«Ապրիլի 2-5 ընկած ժամանակահատվածում ընկած մարտական գործողությունները դասագրքերում կմտնեն որպես «չորսօրյա ղարաբաղյան պատերազմ» կամ «երկրորդ Ղարաբաղյան պատերազմ»: Այո, դա ոչ թե հրադադարի խախտում էր, ոչ թե սրացում էր, այլ պատերազմ էր. սա հստակ քայլ էր, որ փոխվեր այն ստատուս քվոն, որը ձեւավորվել էր ղարաբաղյան պատերազմից հետո,- այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը՝ նշելով, որ ռազմական առումով ժամանակակից դարում չորս օրը ահռելի ժամանակամիջոց է, հինգ օրը բավարար եղավ, որպեսզի ավարտվի ռուս-վրացական պատերազմը, վեց օրը բավարար եղավ, որպեսզի Իսրայելը ջախջախի Եգիպտոսը եւ գրավի Երուսաղեմը, հիմա տեսնենք, թե ինչ մնաց չոր մնացորդում Ալիեւի սանձազերծած պատերազմում ռազմավարական եւ մարտավարական առումով. 0.0 եւ մի կույտ դիակներ»:
Քաղաքագետը նշում է, որ Ալիեւի պատերազմ սկսելու մտահղացումը ռազմավարական առումով փայլուն գաղափար էր. «Բայց թե այն ինչպես իրականացրեց, իհարկե խայտառակություն էր. ստատուս քվոն չփոխեց»:
Պարոն Մեհրաբյանի խոսքով՝ այս պատերազմում հայկական զինված ուժերն իրենց առջեւ դրված խնդիրները լուծեցին. «Հայկական կողմն ի՞նչ խնդիր էր հետապնդում. թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանը որեւէ հաջողված հանցավորական գործողություն անցկացնի Լեռնային Ղարաբաղի հակամարտության վայրում: Հայկական կողմը վարում էր պաշտպանական մարտեր՝ հմտորեն համադրելով թե՛ դիրքային պաշտպանությունը, թե՛ շարժուն պաշտպանությունը, թե՛ հակահարձակողական գործողությունները: Դա բերեց նրան, որ հայկական կողմը հասավ այն բոլոր նպատակներին, որ դրել էր իր առջեւ»:
Ռուբեն Մեհրաբյանը Ալիեւի պատերազմ սկսելու որոշման հիմքում տեսնում է նաեւ ներքաղաքական խնդիրներ. նավթի գների անկման հետեւանքով Ադրբեջանում փոխվեցին իշխանություն-հասարակություն խաղի կանոնները, Ալիեւը փորձում է փոխել հասարակական դիսկուրսը, որպեսզի իրեն ավելորդ հարցեր չտան. «Իրեն հարցեր չտան՝ այդ ի՞նչ փողեր ես տարել օֆշորներ, աղջիկներդ ինչպե՞ս են դարձել մուլտիմիլիոնատերեր կամ միլիարդատերեր, ու՞ր են նավթի փողերը եւ այլ «անհարմար» հարցեր, էլ չեմ խոսում աֆրիկյան մակարդակի կոռուպցիայի մասին»,- ասում է պարոն Մեհրաբյանը՝ նշելով, որ այս պայմաններում ամբողջատիրական հասարակություններում իշխանությունները թշնամու կերպար են փնտրում:
Կարդացեք նաև
Պարոն Մեհրաբյանը կարծում է, որ չպետք է մտածել, որ այլեւս նման գործողություններ Ադրբեջանի կողմից չեն լինելու, հնարավոր է լինեն ու ավելի լայնամասշտաբ բնույթ կրեն:
Քաղաքագետը նկատում է, որ այս չորսօրյա պատերազմից հետո շատ բան փոխվել է. Ադրբեջանի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքն է փոխվել «Այն վայրագությունները, որ տեղի ունեցան այդ պատերազմի ընթացքում, այն այլանդակությունները, որ տեղի ունեցան մեր զինվորների հետ, որոնք հայտնվեցին իրենց ձեռքում, որոնք Հաագայի դատարանի ենթակայության հարց են, ցույց են տալիս, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականություն հասկացությունը Բաքվի խմբագրմամբ նշանակում է հայ ժողովրդի կոտորած»,- ասում է պարոն Մեհրաբյանը եւ հաստատում այն միտքը, որ գոնե Արեւմուտքն արդեն այդ համոզումն ունի: Այդ քաղաքականության փոփոխությունը բանախոսը նկատում է հենց Եվրախորհրդարանում. Ադրբեջանը քննադատվում է այստեղի պատգամավորների շուրթերով:
Անդրադառնալով մեր արտաքին քաղաքականությանը եւ դիվանագիտական կորպուսի աշխատանքներին՝ պարոն Մեհրաբյանն ասում է. «Մեր դիվանագիտությունը որեւէ քննադատության չի դիմանում: Մենք դիվանագիտություն չունենք, մենք ունենք հիմնարկ, որը զբաղվում է ամեն ինչով, բացի դիվանագիտությունից»:
Նա նշում է, առաջնագծում կանգնած զինվորը պաշտպանեց մեր արժանապատվությունը, մեր ազգային արժեքներն ու անվտանգությունը, բայց նույն առաջնագծում կանգնած զինվորի հաղթանակը պայմանավորված է նրա թիկունքում տեղի ունեցողից: «Այսպիսի տնտեսական կառավարմամբ, որ ունենք այսօր, մենք չենք կարող այս տեւական մարտահրավերներին դիմակայել: Դիվանագիտությունը պետական կառավարման հետեւանք է եւ ածանցյալ,- ասում է պարոն Մեհրաբյանը եւ մատնանշում հզոր պետություն կառուցելու ճանապարհներ,-Մեզ պետք է հզոր թիկունք. հասարակությանը հաշվետու իշխանություն պետք է լինի: Դա նշանակում է՝ հասարակություն, որը վարձել է իշխանությունը իրեն սպասարկելու համար, դա նշանակում է բիզնեսի եւ քաղաքականության հստակ տարանջատում, դա նշանակում է իրական պայքար կոռուպցիայի դեմ»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ