Լրահոս
Օրվա լրահոսը

Շավարշ Քոչարյանը՝ ԵՏՄ-ից դուրս գալու եւ Կազանի փաստաթղթի մասին (Տեսանյութ)

Ապրիլ 15,2016 16:06
shavarsh qocharyan

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանից  հետաքրքրվեցին՝ Հայաստանի՝ ԵՏՄ-ից դուրս գալու մասին  հարց է բարձրացված: Ի պատասխան՝ Քոչարյանն ասաց. «Դա քննարկելու խնդիր է, ցանկացած հարց  ոտքի վրա չի լուծվում, ու չի լուծվում միայն այն պատճառով, որ մեր թշնամու դրդմամբ մեկը արեց սխալ քայլ, որից հետո դու ընդհանրապես խռովում, դուրս ես գալիս, դա նրա նպատակն է»:

Անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ռոգոզինի խոսքերին,  Շավարշ Քոչարյանն ասաց. «Այդպիսի ոճը չի կարող բնորոշ լինել պետական պաշտոնյային, եւ  ես այդ  նույն ոճը չեմ կարող օգտագործել»:

Փոխնախարարն արձագանքելով լրագրողների այն դիտարկմանը, որ ՌԴ-ն ոչ գործընկերային եւ ոչ ռազմական դաշնակցի պահվածք դրսեւորեց, ասաց. «Ես բազմիցս ասել եմ՝ մենք առաջին հերթին մեր հույսը պետք է մեզ վրա դնենք, մյուս կողմից՝ պետք է կարեւորենք մեր հարաբերությունները ցանկացած պետության հետ, առավել եւս՝ դաշնակիցների հետ: Ու ավել սպասելիքներ սերմանելը միայն վտանգավոր է»:

Հարցին՝ ինչո՞ւ Հայաստանը բողոքի նոտա չի հղում Ռուսաստանին՝ Ադրբեջանին մեծ ծավալի սպառազինություն վաճառելու համար, Քոչարյանն ասաց. «Որովհետեւ տվյալ տիպի հարցերը նոտայով չեն որոշվում: Ավելին ասեմ՝ նախագահի հրապարակային հայտարարությունն անհամեմատ ավելի մեծ արժեք ուներ, քան նոտան»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի՝  Հայաստան այցի մասին էլ  հարցին՝ թե  ինչո՞ւ սահմանային լարվածության օրերին նա չայցելեց, Քոչարյանն ասաց. «Մենք չենք դիմել ՀԱՊԿ խորհրդին, որ ՀԱՊԿ խորհրդից ակնկալիքներ ունենանք: Խնդիրը մեր բավարարվել-չբավարարվելը չէ, խնդիրն այն է, որ արձագանքել են»:

Մանրամասն՝ տեսանյութում

Անդրադառնալով ԼՂՀ-ի ներգրավմանը բանակցային գործընթացներին, Քոչարյանն ասաց. «Միշտ համանախագահներն ասել են, որ ինչ-որ փուլում դա լինելու է, իսկ ինչ-որ փուլը ենթադրում էր Կազանը, որտեղ, եթե երկու պետությունները ոչ թե որպես հիմք ընդունեին այդ սկզբունքները, այլ տային համաձայնություն, որից հետո պետք է Ղարաբաղն էլ տար, եւ 3-ով միասին կանցնեին մշակմանը: Այսինքն ՝ համանախագահների պատկերացմամբ, երբ որ լինի արդեն բուն պայմանագրի մշակումը, պետք է ներգրավվի: Սակայն վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ, այնուամենայնիվ, դա սխալ է՝ ինչքան շուտ մասնակցի, այնքան լավ»:

Ինչ վերաբերում է  Կազանի փաստաթղթին՝ Քոչարյանն ասաց, որ դա, ըստ էութան, նույն Մադրիդյան փաստաթուղթն է՝ որոշ փոփոխություններով. «Քանի որ փաստաթուղթը հրապարակված չէ, ես կարող եմ ասել, որ այնտեղ կան ավելի շատ դրական փոփոխություններ Հայաստանի ու Ղարաբաղի համար, եթե համեմատենք Մադրիդի հետ, ավելին չեմ կարող ասել:

Բայց մի բան կարող եմ արձանագրել, որ այն, ինչ հրապարակային տրված է համանախագահների հայտարարություններում, նույն տարրերն ու սկզբունքներն են»:

Ի՞նչ նկատի ուներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ասելով, որ ղարաբաղյան հիմնախնդրին պետք է վերաբերվել բժշկական սկզբունքով՝ մի վնասիր, արդյոք զենք վաճառելով Ադրբեջանին՝ այդ երկիրը չի՞ վնասում,  այս հարցին էլ Քոչարյանն ասաց. «Բնական է՝ մենք չենք ցանկանա, որ որեւէ մեկը վնասի: Ես չեմ կարող դա մեկնաբանել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930