Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրազդանում փորձեր են արվում լարված մթնոլորտ հրահրել». Կոտայքի փոխմարզպետ

Ապրիլ 15,2016 15:52

«Նախընտրական քարոզարշավը բնականոն քարոզարշավ էր, որն ընդմիջվեց ԼՂՀ եւ Ադրբեջանի շփման գծում ստեղծված հայտնի լարվածությամբ: Ապրիլի երկուսից, երբ մեր հայրենիքի սահմաններին հնչեցին առաջին կրակոցները, Արամ Դանիելյանի կենտրոնական ընտրական շտաբը դադարեցրեց քարոզարշավը, եւ միայն այս շաբաթվա վերջին օրերին փորձեցինք բնակիչների հետ շփումների, զրույցների տեսքով աշխատել, նախընտրական քարոզարշավ իրականացնել: Կենտրոնական հրապարակում այսօր երեկոյան կամփոփենք քարոզարշավը»,- այսպես Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը գնահատեց Կոտայքի փոխմարզպետ, գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի ընտրական շտաբի ղեկավար Կարեն Մարգարյանը:

Նա, ի դեպ, այս օրերին իր կուսակցական քաղաքապետին սատարելու համար հատուկ արձակուրդ է վերցրել. «Այո՛, արձակուրդը հատուկ այդ առաքելության համար եմ վերցրել, որ առանց որեւէ օրենքի խախտման իրականացնեմ իմ կուսակցի քարոզչությունը»:

Անդրադառնալով քաղաքապետի թեկնածու Սասուն Միքայելյանի ընտրական շտաբի ահազանգերին, թե ընտրակաշառք, տարբեր բնույթի օգնություններ են այս օրերին հրազդանցիներին բաժանում, որ ուղղորդեն հօգուտ Արամ Դանիելյանի քվեարկության, պարոն Մարգարյանն ասաց. «Այդ հարցին չէի ուզի պատասխանել, քանի որ արդեն պաշտոնապես պարզաբանել ենք, նման բան չկա: Պարզապես այս օրերին Հրազդանում փորձեր են արվում լարված մթնոլորտ հրահրել, դա այդ ժանրից է, նպատակահարմար չեմ գտնում դրա մասին խոսել: Մենք դա համարում ենք բանսարկությունների ժանրից խոսակցություններ, իրականության հետ որեւէ աղերս չունեն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930