Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սոցիալական պաշտպանության կարիք ունեցողները ձեռնունայն հեռանում էին

Ապրիլ 15,2016 17:30

Եթե ինչ-որ պատճառով չի աշխատում որեւէ հասարակական հաստատուություն, դա կարող է նշանակել, որ այդ հաստատության աշխատանքի կարիքը սեփականատերը չի զգում: Ի վերջո՝ սեփականատիրոջ գործն է հիմնարկի աշխատել-չաշխատելը: Խնդիրն այս իմաստով չի կարելի դիտարկել, երբ խոսում ենք պետական հաստատությունների մասին: Այդ հիմնարկները չեն կարող չաշխատել: Նրանց անխափան գործունեությունը երաշխավորված է պետության Սահմանադրությամբ եւ օրենքներով: Բացի այդ, մենք բոլորս բազմազան հարկեր եւ տուրքեր ենք վճարում եւ հենց այդ գումարներով է, որ պետական հաստատությունների աշխատակիցներն աշխատավարձ են ստանում: Ես անդրադարձել էի ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կազմում գործող բժշկասոցիալական փորձաքննության գործակալությունում տիրող իրավիճակին: Նախարարության այդ ստորաբաժանման աշխատակիցները շատ անգամ անարգում էին վարչական վարույթի շրջանակներում իրենց այցելուներին՝ բացակայելով աշխատավայրից:

Հրապարակումից հետո, իմ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Պետրոսյանի եւ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Սողոյանի եռակողմ հանդիպման ընթացքում նախարարության պաշտոնյաները հավաստիացրին, որ աշխատակիցների՝ աշխատավայրից բացակայությունները չեն կրում պարբերական բնույթ, եւ նկարագրած դեպքը, հավաստի լինելով հանդերձ, աննախադեպ է: Ցավոք, հավատացի: Թեկուզ ներքուստ, այնուամենայնիվ, կասկածանքի նշույլներ կային:
Այդպես ստացվեց, որ գործով կրկին այցելեցի նույն նախարարության սոցիալական պետական ծառայության Շենգավիթ բաժինը: 2016թ. ապրիլի 12-ն էր: Բաժնի որոշ աշխատակիցներ տեղում էին: Նրանք չէին աշխատում: Իրենց ասելով՝ բաժինը տեղափոխվում էր այլ հասցե: Ներկաների մոտ, բառի բուն իմաստով, ճամպրուկային տրամադրություն էր: Սենյակներից անհետացել էին գրասեղանները, չկային համակարգիչները: Հիմնարկի աշխատանքը պարալիզված էր: Աշխատակիցների (որոնց մեծ մասը հրաժարվում էր ներկայանալ) ներկայացմամբ՝ հիմնարկի տեղափոխման հետեւանքով նրանք մոտակա օրերին չեն աշխատելու: Եվ քանի որ ես ՀՀ աշխատանքի եւ սոցիալական նախարարության ենթակառուցվածք էի այցելել 12.04.2016թ., ինձ համար այդպես էլ անհայտ մնաց, թե քանի օր է, մինչ իմ այցելությունը, այդ հիմնարկում այդպիսի՝ ոչ աշխատանքային մթնոլորտ:

Ներկա գտնվողներից ոմանց կարծիքով՝ բաժինը չէր աշխատելու 5 օր, սակայն այդ վարկածը հերքվեց այլ աշխատակիցների կողմից, որոնք խոսում էին մոտ մեկ շաբաթ չաշխատելու վարկածի օգտին: Խոսակցության ընթացքում պարզվեց, որ առկա է մի այլ տարբերակ, այն է՝ բաժնի աշխատանքները կվերականգնվեն 10-12 օր հետո: Հիմնարկի շքամուտքի մոտ կանգնած էր նաեւ բաժնի պետը, որը, սակայն, զերծ մնաց որեւէ վարկած արտաբերելուց եւ նախընտրեց նստել «Նիսան» մակնիշի՝ չափազանց թարմ տեսք ունեցող ավտոմեքենան եւ արագ հեռացավ: Իսկ այդ ընթացքում սոցիալական ծառայության Շենգավիթի բաժին էին գալիս մարդիկ, որոնք սոցիալական պաշտպանության կարիք էին զգում: Նրանց եւս ասվում էին բաժնի աշտատանքի վերսկսման ժամկետի վերաբերյալ վարկածները, եւ նրանք ձեռնունայն հեռանում էին:

Խնդիրն այն է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, յուր ստորաբաժանումներով, այցելում են բացառապես սոցիալական օգնության եւ պաշտպանության կարիք ունեցող քաղաքացիները, որոնք պաշտպանություն ստանալու փոխարեն՝ շատ անգամ անարգանք են ստանում: Եվ ստացվում է, որ պարտաճանաչ հարկ վճարող՝ սոցիալապես անպաշտպան ՀՀ քաղաքացին չի կարող, ասենք, դիմում ներկայացնել իր հարկերի հաշվին գոյատեւող նախարարության աշխատակցին, քանզի նա նախընտրում է տարբեր հիմնավորումներով չաշխատել:

 
ԿԱՐԵՆ ՀԵՔԻՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930