2013թ. հունիսի 26-ին Արցախի հերոս Սամվել Բաբայանը դիվանագիտական խողովակներով նամակ էր փոխանցել Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում Բաբայանը Հայաստանի իշխանությունների ուշադրությունն էր հրավիրել Լեռնային Ղարաբաղի անվտանգության հետ կապված մի շարք օրհասական խնդիրների վրա: «Սամվել Բաբայան. վերադարձ» քաղաքացիական նախաձեռնությունը հրապարակում է Բաբայանի նամակի տեքստը՝ որոշակի կրճատումներով.
«Հարգելի Սերժ Ազատի,
Ազգի շահերն ու Հայրենիքի ճակատագիրն են ինձ հարկադրում դիմել Ձեզ տվյալ ուղերձով: Մեր հարաբերություններն այսօր կապված են միմյանց ներուժի և ծառայությունների թերըմբռնման հետ: Սակայն, գնահատելով Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգության վրա ծանրացած սպառնալիքը, մենք պարտավոր ենք թողնել անձնական հավակնությունները, ղեկավարվել միմիայն բարձրագույն ազգային շահերով, հայոց պետության պաշտպանական ներգործության ամրապնդման նկատառումներով:
Վերլուծելով Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ներուժն ու անցկացվող զորավարժությունները`գալիս եմ այն եզրահանգման, որ այսօրվա դրությամբ առկա` մեր կողմի զորավարժությունների մարտավարությունը նշանակալիորեն զիջում է հակառակորդին և գտնվում է 20-րդ դարի մակարդակի վրա: Միևնույն ժամանակ, Ադրբեջանի սպառազինության մեջ մտնող մարտական տեխնիկան, զենքն ու ժամանակակից մարտի վարման տակտիկան զգալիորեն բարձրացնում են նրա հարձակողական հնարավորությունները, և հակառակորդի համար դժվարություն չի ներկայացնի 10 օրվա ընթացքում հաջող կայծակնային ռազմարշավ իրականացնել ընդդեմ ԼՂՀ Պաշտպանության բանակի:
Կարդացեք նաև
Իմ կարծիքը հիմնվում է Ադրբեջանի զինված ուժերի սպառազինության, մարտավարական պատրաստության և հանդերձվածության մասին գնահատականի վրա: Ղարաբաղյան հակամարտության գոտում ենթադրաբար 2014 թվականի ապրիլ-մայիսին ռազմական գործողությունների վերսկսման անհանգստությունը պայմանավորված է նրանով, որ`
1.Ներկայումս Ադրբեջանի իշխանությունները վերջնագրային կերպով ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից պահանջել են ստիպել Հայաստանին մինչև 2013թ. վերջը ստորագրել փաստաթուղթ ղարաբաղյան հարցում զիջումների վերաբերյալ` ընդսմին գիտակցելով, որ Երևանը չի կարող համաձայնել առաջարկված «փոխզիջման» տարբերակին:
ԵԱՀԿ շրջանակային փաստաթղթի համապատասխան նախագիծը Ձեզ է փոխանցված ստորագրման և դրանում հայտարարված սկզբունքների համաձայն բանակցային գործընթացի հետագա շարունակման համար.
2.2013 թվականին ավարտվում են մի շարք արտասահմանյան պետությունների հետ Ադրբեջանի ռազմական պայմանագրերը արդիական սպառազինության և մարտական տեխնիկայի գնման վերաբերյալ.
3.Մինչև 2014 թվականի փետրվարը պլանավորվում է Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկաթուղային հաղորդակցության բացում` Վրաստանի տարածքով.
4.Նույն 2014 թվականի փետրվարին Ադրբեջանը երկու ռազմական արբանյակներ կարձակի, ինչը իսրայելական արտադրության անօդաչու սարքերի հետ մեկտեղ էապես կավելացնի նրա ռազմահետախուզական հնարավորությունները:
Ըմբռնելով հայկական կողմի համար ստեղծված վիճակի ամբողջ կործանարարությունը` իմ լռությունը պաշտպանության հարցերում հավասարազոր կլիներ դավաճանության: Մեզ մնում է ծայրահեղ սահմանափակ ժամանակ (փաստացի 10 ամիս) իրադրությունը փոխելու համար:
Այս կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում փոխել հակառակորդի հավանական հարվածը կասեցնելու ուղղությամբ հայոց զորքերի նախապատրաստման մարտավարությունը` մարտական գործողությունների նախաձեռնությունը խզելու, անձնակազմի կորուստները նվազագույնի հասցնելու և միաժամանակ թշնամուն մարտի սեփական պայմանները թելադրելու նպատակով: Սրա համար անհրաժեշտ է ձեռք բերել արդիական սպառազինության և մարտական տեխնիկայի հետևյալ տեսակները (ցուցակը կցվում է), ինչի շնորհիվ մենք ի զորու կլինենք ինչպես հաղթելու հակառակորդին, այնպես էլ` հետաձգելու ռազմական գործողությունների սկսման ժամկետները (Սամվել Բաբայանի ներկայացրած սպառազինության և մարտական տեխնիկայի ցուցակը, հասկանալի պատճառներով, չենք հրապարակում,- խմբ.):
Հակառակ դեպքում մենք մեծ կորուստներ կտանք և կստանանք նշանակալի նյութական ավերածություններ, ինչը կհանգեցնի […]
Եթե մենք ի վիճակի չենք ձեռք բերելու առաջարկվող ռազմական տեխնիկան` ժամանակի սահմանափակության հաշվառումով կամ այլ պատճառներով, ապա […]
Իմ առաջարկած ուղին, կարծում եմ, միակ ճշմարիտն է, որը թույլ կտա մեզ նվազագույն կորուստներով տանել 100%-անոց ռազմական հաղթանակ և հակառակորդին պարտադրել հայկական կողմի համար շահեկան պայմաններով քաղաքական փաստաթղթի ստորագրում: Ձեռք բերելով նշված սպառազինությունն ու մարտական տեխնիկան` մենք էապես (3-4 անգամ) կխնայենք մարդկային ռեսուրսը: Այսպիսով, սույն առաջարկությունը հաշվի է առնում մեր կողմի մարդկային հնարավորությունների սահմանափակությունը և չի պահանջում մասշտաբային զորահավաք:
Միաժամանակ առաջարկվող ռազմական տեխնիկայի մարտական հնարավորությունները կաթվածահար կանեն հակառակորդի նախաձեռնությունը, թույլ կտան զրկել նրան հարձակողական ունակություններից, վերահսկել կրակի խտությունը, ոչնչացնել օդուժի և հրետանու ոլորտում Ադրբեջանի ունեցած գերազանցությունը, ինչպես նաև ձեռնամուխ լինել ԼՂՀ Պաշտպանության բանակի հակահարձակմանը:
Ես պատրաստ եմ, Ձեր ներկայությամբ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական մասնագետների և փորձագետների հետ համատեղ քննարկելու իմ առաջարկած` հայոց բանակի արդիականացման և ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վարման տակտիկայի տարբերակը, թե ինչպես կարելի է ռազմարվեստի տեսության և պրակտիկայի տեսանկյունից մղել առաջիկա պատերազմը: Վստահ եմ, որ ռազմական մասնագետները 100%-ով կհամաձայնեն իմ առաջարկություններին: Իսկ եթե նրանք ծանոթանան ձեռքբերման համար առաջարկվող սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցակի մարտավարատեխնիկական բնութագրերին, ապա իմ անձնական ներկայությունը կարող է կորցնել իմաստը:
Այսպիսով, իմ առաջարկությունները ոչ մի կերպ կապված չեն կարիերային աճի անձնական մտահոգությամբ, այլ թելադրված են դրության իրատեսական գնահատանքով և ազգի շահերով: […]
Հիշյալ հիմնահարցերի լուծման ձգձգումն ու անվճռականությունը կանդրադառնան ազգային աղետով:
Հուսով եմ և ապավինում եմ ստեղծված իրավիճակի խորության Ձեր ըմբռնմանը և քաղաքական ողջամտությանը»:
«Սամվել Բաբայան. վերադարձ» քաղաքացիական նախաձեռնություն