Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստի ժամանակ հրավիրեց ռուս գործընկերներին Ղարաբաղ՝ իրենց աչքերով տեսնելու 4-օրյա պատերազմի հետքերը, լսել կրակահերթերի ձայները:
Մեր հարցին՝ Կորյուն Նահապետյանի հրավերն ընդունեցի՞ն՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Եթե գնան, դա լուրջ բարոյական քայլ կլինի իրենց կողմից: Ամեն դեպքում ես շեշտեցի նիստում, որ շնորհակալ ենք, որ եկել եք եւ ԵԱՏՄ նիստի նման խայտառակ որոշում չեք կայացնել, որ չգաք ՀՀ-ում նիստ անեք»:
Սակայն ավելի ուշ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ ռուսները չեն գնա Ղարաբաղ. «Գնալու են Գյումրի: Իրենց գալու հիմնական նպատակը դա է: Գյումրի այցելությունն էլ է շատ օգտակար, թող գնան: Նրանք Ղարաբաղ գնալու առաքելությամբ չէին եկել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ