Չորսօրյա պատերազմից հետո, ըստ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանի, 1988-ի մթնոլորտը վերադառնալու է: Դա մեր ազգի վերածնունդն էր ու հայ ազգը`տեղում եւ արտասահմանում, ցույց են տալիս, որ պատրաստ են դիմագրավելու, պաշտպանելու իրենց երկիրը: «Սա դադարի նման մի բան է: Այս հետախուզական մարտերից հետո, Ադրբեջանը կարող է վերադառնալ իր սկսած գործին»,- «Անդրադարձ» մամուլի ակումբում ասաց Արման Նավասարդյանը:
Մենք պաշտպանողական հայեցակարգ ունենք ու դա հաշվի առնելով, բանախոսի կարծիքով, առաջին հերթին «դիվանագիտական ու միջազգային գործերը» պիտի կարգավորենք. «Երեւանում մի մթնոլորտ է, որ ինձ զգուշացնում եւ վախեցնում է` հակառուսական ալիքը, որ բարձրացել է՝ զենքերի մատակարարման հետ կապված, Մինսկի խմբի աշխատանքի հետ ունեցած մեր վերաբերմունքը պիտի վերանայվի, գերտերությունների քաղաքականությունն այստեղ եւ ես չեմ հասկանում մի բան` երկրաչափական սկզբունքով աճում է մեր անտարբերությունը թուրքական եւ իսլամական գործոնի նկատմամբ:
Որքան ՌԴ-ն բարձրացնում է այդ հարցը, որ թուրքական գործոն կա այստեղ, շատ քաղաքագետներ ասում են բաներ, որ ինձ համար երբեմն անհասկանալի է: Նույնիսկ հեռուստատեսությամբ են որոշ մասնագետներ ասում՝ ԻՊ-ի հետք չեն տեսնում: Այո, չկա, բայց ձեռագիրն առկա է`վիրավոր գերիներին անդամահատելը եւ այլն: Աշխարհաքաղաքական իրադրությունից ելնելով ասել, որ Թուրքիան կարծես Հայաստանի բարեկամն է դարձել, մի քիչ զգույշ պետք է լինենք»:
Դեսպանը հիշեցնում է, որ ընդամենը մի քանի ժամ առաջ Իսլամական պետությունների կոնֆերանսը Ստամբուլում հակահայկական բանաձեւ ընդունեց` հայտարարեցին, որ ԼՂՀ հարցը պետք է լուծվի տարածքային ամբողջականության սկզբունքով: 30-ից ավելի իսլամական պետություններ են միացել այդ փաստաթղթին: Իրանը, ինչպես միշտ, բարեբախտաբար, չի միացել: «Այս իրադրության մեջ, եթե մենք մի հատ էլ ՌԴ-ի հետ մեր հարաբերությունները փչացնենք, «լիակատար երջանկության» համար միայն դա է մեզ պակաս»,- ասաց Արման Նավասարդյանը:
Կարդացեք նաև
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը կիսում է դեսպան Նավասարդյանի դիտարկումներն ու մտահոգությունները. «Ամենակարեւոր պատմական դասը`մեր ժողովուրդը վերածնունդ ապրեց, սա մեր միասնության հաղթանակն էր»:
Նա գտնում է, որ կարևոր դասը, որը պիտի քաղենք` ռազմարդյունաբերական ոլորտին ուշադրություն դարձնելն է. «Յուրաքանչյուրն իր միջոցներով պիտի օգնի»: Պատմաբանն էլ պնդում է`այս ամենում թուրքական հետքն ակնհայտ է` ոչ միայն Ադրբեջանի հարձակողական գործողությունների պլանում, կոնկրետ ռազմական մասնագետներով օգնելու, վերապատրաստման դասընթացները Թուրքիայում անցկացնելու եւ այլն: Նաեւ Թուրքիան Ալիեւին անթաքույց կոչ արեց ավելի համարձակ գործելու: «Հակառուսական տրամադրություններն այսօր մեզ ձեռք չեն տալիս, այլ հարց, որ իբրեւ ռազմավարական դաշնակցից, իհարկե, նա որոշակի պարտավորություններ ուներ ռազմական օգնության եւ այլն: Բայց այսօր, այս մակարդակով մեզ թշնամացնել, դրանք այս ռազմական կոնֆլիկտի առումով իրենց հետեւանքները կունենան»,- ասաց Էդիկ Մինասյանը` հավելելով, որ մենք այլոց մեղադրելու փոխարեն, սեփական ռազմական արտադրությունը պիտի զարգացնենք, դիվանագիտական ճակատում փորձենք հաջողությունների հասնել:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ