Դատարանը հրապարակեց Վալերի Պերմյակովի նախաքննական ցուցմունքը, այնուհետ ցուցադրվեց նույն ցուցմունքի տեսաերիզը, որտեղ ռուսական կողմի քննիչը նրան հարցեր էր տալիս:
Քննիչի հարցին՝ արդյոք մտադրվա՞ծ էիք նորից վերադառնալ ռազմաբազա, Պերմյակովն ասաց, որ մի քանի ժամով էր դուրս եկել: Հարցին՝ դուք օգտագործե՞լ եք ձեզ ամրակցված զենքը, Պերմյակովն ասաց՝ այո, կրակել եմ:
Պերմյակովի մի քանի ցուցմունքներ հրապարակվեցին, որտեղ կային հակասություններ. որպես կասկածյալ հարցաքննելիս Պերմյակովը նշել էր, որ մտել է Ավետիսյանների տուն՝ ջուր խմելու նպատակով, իսկ որպես մեղադրյալ իր տված ցուցմունքում ասում է, որ Ավետիսյանների տուն մտնելու դրդապատճառը եղել է հագուստ վերցնելը:
Դատարանում հրապարակված տեսաերիզում Պերմյակովը պատմում է, որ Ավետիսյանների տուն մտնելիս առաջին սենյակում պառկած աղջիկը վերցրել է հեռախոսը, սպառնացել զանգել ոստիկանություն, մյուսներն արթնացել են, եւ ինքը սպանել է բոլորին: Պերմյակովը նշում է, որ վեց անձի վնասել է իր զենքով, իսկ երեխային հարվածներ է հասցրել սվին-դանակով: Ի՞նչ նպատակ եք հետապնդել՝ հարցրեց քննիչը: «Մեկին կրակեցի, մյուսներին ինքնաբերաբար ստացվեց, սպառնացին ոստիկանություն կանչել, եւ վերջ»,- ասաց Պերմյակովը:
Կարդացեք նաև
Պերմյակովը իր ցուցմունքում նաեւ պատմում է, որ տան երկրորդ սենյակից սպանված կնոջ մահճակալի կողքից (խոսքը Հասմիկ Ավետիսյանի մասին է, տանտիրուհու) գտել է պայուսակ, պայուսակի դրամապանակից հանել է 5000 դրամ, ինչպես նաեւ վերցրել է հեռախոսներ: Իր հետագա ցուցմունքներում Պերմյակովը նշում է, որ հեռախոսները վերցրել է վաճառելու նպատակով:
Քննիչի հարցին՝ ի՞նչ պատճառով մեծահասակ մարդկանց կրակելուց հետո երեխային սվին-դանակով վնասեցիր, Պերմյակովը նշում է, որ իր ինքնաձիգը արգելափակվեց, դրա համար փոքր տղային սպանեց սվին-դանակով:
Քննիչը նաեւ հետաքրքրվեց, թե նախապես գիտե՞ր այդ տան տեղը, ծանո՞թ էր ընտանիքի անդամներին, Պերմյակովը նշեց, որ ծանոթ չի եղել, «ուղղակի կրակեցի, սպանելու մտադրություն չունեի, ստացվեց, քանի որ սպառնում էին զանգել ոստիկանություն»:
Ռուս քննիչի այն հարցին, թե ինչպես է կողմնորոշվել մութ սենյակում, Պերմյակովը պատասխանել էր, որ սկզբում լուսավորել է իր լապտերով, հետո լույսը վառել է: Իր հետագա ցուցմունքներում Պերմյակովը նշում է, որ այդ ամենը կատարել է մթի մեջ:
Քննիչը հետաքրքրվեց՝ ինչո՞ւ է զենքը բազմոցի տակ դրել ու հագուստը թողել Ավետիսյանների տանը: Պերմյակովը նշում է՝ «ցանկանում էի, որ ինձ չբռնեին»: Նա նաեւ պատմում է, որ տնից վերցրել է տաբատ, սպորտային կոշիկներ, բաճկոն: Նա իր ցուցմունքում ասում է, որ զղջում է կատարվածի համար: Հարցին՝ ի՞նչ վիճակում ես գտնվել, արդյոք ալկոհոլի ազդեցության տակ կամ նյարդային լարվածության մեջ չե՞ս գտնվել, Պերմյակովն ասաց՝ ոչ: Ավետիսյանների ընտանիքի սպանությունը մանրամասնելիս Պերմյակովը նշեց, որ երրորդ սենյակում գտնվող կինը (խոսքը տան հարսի մասին է) նույնպես վերցրել է հեռախոսը, ուզել է զանգել ոստիկանություն: Ըստ Պերմյակովի, ինքն այս սենյակում լսել է ճիչ, տեսել է փոքրիկ մահճակալի մեջ կանգնած երեխայի ու ձեռքը ձգանի վրայից չհանելով՝ սկսել է կրակել: Փաստորեն, փոքրիկ Հասմիկին սպանել է մահճակալի մեջ կանգնած: Հետո լսել է երեխայի թույլ լաց:
Ինքնաձիգն արգելափակվել է, մոր մոտ՝ մահճակալի մեջ տեսել է փոքրիկ տղային, նրա լացի ձայնը կտրել է խոցելով սվին-դանակով: «Սպանեցի, որպեսզի որեւէ մեկը չմնա»,- ասում է նա: Հարցին՝ երեխայի մարմնի ո՞ր մասին է հարված հասցրել, Պերմյակովն ասում է, որ չի հիշում, քանի որ երեխան ծածկոցի տակ էր:
Ի դեպ, Պերմյակովը նշում է, որ Ավետիսյանների տանը մնացել է 10-15 րոպեից ոչ ավելի: Այսինքն՝ 7 սպանությունը կատարել է 10-15 րոպեի ընթացքում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ