Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որ պատերազմ չլինի ներսում

Ապրիլ 15,2016 20:30

Մեր նահատակված զինվորներն իրենց կյանքով պետությունը
փրկելու մի վերջին հնարավորություն են մեզ նվիրել

Ռուսաստանը կորցնում է հայաստանցիների վստահությունը: Մոտ ապագայում Ռուսաստանը, եթե ցանկանա վերականգնել հարգանքն ու արժանանալ հայերի վստահությանը, դա անել չի կարող: Ռուսաստանը տիրացել է Հայաստանի տարածքին, բայց չի տիրացել Հայաստանի քաղաքացիներին, ու մի օր Ռուսաստանում կգիտակցեն, որ կորցրել են ամենակարեւորը` հայերի վստահությունն ու հարգանքը:

Ռուսական զենքով արյուն է թափվել Ալիեւի սանձազերծած պատերազմում, ռուսները կասեցրել են հայերի առաջխաղացումը` հրադադար պահանջելով, ու հիմա, Աստված գիտե, թե էլ ինչ են մտմտում եւ ամենակարեւորը` ում համար են մտմտում:

«Ռուսաստանը Հայաստանի անվտանգության երաշխավորն է» քարոզչական փուչիկը պայթել է: Ռուսաստանը չի էլ ցանկանում որեւէ բան ապացուցել, բացատրել հայաստանցիներին ու արցախցիներին:

Ծիծաղելի են այն մարդիկ, ովքեր ռուսներից ավելի շատ են ձգտում պաշտպանել ռուսական շահը Հայաստանում` «եկեք ավելի չզայրացնենք Ռուսաստանին» դեմագոգիկ բացատրություններով: Նրանք չեն հասկացել, որ ռուսներն իրենց պաշտպանության կարիքը չունեն ու գիտակցված են բռնել Ադրբեջանի կողմը:

Ռուսաստանի համար հիմա ավելի կարեւոր է Ալիեւի կարծիքն ու ադրբեջանական ժողովրդի կարծիքը, դրա համար, օրինակ` Մեդվեդեւն իրեն պարտավորված զգաց Երեւանից Բաքու թռչել ու ծաղիկներ դնել Բաքվի շեհիդների պուրակում ու Հեյդար Ալիեւի գերեզմանին:

Դեռ պատասխանի է սպասում հարցը` Ադրբեջանի ագրեսիայի որոշմանը որքանո՞վ է տեղյակ եղել Ռուսաստանը: Եթե Մոսկվան իմացել, բայց լռել է, թաքցրել է ռազմավարական դաշնակից Հայաստանից հարձակման որոշումը` սա էլ մի նոր մտորելու խնդիր է:

Մեծ գին ենք վճարել մի քանի օր առաջ` ռազմի դաշտում հակառակորդին հետ շպրտելով: Այս հրադադարը ձեւական է, ամեն օր խախտվում է: Չի բացառվում, որ Ադրբեջանը ռուսական զենքով նորից նախահարձակ լինի, քանի որ հայկական բանակը հօդս է ցնդեցրել Բաքվի ահաբեկչական ծրագրերը:

Բայց հայ զինվորը բացահայտել է ոչ միայն մեր անպարտելիությունը, այլեւ շատ այլ բացասական երեւույթներ, որոնք տարիներ շարունակ չեն ցանկացել բացահայտել Հայաստանի իշխանություններն ու ընդդիմությունները:

Թվում էր, թե ամբողջ աշխարհը գիտի, թե ինչ է իրենից ներկայացնում սանձարձակ Ալիեւը ու այսօրվա Ադրբեջանը, բայց դա չխանգարեց, որպեսզի Ադրբեջանը դիմի նոր ահաբեկչության:

Թվում էր, թե հայկական կողմի դիրքերն ամուր են Ղարաբաղյան կարգավորման գործընթացում, բայց հիմա մենք կանգնելու ենք նոր՝ ավելի բարդ վիճակում` նոր բանակցություններում, եթե, իհարկե, հաջողվի Ալիեւին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ:

Թվում էր, թե մեր անվտանգության երաշխավոր Ռուսաստանը, որի հետ մենք մեր «բախտը կապեցինք»` գրեթե չորս տարի բանակցած ԵՄ Ասոցացման պայմանագիրը մի կողմ շպրտելով, մեր կողքին կլինի, բայց նա այսօր սպասարկում է Ադրբեջանի շահերը` «չեզոքություն» խաղալով քառօրյա պատերազմի ողջ ընթացքում:

Թվում էր՝ 1994 թվականին հակառակորդին զինադադար պարտադրած ժողովրդի հետ աշխարհը պետք է խոսի այլ ձեւով, բայց պարզվեց՝ մենք մեր հաղթանակը մսխել ենք` թերագնահատելով հակառակորդին, ու հիմա վիրավորվում ենք, թե ինչու աշխարհն այլ լեզվով չի խոսում ալիեւյան ռեժիմի հետ:

Եկեք մեզնից բացի՝ ոչ մեկին չմեղադրենք: Հակառակորդը չի փոխվել ու չի փոխվելու: Մենք պետք է փոխվեինք` ամուր պետականություն կառուցելով, որպեսզի փոխեինք հակառակորդին ու մեր դաշնակից ու բարեկամ երկրներին ու ստիպեինք նրանց հաշվի նստել Հայաստան պետության շահի հետ:

Մենք այլեւս չենք կարող գլուխ գովել, որ 1994թ. զինադադար ենք պարտադրել հակառակորդին` պատերազմի դաշտում տարած հաղթանակները նաեւ դիվանագիտական ճակատում ենք ամրագրել, որովհետեւ դրա արդյունքում ամեն օր թուլացրել ենք այդ փաստացի հաղթանակները երկու ճակատներում էլ:

Հայաստանի իշխանությունները ժամանակ չունեն, արագ որոշումներ կայացնելու ու քայլեր իրականացնելու ժամանակն է: Օրերի ու ժամերի հարց է: Այսպես ինքնահոսի թողնել չի կարելի, որովհետեւ մի օր ներսում կպայթի ամեն ինչ, եւ այլեւս ոչինչ վերահսկել չի հաջողվի. Հայաստանի փոխարեն կորոշեն ամեն ինչ, իսկ Հայաստանի պատասխանատուները` հասարակության հետ միասին, այդ որոշումների մասին կտեղեկանան ռուսական մամուլի էջերից…

Մեր նահատակված զինվորներն իրենց կյանքով պետությունը փրկելու մի վերջին հնարավորություն են մեզ նվիրել:

Դեռ էլի ուշ չէ, ամեն ինչ կարելի է շտկել` ցանկության դեպքում: Պարզապես պետք է գիտակցել, որ սա մեր վերջին հնարավորությունն է` պետության ամրացման հարցում: Մենք այլեւս չենք ստանա այդ հնարավորությունը: Կամ եթե նույնիսկ ունենանք նման մի փոքրիկ հնարավորություն` մեզ թույլ չեն տալու այդ հնարավորությունից օգտվել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2016 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    «հնարավորություն», անկասկած

    սակայն՝ «վերջին», ոչ

    հետաքրքիր paradoxe մըն է այս ռուսական տիպի չափազանցեալութեան հակումը (ամէն բան վերջանա՛կ անդունդի սեմին է, ամէն բան մահուկենա՛ց է, հեսա աշխարհը աւարտելու է արդէն, եւայլն.), գրիչի մը տակ որ ընդհանրապէս խիստ ու անողոք է է ռուսների նկատմամբ:

    (ի դէպ, առիթը կ’օգտագործեմ նշելու որ, նոյն հակասութեան հիման վրայ, նաեւ բաւական ալ ռուսի ես նմանում, Էմմա: Գեղեցիկ ռուսուհիի, անշուշտ…

    Անձնական ակնարկութիւն չէ ասիկա, քանզի կապ ունի յօդվածների տեւական բովանդակութեան հետ: Իսկ ամէն դէպքում, compliment է: )

  2. Լևոն Մելքումյան says:

    Հարգելի Հ․Շ․, երևում է պատկերացում չունեք, թե ո՞վ է ռուսը, սակայն ձեզ, չգիտես ինչու, իրավունք եք վերապահում՝ մեղմ ասած, իրականության հետ ոչ մի կապ չունեցող դատողություններ անել:

    • Հ.Շ. says:

      յուզական, կրքոտ, դրամատիկական չե՞ն, ռուսերը…

      գոնէ այդ հաւաքական դիմագիծը ունին

      (իսկ տեսքի կապակցութեամբ, ըստ ձեզի,
      հաճոյախոսությո՞ւնս ալ ուրեմն չի համապատասխանում որեւէ իրականութեան… «ոչ մի կապ չունեցող» …

      կարծիք է…)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930