Ինչպես տեղեկացրել ենք, այս պահին ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստն է ընթանում:
Այն դռնփակ է անցկացվում եւ ՌԴ պատվիրակությունն առայժմ չի ցանկանում լրագրողների որեւէ հարցի պատասխանել: Պատվիրակության անդամները շրջափակեցին կոմիտեի նախագահի տեղակալ Ալեքսանդր Չեկալինին, երբ փորձում էինք հարց ուղղել ու բորբոքվեցին, թե «չեք թողնում թեյ խմենք»:
Նախօրոք հայտարարվել է, որ Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հայտարարություն է մշակվում եւ մեր տեղեկություններով՝ ռուսական կողմն ուզում է «ցրել» ու հայտարարություն չընդունել, ասում են՝ տանենք Մոսկվա, ճշտենք:
Կորյուն Նահապետյանն ասաց. «Ռուս գործընկերների մոտ կա պատրաստակամություն հարցերը որոշակի ասպեկտներով քննարկման առարկա դարձնել ՌԴ Դաշնային ժողովում»:
Կարդացեք նաև
Ի դեպ, այս հանդիպումը պլանավորված է եղել մինչ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում դեպքերի զարգացումը, եւ բոլորովին այլ սպասելիքներ են եղել, բայց ինչպես ասում են՝ ուրբաթը շաբաթից շուտ է եկել եւ օրակարգը գլխիվայր շրջվել է:
Կորյուն Նահապետյանն ասաց, որ իրականում լուրջ մտահոգություն կա, որ ՌԴ-ն զենք է վաճառում Ադրբեջանին եւ այդ մտահոգությունները նոր չեն, հնչեցվել են տարբեր մակարդակներում. «Այն հանգամանքը, որ զենքը կարող է ձեռք բերվել այլ պետությունից, ոչ թե ՌԴ-ից, որեւէ կերպ չի հիմնավորվում»: Հարցին՝ ուշացած չի՞ այս հայտարարությունը՝ Կորյուն Նահապետյանը վստահեցրեց, թե պարբերաբար արտահայտվել են այդ մասին, որ զենքի վաճառքը առաջ է բերելու ռազմական հավասարակշռության խախտում եւ խնդիրներ է առաջացնելու նաեւ ՌԴ-ի համար, որովհետեւ այս տարածաշրջանում ՌԴ-ն ունի իր գերակա շահերը: Մենք պետք է քաջ գիտակցենք, որ իրապես նման զենքի վաճառքը առաջ էր բերելու այսպիսի ծանր հետեւանքներ:
Մեր հարցին՝ Ձեր ելույթում կոշտ հայտարարություններ հնչեցին, մինչ այս իրենց երեսին նման արտահայտություններ իշխանության կողմից չենք լսել, որեւէ արձագանք Չեկալինի կողմից չեղավ, դռնփակ նիստի ժամանակ արձագանքեցի՞ն, թե՞ ընդունեցին ի գիտություն՝ Կորյուն Նահապետյանը պատասխանեց. «Չեմ կարող ամբողջապես մանրամասները բացահայտել, բայց համատեղ նիստի արդյունքներով կլինի հայտարարություն եւ որոշ հարցերի պարզաբանումներ կտրվեն: Ինչ վերաբերում է հայտարարության կոշտ կամ ոչ կոշտ լինելուն, հստակ ձեւակերպվել է, որ իսկապես ՌԴ-ի առանձին բարձրաստիճան պաշտոնյաների անհեռատես եւ անզգույշ հայտարարությունները կարող են առանձին դեպքերում վնաս հասցնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններին եւ այստեղ երկու կողմերն էլ պետք է լինեն շրջահայաց եւ դրսեւորեն ողջամտություն: Մենք շատ լավ հասկանում ենք, որ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ ռազմական, ռազմատեխնիկական, ուղղակի առաջնային են մեր երկկողմ հարաբերությունները»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ