Լրահոս
«Ուղղական հոլով»
Օրվա լրահոսը

«Սիրե՛ք ադրբեջանցիներին ինչքան ուզում եք, բայց ոչ մեր հաշվին». Խոսրով Հարությունյանը՝ ռուս պատվիրակներին

Ապրիլ 15,2016 16:36

Մեր տեղեկություններով՝ այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստի ժամանակ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը բավականին կոշտ ելույթ է ունեցել՝ նետելով ռուսական կողմին, որ ռուս-հայկական բարեկամությունը միայն մեզ պետք չի, ձե՛զ էլ է պետք:

Aravot.am-ի հետ զրույցում Խոսրով Հարությունյանից ճշտեցինք դա: «Ինչո՞ւ եք համարում դա կոշտ հայտարարություն»,- հակադարձեց նա:

Մեր դիտարկմանը, որ իշխանության ներկայացուցիչները սովորաբար դա ռուսների երեսին չեն ասում՝ նա պատասխանեց. «Շատ դեպքերում հրապարակավ դա չեն անում՝ հասկանալի պատճառներով: Համաձայնեք, որ ընդդիմությունն այդ տեսակետից ավելի անկաշկանդ է: Այդուհանդերձ, ես այն կարծիքին եմ, որ զարգացումների ներկա փուլում ավելի ճիշտ է իրերն իրենց անունով անվանել, ճիշտ գնահատականներ տանք: Մի բան ակնհայտ է՝ ՌԴ-ի ռազմավարական գործընկերությունը ակնհայտորեն բխում է մեր շահերից, բայց նույնքան ակնհայտ է, մեր ռուս գործընկերներն էլ պետք է իմանան, որ ՀՀ-ի անվտանգությունը բխում է նաեւ ՌԴ-ի՝ հարավային ուղղությամբ ռազմավարական հետաքրքրություններից:

Միակ պետությունը այս տարածաշրջանում, որի շահերը համընկնում են ՌԴ-ի երկարաժամկետ շահերի հետ՝ ՀՀ-ն է: Հետեւաբար 102 ռազմաբազայի առկայությունը ՀՀ-ում, ռազմատեխնիկական համագործակցությունը դա ոչ թե արվում է նրա համար, որ հայերին շատ են սիրում, կամ սիրուն աչքերի համար: Մենք խոսում ենք այն մասին, որ հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը հավասար չափով երկուստեք անհրաժեշտ են՝ ոչ ավել, ոչ պակաս: Ինչքան ռուսներն են մեզ պետք, այդքան մենք ենք ռուսներին պետք:

Սա չի նշանակում, որ մենք խանդով պետք է վերաբերվենք ՌԴ-Ադրբեջան փոխհարաբերություններին, այդ հարաբերությունների բարելավմանը: Ճիշտ հակառակը, ես այդ մասին նույնպես ասել եմ՝ ՌԴ-Ադրբեջան ռազմավարական գործընկերությունը օգտակար է տարածաշրջանի համար, խաղաղ կարգավորման համար, բայց այդ հարաբերությունները չեն կարող կառուցվել՝ ի հաշիվ ՀՀ-ի եւ Արցախի անվտանգության, վե՛րջ, ուրիշ խնդիր չի կարող լինել: Սիրե՛ք իրար, հարաբերվեք ինչքան ուզում եք, բայց ոչ մեր անվտանգության հաշվին: Սա գիտակցում են մեր գործընկերները ՌԴ-ում: Սա ճիշտ է երբեմն բարձրաձայնել, որովհետեւ շատերի մոտ ռուսական քաղաքական վերնախավում կա այն կարծիքը, որ գիտեք, армянам все равно некуда деться: Ես այդ կարծիքին չեմ: Սա 20-րդ դարի սկիզբը չի, սա 21-րդ դարն է՝ բոլորովին այլ հնարավորություններով: Եվ դերակատարներն են փոխված թե՛ ռեգիոնալ, թե՛ արտառեգիոնալ, ե՛ւ խնդիրներն են փոխված: Հետեւաբար մենք գտնում ենք, որ այդ ռազմավարական գործընկերությունը բխում է երկու պետությունների շահերից»:

Մեր հարցին՝ ի՞նչ արձագանք եղավ ռուսական կողմից ձեր այդ դիտարկումներին՝ Խոսրով Հարությունյանը պատասխանեց, որ որոշներն ընդունել են. «Բոլորովին պետք չի, որ իրենք վեր կենան ու ասեն՝ վայ, դուք ճիշտ եք ասում, իրենք բոլորն էլ շատ լավ հասկանում են: Իրենք դա գիտակցում են, այլ հարց է՝ արդյո՞ք նրանց ձեռնտու է դա բարձրաձայնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ Արամյան says:

    Պարոն Հարությունյանը միշտ էլ իրերը և երևույթները իրենց անունով է կոչել։ Կեցցեք պարոն Հարությունյան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930