Լրահոս
Օրվա լրահոսը

«Ստեղծված իրավիճակից դուրս գալու համար ժամանակը սրընթաց կերպով սպառվում է»

Ապրիլ 15,2016 18:30

Արման Մելիքյանը՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման
եւ մեր արտաքին քաղաքականության մասին

– Պարոն Մելիքյան, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, վկայակոչելով ԼՂ հիմնախնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, այլ միջազգային կառույցների հայտարարությունները, Հանրային հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում շեշտեց՝ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով: Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են համաչափ մեր կողմի ու միջազգային հանրության կոչերն ու Ադրբեջանի ռազմատենչ քայլերը. ի վերջո՝ բանակցային գործընթացը նորից բերեց Ադրբեջանի կողմից սկսված պատերազմի:

– Իրականությունը սրա-նրա հայտարարություններով չի չափվում, սակայն, դատելով Հայաստանի պետական պատասխանատուների պաշտոնական պահվածքից, վերջիններս դժվարություններ ունեն այս ճշմարտությունը համարժեքորեն ընկալելու հարցում: Թող պարոն Նալբանդյանն ու մնացյալն այժմ պատասխան տան, թե ինչու, հակառակ մինչ այժմ խաղաղ բանակցային կարգավորման օգտին ամենաբարձր մակարդակներում հնչեցված հայտարարությունների, Ադրբեջանը նախաձեռնեց այս քառօրյա պատերազմը: Թող բացատրեն նաեւ, թե ինչու, իմանալով հանդերձ, որ պաշտոնական Բաքուն է եղել այս ռազմական նախահարձակ գործողությունների մեղավորը, ոչ մեկը չցանկացավ սաստել Իլհամ Ալիեւին: Վստահ եմ, որ մեր պատասխանատուներն այս հարցերի պատասխանը չունեն, եւ միակ բանը, որ գուցե փորձեն անել, դա անպտուղ, վհատեցնող եւ մեր բարոյական ուժերը մաշեցնող օտար վհուկների որսն է, մինչդեռ այժմ մենք պետք է միանգամայն այլ կարգի խնդիրներ լուծենք, իսկ քննական հայացքով էլ առաջին հերթին ինքներս մեզ նայենք:

– Արտգործնախարարը կարծես թե բացեց դիվանագիտական որոշ փակագծեր՝ նշելով, որ այժմ բանակցային սեղանին մնացել է Կազանի փաստաթուղթը, մնացածները Վիեննայում՝ պահոցում են, եւ սա Ադրբեջանի համար այնքան էլ ձեռնտու փաստաթուղթ չէ, այդ պատճառով էլ այդ պետությունն անընդհատ հրահրում է, լարում է իրավիճակը: Ձեր դիտարկումները. արդյո՞ք Ադրբեջանի «ջղաձգումները» այդ պատճառով են, եւ ի՞նչ եք կարծում՝ այս իրավիճակում՝ այսքան զոհերից հետո, եղած փաստաթղթերով բանակցության սեղանին նստելը ճի՞շտ է, թե՞ նոր պահանջներ կամ կարգավորման նոր ֆորմատ է անհրաժեշտ:

– Կարող եմ միայն մի բան ասել՝ մինչ այժմ սեղանին եղած եւ ոչ մի փաստաթուղթ իրապես չի արտացոլել հայկական կողմերի կամ Ադրբեջանի երկարաժամկետ ու արմատական իրական շահերը՝ դրանք բոլորն էլ հաջորդ պատերազմը նախապատրաստող լրջագույն նախադրյալներ են պարունակում: Այս արատավոր շրջանից դուրս գալ է անհրաժեշտ, սակայն դրա համար պահի թելադրանքով արվող անկանոն, հանպատրաստից արված քաղաքական ջղաձգումները միայն կնպաստեն նրան, որ մենք էլ ավելի կընկղմվենք անճարակ հուսալքության եւ շարունակական նոր մարդկային զոհեր խլող սահմանային բռնությունների ու զինված ընդհարումների ճահիճը: Մենք մեզ նման շռայլություն թույլ տալու իրավունքը չունենք:

– Հիմա հատկապես առավել քան շեշտադրվում է Լեռնային Ղարաբաղի մասնակցության անհրաժեշտությունը բանակցային գործընթացում: Այս պահանջի շեշտադրումը արդյո՞ք նորից չի դառնա Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սկսման պատճառ. դիվանագիտական, քաղաքական, գուցե իրավական ի՞նչ քայլերի միջոցով պետք է զսպվի Ադրբեջանի այսօրինակ գործողությունները, արդյոք արդյունավե՞տ են մեր դիվանագիտական, քաղաքական, իրավական ոլորտի ներկայացուցիչների քայլերը, ի՞նչ բացթողումներ ունենք:

– Չեմ ուզում մանրամասների մեջ մտնել ու կասեմ միայն, որ ադրբեջանական կողմն իր համար առավել նպաստավոր ներկայիս բանակցային պայմանները կարողացավ ձեւավորել մոտավորապես երկու տասնամյակի ընթացքում եւ դրա համար մեծ ջանքեր գործադրեց, հետեւողական աշխատանք տարավ միջազգային կառույցների, համանախագահների եւ անգամ հայկական կողմերի հետ: Արցախի իրավաքաղաքական սուբյեկտության չեզոքացման եւ բանակցային գործընթացից դուրս մղման հետեւանքները չի կարելի վերացնել ընդամենը հայտարարելով այն մասին, որ պաշտոնական Ստեփանակերտը պետք է անմիջականորեն մասնակցի բանակցություններին: Այս նպատակին հասնելու համար ուղղորդված, հետեւողական աշխատանք պետք է իրականացվի, որի հիմքում պատշաճ մասնագիտական մակարդակ ունեցող ռազմավարական ծրագիր կլինի դրված: Այս պահի դրությամբ մեր պաշտոնատարները զրկված են քաղաքական եւ դիվանագիտական գործունեության մեջ կիրառելի տարրական ուղեցույցներից, իսկ մեր այսօրվա իրականության ծայրահեղ սուր մարտահրավերներին համարժեքորեն արձագանքելու համար անհրաժեշտ գործիքակազմի առկայության մասին խոսելն անգամ ավելորդ է: Անկեղծ ասեմ՝ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար մեր բաց թողնված ժամանակը սրընթաց կերպով սպառվում է, եւ եթե իշխանությունները շարունակեն գործել այնպես, ինչպես դա արել են մինչեւ ապրիլի 2-ը, ապա մեր երկրի ապագան լրջորեն, իսկ գուցեեւ անդառնալիորեն վտանգված կլինի:
ՀՌԻՓՍԻՄԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930