Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Շավարշ Քոչարյանի, ՀՀ-ն ԵՏՄ նիստին մասնակցել է, որպեսզի պաշարված ամրոցի վիճակում չլինի (Տեսանյութ)

Ապրիլ 15,2016 15:25

Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանին հարցեր ուղղեցին: Այն հարցին, թե՝ հանրությունը հետաքրքրվում է՝ որտեղ էր նախարար Էդվարդ Նալբանդյանը, փոխնախարարն ասաց. «Կարող եք կայքից նայել՝ որտեղ էր գտնվում, ինչ էր անում, ում հետ է խոսել»:

Լրագրողների դիտարկմանը՝ ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստը տեղափոխվեց Մոսկվա, որը քննադատեցիք, բայց, այնուամենայնիվ, Հայաստանը գնաց Մոսկվա եւ մասնակցեց նիստին, Քոչարյանն ասաց. «2 մոտեցում կա՝ մեկը պաշարված ամրոցի մոտեցում, այսինքն, մենք ամեն մի քայլ, որը գնահատում ենք մեր շահերին դեմ, մենք ի պատասխան դրա ընդունում ենք, այսպես ասած՝ պաշարված ամրոցի կեցվածք: Բոլորը մեզ թշնամի են, մենք մենակ ենք, սա մի մոտեցում:

Մյուսը՝ հաշվի առնելով, որ բոլոր պետություններն առաջնորդվում են իրենց շահերից ելնելով, դա հաշվի առնելով, այնուամենայնիվ, պետք է թույլ չտայինք հայտնվել այդ իրավիճակում, որովհետեւ դրա նպատակը հենց հետապնդում է մեր թշնամին՝ Ադրբեջանը: Նա փորձում է այնպիսի քայլերի ուղղորդել մեր դաշնակիցներին, որ Հայաստանն, այսպես ասած, խռոված կեցվածքով հայտնվի միայնակ, մեր նպատակն է, որ դա թույլ չտանք: Դրա համար կարծում եմ, որ այն քաղաքականությունը, որ տարվում է ուղղված նրան, որպեսզի մենք չգտնվենք այդ պաշարված ամրոցի կարգավիճակում, դա ճիշտ է, դա բխում է մեր հակառակորդի շահերից»:

ԵՏՄ գործընկերներն արհամարհում են Հայաստանի շահերը, լրագրողների այս դիտարկմանը Շավարշ Քոչարյանն ասաց, որ նման տեսակետն արժանի է ուշադրության: «Բայց այստեղ խնդիրը հետեւյալն է՝ կամ ընդունել այդ նեղացածի կեցվածքը, իսկ դա նշանակում էր տապալել նիստը, քանի որ բավական է, որ մեկը չմասնակցի, որպեսզի նիստը չկայանա, կամ մյուս տարբերակն այն է, որ պետք է օգտագործել այդ հարթակն ու դժգոհությունը տեղ հասցնել»:

Քոչարյանի վստահեցմամբ՝ արդյունքում ԵՏՄ անդամ երկրները փորձել են մեղմել իրավիճակը. «Իհարկե, դա չի հավասարակշռում տեղի ունեցածը, բայց որոշեցին, որ մոտակա նիստը կկայանա Երեւանում»:

Հարցին, թե ի՞նչ են արել նիստում, որը Հայաստանի շահերից է բխում, ԱԳ փոխնախարարն ասաց. «Ինչ անհրաժեշտ է մեր դաշնակիցներին, այսպես ասած, կամ ԵՏՄ անդամներին, ասվել է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930