Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իշխանությունը պիտի փոխի իր վարքագիծը»

Ապրիլ 15,2016 19:00

Ժիրայր Սեֆիլյանի կոչերը ՎՍԴՀԿ ատենապետ
Լյուդմիլա Սարգսյանը «քաղաքական անհեռատեսություն» է որակում

«Առայսօր Ժիրայր Սեֆիլյանն ինձ համար մնացել է որպես քաջ հրամանատար, բայց այն կոչերը, որոնք երեկ հնչեցրեց ինքը` չենթարկվել բանակի գերագույն գլխավոր հրամանատարին եւ զինվորական ղեկավարությանը, իմ կարծիքով՝ զինվորական ճանապարհ անցած մարդու կոչեր չեն: Զինվորական ճանապարհ անցած մարդը չի կարող չգիտակցել, որ եթե այդ կոչերին արձագանքողներ լինեն, դա կբերի քաոսային վիճակի, որի տակից ոչ Ժիրայր Սեֆիլյանը կարող է դուրս գալ, ոչ էլ որեւէ մեկը, ոչ էլ գերագույն գլխավոր հրամանատարը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՎՍԴՀԿ ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը: Երեկ հրավիրված մամուլի ասուլիսում, հիշեցնենք, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Նոր Հայաստան» շարժման քաղխորհրդի համակարգող Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ էր անում չենթարկվել ու առաջ գնալ` ավարտելու համար 1994-ին կիսատ թողած գործը: Ամսի 2-ից մինչեւ հիմա` այս պատերազմական ընթացքում, մեր զրուցակցի համոզմամբ, մեր հիմնական ձեռքբերումն այն է եղել, որ հասկացել ենք` կարող ենք կանգնել Արցախն ու Հայաստանը կորցնելու առջեւ, քանի որ ակնհայտ են այս ամենի շահագրգիռ պետություններն ու նրանց արձագանքը: Տիկին Սարգսյանը նկատի ունի հիմնականում Թուրքիային եւ նրա ջանքերը` այս կոնֆլիկտը կրոնական հարթություն տեղափոխելու:

«Այս իրավիճակում նման կոչերով դիմելը քաղաքական անհեռատեսություն է, եթե ավելին չասեմ»,- ասաց տիկին Սարգսյանը` հավելելով, որ Հայաստանում քիչ կան մարդիկ, որոնք հիացած են մեր իշխանություններով, բազմաթիվ թերություններ կան կառավարման այս համակարգում, որը այստեղ բնակվող մարդու համար բազմաթիվ անհարմարություններ է ստեղծում. «Սոցիալապես անապահով ժողովուրդը սովորաբար ոչ միայն չի ընդունում իշխանությանը, այլեւ ատում է, բայց այս համախմբման արդյունքում մի կարեւոր հանգամանք արձանագրեցինք` մեր հասարակությունը շատ բարձր գիտակցություն ունի եւ անկախ առկա խնդիրներից, իշխանության նկատմամբ դժգոհություններից՝ գիտակցեց, որ այս պահին մեզ միայն համախմբումը կարող է փրկել: Սա, իհարկե, իշխանությանը չի ազատում այն բոլոր մեղքերից, որ ունի: Բայց այս պահին մեր զինվորի թիկունքին կանգնելով՝ մենք կարողացանք այս փորձությունից պատվով դուրս գալ»:
Ստեղծված իրավիճակում ճիշտ չէ՞, որ Հայաստանն ավելի կոշտ եւ սկզբունքային քաղաքականություն սկսի վարել, քանզի պատմությունից էլ հայտնի է, որ նման իրավիճակներում մշտապես հապաղել ենք ու մշտապես էլ կորցրել: Մեր թուլության արտահայտությունը չէ՞ր, օրինակ, վարչապետի` Մոսկվայում ԵԱՏՄ վարչապետների նիստին մասնակցությունը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ես այդպես չէի գնահատի այդ քայլը:

Վստահ եմ, որ այդ հարցը շատ լուրջ քննարկվել է: Եթե մենք դեմարշ անեինք, այս իրավիճակում դա զուտ քաղաքական բնույթ էր կրելու: Բայց ի՞նչ էր դա մեզ տալու: Ես կարծում եմ՝ առանձնապես ոչինչ: Եթե մենք որոշում ունենայինք խզել կապերը ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի հետ, նման քայլ անելն իմաստ կունենար, բայց եթե ընդամենը նեղացած կեցվածք պետք է ընդունեինք` անիմաստ էր: Անկախ նրանից, թե ինչ գնահատականներ ենք տալիս այս իրավիճակում ՌԴ-ի քայլերին, ես կարծում եմ, որ ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում մեր համագործակցությունն անհրաժեշտ է»: Չվիճարկելով բերված բոլոր փաստարկներն այս պատերազմական օրերին ՌԴ-ի կրավորական կեցվածքի առումով, այդ թվում նաեւ Ադրբեջանին զենք վաճառելու իրենց պատրաստակամության մասով՝ տիկին Սարգսյանն ասում է. «Մենք միշտ էլ մենակ ենք եղել: Ես երբեք էլ պատրանք չեմ ունեցել, որ թեկուզ դաշնակից երկրները մարտի դաշտում մեր խնդիրները պիտի լուծեն: Մեր զենքը մեր զինվորն է, մեր հասարակությունը, արդար կառավարման համակարգը, որն այսօր այդպիսին չէ: Կարծում եմ՝ իրավիճակից հետեւություններ անելով, իշխանությունը պետք է վերախմբագրի իր մոտեցումը դեպի հայաստանցին: Ես նկատի ունեմ, որ մեր կողքին են ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները, որոնք մեր չափ մտահոգ են մեր սահմանների պաշտպանության հարցով: Իշխանությունը պիտի փոխի իր վարքագիծը: Այս օրերին ժողովրդի վարքագիծը փաստեց մի բան, որն իշխանությունը չէր ցանկանում տեսնել` մեր երկրում կարեւորագույն գործոնը ժողովուրդն է. ոչ իշխանությունն է, ոչ օլիգարխները, ոչ զենքի նորագույն տեսակների առկայությունը: Մեր կապիտալը մեր ժողովուրդն է, եւ ադ ժողովուրդը արժանի է ավելի բարեկեցիկ եւ ավելի արդար Հայաստանում ապրելու»:

Սոցիալական ցանցերում շատ քննարկվեց հարուստներին կուլակաթափ անելու եւ այդ կարողություններով բանակին սպառազինելու հարցը, քանի որ տարիներ շարունակ մեզ մատուցվել է, թե մեր բանակը լավ զինված է, բայց կյանքը ցույց տվեց, որ դա այնքան էլ այդպես չէ: Տիկին Սարգսյանն ասում է` ռազմական փորձագետ չէ եւ չի ցանկանում այս առումով մանրամասների մեջ մտնել, բայց մի հռետորական հարց հնչեցնում է. «Իսկ չե՞ք մտածել, որ մենք մեր ամբողջ զինանոցը չենք օգտագործել, քանի որ բոլորս էլ լավ հասկանում ենք` սա շատ դաժան, շատ մեծ կորուստներով, բայց էպիզոդիկ պատերազմ էր, ու չի բացառվում, որ առաջիկայում մեզ ավելի դաժան օրեր են սպասվում»: Նա չի ցանկանում արդարացնել` եթե կան փաստեր, որ զինատեսակների պակաս կա, իշխանությունն իր մեղքի բաժինն ունի. «Տարիներ շարունակ այն համատարած թալանը, որը երկրում տեղի է ունեցել եւ գնացել է մասնավոր մարդկանց գրպանները, նաեւ բանակի սպառազինման հաշվին է եղել: Ստացվում է, որ միայն հասարակ քաղաքացու զրկանքների հաշվին է եղել այն սպառազինությունը, որն այսօր բանակն ունի»:

Չորսօրյա պատերազմի առաջին օրերին Լյուդմիլա Սարգսյանը կանանց զորագունդ հավաքելու կոչ էր արել: Նաեւ պաշտոնապես դիմել էր ՀՀ պաշտպանության եւ առողջապահության նախարարներին: Առողջապահության նախարարից նամակ է ստացել` հարցը պետք է քննարկել տարածքային կառավարման նախարարի հետ, քաղծառայության ոլորտն Արմեն Երիցյանի իրավասության ներքո է: Լյուդմիլա Սարգսյանն արդեն պաշտոնական նամակով դիմել է Արմեն Երիցյանին, կփորձի հանդիպել, հարցը դեմ առ դեմ քննարկել. «Այն համախմբվածությունը, ոգին, որն այսօր կա մեր երկրում, մեզ թույլ չի տալիս հանդարտվել»: Անկախ պատկան պետական մարմինների արձագանքից՝ Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ պարտավոր ենք մոբիլիզացիա ապահովել, քանի որ Հայաստանում կանայք բնակչության կեսից ավելին են, եւ այդ լրջագույն պոտենցիալը պետք է օգտագործել:

Բերելով Իսրայելի օրինակը` նա կրկնում է հայ կանանց ու աղջիկներին ուղղված իր կոչը` պարտավոր ենք քաղաքացիական պաշտպանության դասընթացները ստանալ, կրակել սովորել ու թիկունքում էլ ավելի ուժեղ ու ինքնավստահ լինել. «Թշնամին պետք է իմանա` գործ ունի ոչ միայն սահմանին կանգնած քաջ զինվորի հետ, այլեւ ողջ Հայաստանն է զինվոր»: Տիկին Սարգսյանը բարձրացնում է նաեւ սահմանամերձ Թալիշի, Մատաղիսի, Մարտունու շրջանի բնակիչներին հոգեբանական օգնություն ցույց տալու հարցը. «Այդ մարդկանց պետք է թե հոգեբանորեն, թե ֆիզիկապես, թե քաղաքականապես պատրաստել: Սահմանամերձ բնակավայրում բնակվող յուրաքանչյուրը պետք է իմանա նման իրավիճակում ինչպես դրսեւորել իրեն: Յուրաքանչյուրը պետք է հասկանա, որ իր թիկունքում իր երկիրն է, որը մտահոգ է իր հոգեբանական եւ պաշտպանական հարցերով: Եթե չկարողանանք այդ գյուղերը բնակեցնել, կկորցնենք դրանք: Զինվորն ուժեղ է, երբ թիկունքում ժողովուրդ է կանգնած»:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930