Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ինչու են հիմա մեր պատգամավորները «մուննաթ» գալիս ռուսների վրա

Ապրիլ 15,2016 14:24

Այսօր ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը, ինչպես տեղեկացրել ենք, ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստի ժամանակ բավականին կոշտ ելույթ ունեցավ՝ ՌԴ-ի վարած քաղաքականության դեմ:

Լրագրողների հետ զրույցում հարցին՝ ՌԴ-ն երբ զենք է վաճառել Ադրբեջանին, այդ զենքը կիրառվել է ոչ ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի վրա, այլ՝ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող ԼՂՀ-ի վրա, ուրեմն ինչո՞ւ է ՀՀ ԱԺ պատգամավորը այսպես ասած «մուննաթ» գալիս հիմա ռուսների վրա՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Նախ, մուննաթ չենք գալիս: Պետք է նկատի ունենանք, որ ռազմաքաղաքային այս իրավիճակն ունի տարբեր բաղադրիչներ եւ չհասկանալ այդ բաղադրիչները պետք է համարել անհեթեթ մոտեցումներ: Ամբողջական համադրման արդյունքում պետք է գնահատել: ՀՀ-ն ԼՂՀ-ի անկախության եւ անվտանգության երաշխավորն է: Բոլոր այն գործողությունները, այդ թվում՝ ռազմական, որոնք իրականացվել են ԼՂՀ-ի եւ խաղաղ ժողովրդի նկատմամբ, դա մենք դիտարկում ենք որպես մարտահրավեր եւ սպառնալիք՝ ՀՀ-ի նկատմամբ՝ որպես ՀԱՊԿ անդամ պետություն»:

Հարցին՝ ռուսները պարտավորվե՞լ են հաշվի առնել, որ ՀՀ-ն ԼՂՀ-ի անվտանգության երաշխավորն է՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Ե՛վ ՌԴ-ն, ե՛ւ ՀԱՊԿ անդամ պետությունները չեն կարող հաշվի չառնել այդ հանգամանքը: Պարտավորության մասին այս պահին չենք կարող խոսել, որովհետեւ չի բարձրաձայնվել: Չի հայտարարվել, որ նրանք ունեն համանման պարտավորություններ, բայց մենք բացեիբաց տարբեր ատյաններում հայտարարել ենք, որ ԼՂՀ-ի անկախության եւ անվտանգության երաշխավորն ենք: Մեր գործընկերները, այդ թվում՝ ՀԱՊԿ անդամ պետությունները, պետք է հաշվի նստեն մեր այդ դիրքորոշման հետ»:

Հարցին՝ նախագիծ է բերվել ԱԺ ԵՏՄ անդամակցությունը դադարեցնելու, ի՞նչ կարծիք ունեք դրա մասին՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Կարծում եմ, հապճեպ քայլեր չպետք է ձեռնարկվեն: Տարբեր ուժեր, պատգամավորներ կարող են հանդես գալ նախաձեռնություններով՝ ելնելով իրենց աշխարհաքաղաքական ընկալումներից: Բայց բոլոր այն նախաձեռնությունները, կոչերը, հայտարարությունները, որոնք կվտանգեն մեր ռազմավարական գործընկերոջ՝ ՌԴ-ի հետ հարաբերությունները, դրանք, կարծում եմ, ուղղակի անընդունելի են: Բնականաբար, ստեղծված իրավիճակում մենք ունենք մտահոգություններ՝ կապված մեր ռազմավարական դաշնակցի առանձին գործողությունների հետ: Դրանց մասին հրապարակային խոսում ենք եւ ակնկալում ենք, որ կլինեն կոնկրետ լուծումներ: Բայց այդ ամենով հանդերձ չպետք է վնաս հասցնել այդ հարաբերություններին, որովհետեւ այսօր ՀՀ ռազմական անվտանգության ապահովման գործում մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ ունեն առաջնային նշանակություն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930