«Կասկածներ ու տվյալներ ունենք, որ երբ մեր շտաբի ներկայացուցիչները մոտենում են ընտրակաշառքի բաժանման վայրեր, ոստիկանները ռացիայով տվյալներ են հաղորդում բաժանողներին՝ գալիս են, թռեք»,- այսօր Հրազդանում Սասուն Միքայելյանի ընտրական շտաբում ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Հրազդանում այսօր քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի վերջին օրն է, Նիկոլ Փաշինյանն ամփոփեց քարոզարշավը. «Ընթացքը եղել է բավականին հաջող, այս պահին միակ գործոնը, որը սպառնում է մթագնել գործընթացը՝ ընտրակաշառքի բաժանման դեպքերն են, ոստիկանների ոչ օրինական վերաբերմունքը… Ես այս հարցով գործ եմ ունենալու Վլադիմիր Գասպարյանի հետ առաջիկայում, դա կլինի ԱԺ-ում կամ մեկ այլ տեղ հարմար առիթով»:
Պարոն Փաշինյանը պնդում է, որ գործող քաղաքապետ եւ քաղաքապետի թեկնածու Արամ Դանիելյանը հեղինակազրկված է, նա իր աշխատակիցների հետ խոսում է սեռական բնույթի հայհոյանքներով. «Տասնչորս տարվա գործող քաղաքապետը քաղաքի մասին իրական տվյալների չի տիրապետում, չգիտի՝ Հրազդանում քանի գործող վերելակ կա, մանկապարտեզներ քանի երեխա է հաճախում…Գործող քաղաքապետի վերընտրվելու միակ շանսն ընտրակաշառքն է: Այսօր էլ ահազանգեր ունենք, դպրոցների աշխատակիցներին ստիպողաբար փորձում են ներգրավել Արամ Դանիելյանին ընտրելու գործընթացին»:
Ըստ պատգամավորի, այսօր Հրազդանում գործող ընտրակաշառքի չափը 10.000 դրամն է. «Չենք բացառում, որ խաղադրույքները հընթացս կբարձրանան, երբ Արամ Դանիելյանի թիմը հասկանա, որ ծանր իրավիճակում է»:
Կարդացեք նաև
Պարոն Փաշինյանը պատմեց, որ քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկն էլ է իրենց խոստովանել՝ օգնություն է բաժանում քաղաքացիներին ու Արամ Դանիելյանի նախընտրական պաստառի ներքո, Հրազդանում այս օրերին, բացի փողից, ըստ պատգամավորի, նաեւ սելիտրա են բաժանում:
Սասուն Միքայելյանի նախընտրական շտաբն ուսումնասիրել է նաեւ ընտրացուցակները, ցուցակներում 40.000 ընտրող է գրանցված, բայց իրենց տվյալներով, ներկայումս իրական ընտրողների թիվը 27.000 է:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ