Այսօր՝ ապրիլի 15-ին, «Ելակետ» մամուլ ակումբում հրավիրված բանախոսներին՝ «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանին, պատմաբան Արմեն Կարապետյանին, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանին (Կոռնիձորի Արո) Aravot.am-ը հարց ուղղեց՝ արդյոք ճի՞շտ էր դեռ 1994 թվականին հրադադարի պայմանագրի կնքումը եւ հայկական կողմի առաջխաղացումը կանգնեցնելը, եւ արդյոք ճի՞շտ է հիմա այս չորսօրյա պատերազմը այս վիճակում թողնելը՝ նոր բանակցություններ սկսելու ակնկալիքով:
«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը միանգամից պատասխանեց. «Ես դեմ եմ զինադադար հասկացությանը: Ոչ ԶԱԳՍ ընկած ես, ոչ էլ համատեղ ապրում ես: Ամեն պահի կարող է վերականգնվել կռիվը, ամեն պահի էլ կարող է երկու կողմն էլ պատերազմ սկսի: Այս պատերազմը պետք է ավարտվի Ադրբեջանի կապիտուլյացիայի ակտով, իրեն հարող պետությունների ռազմական տուգանքով Հայաստանին: Իսկ դա հնարավոր է միայն եւ միայն պատերազմով: Զինվորներն այս ընթացքում մի հետաքրքիր բան գրեցին՝ «Մենք բուշլաթներով կկրենք, դուք փողկապներով չվաճառեք»:
Անահիտ Մարտիրոսյանն էլ ավելացրեց. «Իրենք զինադադար կնքեցին, քանի որ տեսան՝ հայերն արդեն պատրաստվում են: Հայերն արդեն գալիս են առաջ ու կգնան մինչեւ վերջ առաջ»:
«Անահիտ» ջոկատի հրամանատարը նաեւ համեմատեց մեր երիտասարդ զինվորների նիհար մարմիններում եղած մարտական ոգին ադրբեջանական բանակում կռվողներ հաստափորների հետ: «Ստոպ տվեցին, որովհետեւ հասկացան, որ մենք միակ ազգն ենք, որ ով որ գրել է այդ խոսքերը, շատ ճիշտ է գրել, որ երբ խաղաղ է հայը, արտագաղթում է, երբ պատերազմ է՝ ներգաղթում: Իրենք տեսան, որ բոլորը գալիս են: Մենք էլի մեր երեխեքի կողքին էինք, մենք էլի գնալու ենք: Այն ժամանակ, որ մեկ սերունդ է կռվել, հիմա արդեն մեկ սերունդ չի կռվելու, երկուսն է կռվելու»,- ասում է տիկին Մարտիրոսյանը եւ նշում, որ Ադրբեջանում մտածում էին՝ հիմա կռվելու է հայկական բանակի 18-19 տարեկան զինվորի հետ, չէր պատկերացնում, որ այսպես կլիներ:
Կարդացեք նաև
«Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանն էլ նշեց, որ այժմ իր ջոկատի զինվորները, որպես փորձառուներ, գտնվում են Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի բոլոր հենակետերում, որպեսզի իրենց ռազմական գիտելիքներով կարողանան օգնել այդ հենակետերում կանգնածներին: «Միս մորթողի համար ոչխարի քանակությունը նշանակություն չունի: Մենք պատրաստ ենք մորթել իրենց ուղարկած ամեն մի վարձկան բաշիբոզուկի»:
Պատմաբան Արմեն Կարապետյանն էլ նշեց. «Ընդհանրապես թուրքական էթնոսի համար՝ Ադրբեջան կլինի, Թուրքիա կլինի՝ Օսմանյան, թե ներկայիս Թուրքիայի կառավարությունը, պայմանագիր, զինադադար ասվածը խիստ պայմանական նշանակություն ունի: Թուրքական սուլթաններից մեկը նշում էր՝ ցանկացած պայմանագիր թրիս ծայրին է, այսինքն` երբ ուզենա, կպոկենք, կգցենք: Թուրքիան 19-րդ դարում բոլոր միջազգային փաստաթղթերի տակ ստորագրում էր, բայց ոչինչ չէր կատարում, վկա թեկուզ Բեռլինի կոնգրեսում ստորագրած 61-րդ հոդվածը, որով Արեւմտյան Հայաստանում պետք է բարեփոխումներ աներ, ոչինչ չարեց, հակառակը ավարտվեց հայ ժողովրդի ցեղասպանությամբ»:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ