«Առավոտ» օրաթերթի այսօրվա «Եկել վարկն էին ուզում զոհված զինծառայողի ընտանիքից» հրապարակման մեջ անդրադարձել էինք ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Վրեժ Սարգսյանի (լուսանկարում) ընտանիքին, որը բնակվում է Գեղարքունիքի մարզի Փոքր Մասրիկ գյուղում:
Մեզ հետ զրույցում գյուղապետը պատմել էր, որ Վրեժի ընտանիքը 600 հազար վարկային պարտավորություն ունի, եւ օրերս էլ «Արեգակ» վարկային կազմակերպության աշխատակիցն այցելել էր գյուղ ու ասել, որ վարկի մարման ժամկետն է, վարկն էին ուզում:
Այս առնչությամբ «Արեգակ» վարկային կազմակերպության գործադիր տնօրեն Մարիամ Եսայանն «Առավոտ»-ին վստահեցրեց, որ դա անհեթեթ թյուրիմացություն է եղել, եւ իր ղեկավարած վարկային կազմակերպության աշխատակիցը չէր կարող նման բան իրեն թույլ տալ:
Տիկին Եսայանը տեղեկացրեց, որ կազմակերպությունն արդեն հավաքագրել է ապրիլյան պատերազմական գործողություններին մասնակցած զինծառայողների տվյալները, որոնց ընտանիքները «Արեգակ» վարկային կազմակերպության վարկառու են, եւ այն ընտանիքները, որոնք վիրավոր կամ զոհված զինծառայող ունեն, անպայման համապատասխան քայլեր են ձեռնարկվելու նրանց օգնելու համար:
Մեզ հետ զրույցում Փոքր Մասրիկի գյուղապետ Վարդան Մարգարյանն ասաց, որ իսկապես թյուրիմացություն է եղել. «Խոսքը մեկից մյուսին փոխանցելով, ուրիշ բան է ստացվել, մարդիկ սխալ են հասկացել, ու սխալ ինֆորմացիա տարածվեց: Պարզվում է՝ վարկային կազմակերպությունից եկել էին, բայց չեն ուզել»:
«Արեգակի» գործադիր տնօրենն էլ ասաց. «Կոչ կանեմ մարդիկ զգոն լինեն՝ իրենց ավելորդ հուզական դատողությունները հանրությանը ներկայացնելիս: Գյուղացիների գործն ավելի հեշտացնելու համար՝ մեր աշխատակիցները գնում են տեղում, որեւէ վարչական շենքում են մարումները ընդունում: Եթե մեր աշխատակիցն այնտեղ է եղել, դա չի նշանակում, որ մարումն է պահանջել զոհված զինծառայողի ընտանիքից»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հարգելի լրագրողներ՝ կոչ եմ անում Ձեզ, որ Ձեր հրապարակումների մեջ լինեք ավելի խելամիտ ու արդարամիտ և սնվեք հավաստի աղբյուրներից, կամ գոնե մի քանի աղբյուրներց ճշտեք ինֆորմացիաի հավաստիությունը, քանի որ Ձեզ լսում է ողջ հանրությունը և կարծիք է կազմվում, տվյալ դեպքում սխալ կարծիք: Ես, լինելով <> ՈՒՎԿ-ի աշխատակից, կարող եմ վստահ ասել, որ նման բան չի եղել, և մինչ այս մենք ակտիվորեն համայնքների հետ աշխատել ենք այն ուղղությամբ, որպեսզի պարզենք, թե քանի զոհ կամ վիրավոր ունենք, ովքեր կարող են հանդիսանալ վարկառու կամ վարկառուի հարազատ, քանզի օգնելու ցանկությամբ մենք առաջիններից մեկն ենք հանդիսացել դեռ մարտի առաջին իսկ օրերից: Խոսքերս կհաստատեն և համայնքների վարկառուները, և, առհասարակ, քաղաքացիները. Միևնույն ժամանակ նշեմ, որ մենք Ձեզանից պակաս հայրենասեր չենք և չեմ կարծում, որ կգտնվի այնպիսի բանկի աշխատակից, որ նմանատիպ քայլի կդիմի:
ՓԱՌՔ ՈՒ ՊԱՏԻՎ ՄԵՐ ՀԱՅ ԶԻՆՈՐՆԵՐԻՆ, ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՊԱՀԱՊԱՆ………