Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեժիսորը մի քանի «քաղցր» խոսք հղեց Ռուսաստանի եւ Եվրոպայի հասցեին

Ապրիլ 15,2016 15:32

«Շատ ներողություն, բա պետք է զոհ տայինք…բա պատերազմն էլ ո՞նց է լինում: Բայց հպարտ եմ, որ հայ եմ, երբ տեսնում եմ` ինչ տղաներ են մարտնչել: Բայց մի հարց է հետաքրքրում` այդ ո՞նց եղավ, որ թշնամու այդքան զորքեր եկան-կանգնեցին սահմանին, իսկ մենք միամիտ էինք` չիմացա՞նք: Բա մեր հետախուզությունն ո՞ւր էր… Պատկերացնո՞ւմ եք` այդքան տանկեր, մեքենաներ, ու «Սմերչ» է` ինչ «զահրումար» է, որ գալիս կանգնում են, բա ձայնը չի լսվո՞ւմ: Բա որ գիտեին, ո՞նց եղավ այդ ամենը»,-այսպիսի հարցադրումներ է անում ՀՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը:

Ապրիլի 15-ին «Հայելի» ակումբում նա կարծիք հայտնեց, որ հայ ազգի մտածողության մեջ ամրապնդվել է ստրկամտություն, որն արտահայտվեց նաեւ ապրիլյան քառօրյա չհայտարարված պատերազմի ընթացքում: Մտավորականը նկատի ունի այն, որ եթե «վերեւից» համապատասխան հրաման չլիներ, Արցախի ՊԲ-ն բավականին առաջ էր գնալու. «Ճակատի տղաներն ասում էին` «համարյա գնում էինք, բայց…», բա պետք է նախահարձակ լինել: Թքած, թե ինչ կասի միջազգային հանրությունը: Բա Ադրբեջանն ինչ ուզում` անում է, չի նայում միջազգային հանրությանը: Իսկ մեր շատ սիրելի եւ բարեկամ Ռուսաստանը, որի հետ դաշնակից ենք, հարձակողական զենք է տալիս Ադրբեջանին եւ գիտի, որ Թուրքիան պաշտպանում է Ադրբեջանին: Իսկ ՀՀ-ն խանգարում է Թուրքիային` իր մուսուլմանական պետությունը ստեղծելու ճանապարհին»,-վրդովված ասաց Ծատուրյանը` մի քանի «քաղցր» խոսք ուղղելով Ռուսաստանի հասցեին:

Իսկ Եվրոպային ռեժիսորը «խիար» անվանեց. «Աչքներս փակում են եւ ասում, թե այս պատերազմը կրոնական չի, շատ լավ էլ կրոնական է: Եթե այդ Մերկել կոչեցյալի փոխարեն Թեթչերը լիներ, այդքան մուսուլման կմտնե՞ր Եվրոպա»:

Նիկոլայ Ծատուրյանը միամիտ է որակում կարծիքը, թե Ադրբեջանին որոշակի տարածքներ զիջելով` Արցախի կարգավիճակի հարցը կլուծվի. «Իսկ ո՞վ է ասում, որ դրանից հետո խաղաղություն կլինի: Հակառակը, Ադրբեջանն ավելի կմոտեցնի իր զենքերը, որովհետեւ ամբողջությամբ է ուզում Արցախը: Ոչ մի դեպքում այդպիսի բան չի կարելի անել»:

Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը երեկ հրապարակել է քառօրյա պատերազմի մասին վերլուծություն Իսկ այսօր կոչ է արել փորձագետներին պարզաբանել՝ «Թե ինչու անգամ իմանալով հակառակորդի հարձակման մասին, առաջին խրամատում չի կարելի միանգամից 50 հոգի նստեցնել:
2. Թե ինչու մեկ զինվորին հաշվարկով 10 պահեստատուփից ավելի փամփուշտ և 6 նռնակից ավելի չի կարող լինել» եւ այլն:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930