ՀՀ փոխվարչապետ, ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանը Արցախում մի քանի լրագրողների հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմի պատճառներն ու վերլուծությունները կանեն համապատասխան մասնագետները, սակայն որպես նախկին հրամանատար և հակառակորդին ճանաչող մարդ, կարծում է, որ հակառակորդն ունեցել է հավակնոտ պլան:
«Հակառակորդի նպատակն էր երկու ուղղություններով՝ հյուսիսում ու հարավում տիրապետել առաջնագծին և բացազատվել ավելի մեծ խորությամբ՝ ռազմական գործողություններ վարելու համար: Գոնե հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կարող էր տիրապետել ռազմավարական նշանակության տարածքների՝ Մատաղիսի ջրամբարին և Սարսանգի ջրամբարի ուղղությամբ ծավալեր իր գործողությունները:
Հարավի ուղղությամբ նա պետք է դուրս գար ռազմավարական շատ մեծ նշանակություն ունեցող ճանապարհի վրա, դա Ջաբրաիլ-Ֆիզուլի ճանապարհն է, որը տանում է դեպի Մարտունի: Սակայն երկու ուղղությամբ էլ հակառակորդը ձախողվեց, որովհետև առաջնագիծը վերցնելուց հետո ՊԲ ստորաբաժանումները, շատ արագ անցել են պաշտպանության: Մարտը վարելու ժամանակ, երբ հակառակորդը տիրապետում է առաջնագծին, անմիջապես պետք է գործի դրվեն ստորաբաժանումներ, որոնք պետք է անցնեն հակահարձակման: Եթե պաշտպանության բանակը երկու ուղղությամբ անցներ հակահարձակման, հավանական է, որ ուժերը չէին բավականացնի, որովհետև հակառակորդը պաշտպանության իր բոլոր ստորաբաժանումները ոտքի էր հանել, բացի ավիացիայից, և կարող էր և հարձակման անցնելու դեպքում հնարավոր է, որ ուժերը չբավականացներ»,-բացատրեց Արթուր Աղաբեկյանը: Նրա խոսքով՝ ՊԲ գլխավոր հրամանատարը ճիշտ որոշում կայացրեց՝ անցնելով հակահարձակման և հյուսիսում դիրքերի վերականգնման ուղղությամբ:
«Գուցե ռազմական գաղտնիք եմ բացահայտում, բայց հասարակությունը այդ մասին պետք է իմանա, որ հակառակորդի նպատակներից մեկն է եղել , որ ԼՂՀ ՊԲ-ն իր ձեռքի տակ եղած ողջ տարաբաժանումները գործի դներ երկու ուղղությամբ՝ հյուսիսի ու հարավի, որպեսզի բաց մնար Ստեփանակերտ տանող կենտրոնական հիմնական ռազմավարական ուղղությունը:
Կարդացեք նաև
Եվ ՊԲ գլխավոր հրամանատարը շատ ճիշտ որոշում կայացրեց, ռեզերվների տեղաշարժ չիրականացրեց , և ամբողջ բեռը թողնելով հյուսիսի ու հարավի տեղի ստորաբաժանումների վրա, դրանով խառնելով հակառակորդի խաղաքարտերը: Եվ դրա վառ վկայությունն այն է, որ ապրիլի 3-4-ին նկատելի էր, որ հակառակորդը ցանկանում է փորձ անել՝ հիմնական հարվածի ուղղությամբ ճակատ բացել, բայց մեր հրետանին ուղղակի խեղդեց այդ փորձերը»,- ասաց Արթուր Աղաբեկյանը: