նշեցինք, Իսրայելում, որը հանդիսանում է Ադրբեջանին զենքի մյուս մատակարարը, չնայած փոքր համայնքին եւ փոքր մատակարարումներին, այդպիսի ցույց եղավ), ունի երկու բացատրություն: Նախ, Ռուսաստանն առհասարակ բռնապետական երկրի է, ուր ցույցեր անելը ընդունված չէ, տեխնիկապես դժվար է եւ, որպես կանոն, ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում ցուցարարների դեմ: Սակայն, այդուհանդերձ, Ռուսաստանում ցույցեր լինում են… Եվ անգամ բավականին ուժգին ցույցեր:

Եվ այստեղ ռուսաստանաբնակ հայերի լռության երկրորդ պատճառն է ի հայտ գալիս: Ինչպես հայտնի է, ՌԴ-ում բավականին տարածված է ազգայնականությունը եւ այդ երկրում ազգային փոքրամասնություններն իրենց զգում են «2-րդ կարգի» իրավազուրկ մարդկանց կարգավիճակում:

Վահե Ղուկասյան
«Իրազեկ
քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930