Այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ դռնփակ նիստն է:
Մեզ հետ զրույցում նիստին մասնակցող ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցին՝ ՌԴ-ի նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն նկատո՞ւմ եք՝ նա պատասխանեց. «Այո, վերաբերմունքի փոփոխություն կա, դա զգացվում է, փորձ է արվում մի քիչ ավելի կոնստրուկտիվ ներկայացնել, քան մենք ենք անում, բայց փոփոխություն կա: Մեր իշխանությունները երկար տարիներ իրենց ելույթներում նշել են, որ պետք է ԵՏՄ մտնենք, որովհետեւ անվտանգության հարց է, իրենց բերված փաստարկներն այսօր փլուզվել են: Եվ հենց դա է հիմք հանդիսացել իրենց վերաբերմունքը փոխելու: Իրենց բոլոր հիմնավորումները, թե Ադրբեջանի զենքը մեր դեմ չի կիրառվի եւ այլն, այս ամեն ինչը հիմա հօդս է ցնդել: Ռազմավարական գործընկերության շոշափելի քայլ չենք տեսնում»:
Էդմոն Մարուքյանի խոսքերով՝ մեր իշխանություններն արդարացնում էին նախկինում. «Ասում էին՝ դուք չգիտեք, էդ նույն զենքերը մեզ էլ են վաճառել: Էս օրերին տեսանք՝ բա ո՞ւր են այդ զենքերը վաճառված, ի՞նչ են վաճառել»:
Թե ինչպես են արձագանքել ռուս պատվիրակները հայկական կողմի բարձրացրած հարցերին՝ Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Ճիշտն ասած, ոչ մի մասով էլ բացատրություններ չեն եղել, որովհետեւ մեր փաստարկները շատ ուժեղ են հիմնավորված: Ի՞նչ ասեն, ասեն, որ զենք չե՞ն վաճառել, ասեն, որ իրենց վաճառած զենքից չե՞ն կրակել: Ասելիքը շատ թույլ է: Եղան արձագանքներ հիմնականում, որ եկեք ավելի կոնստրուկտիվ լինենք, մենք եղբայրական ազգ ենք եւ այլն: Նմանատիպ բաներ էին ասում»:
Կարդացեք նաև
Նիստի ժամանակ նաեւ ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հայտարարության հետ կապված են անգամ քննարկել. «Խոսակցություններ եղան մեր կողմից, ինչին ի պատասխան ասվեց, որ տեղին չի եղել դա եւ ժամանակին չի եղել: Մոտավորապես այսպես ասացին՝ նշելով, որ նա ուղղել է իր խոսքը: Ասում էին, որ համամիտ չենք նրա հետ, դա տեղին չէր, ժամանակին չէր, ավելի սրեց իրավիճակը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ