Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյան. «Այդ ժամանակակից զենքերի միակ աղբյուրը Ռուսաստանն է»

Ապրիլ 15,2016 13:04

Այսօր ՀՀ Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի ու ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության կոմիտեի համատեղ նիստի ընթացքում պատգամավոր Էդմոն Մարուքյանի ելույթը

Հարգելի՛ նախագահող, հարգելի՛ գործընկերներ,

Ձեզ եմ դիմում՝ նպատակ ունենալով Ձեր ուշադրությունը հրավիրել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի և պատերազմ վարելու կանոնների կոպիտ խախտման փաստին՝ կատարված Ադրբեջանի կողմից 2016թ. ապրիլի 1-5-ը:

Միաժամանակ սույն հայտարարությունը կոչ է բոլոր կառավարություններին, որոնց թվում է նաև Ռուսաստանի Դաշնությունը, որ Ադրբեջանի Հանրապետության հետ գտնվում են ռազմական համագործակցության մեջ, լուծելու բոլոր գործող համաձայնագրերը և դադարեցնելու այդ համաձայնագրերով նախատեսված զինատեսակների մատակարարումն ու սպասարկումը: Այս կոչի համար պատճառ է հանդիսանում այն փաստը, որ նշված զենքն ու զինամթերքն օգտագործվում է Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործություններ կատարելու և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների, պատերազմի վարման կանոնների խախտման համար, որոնք ամրագրված են մի շարք վերազգային փաստաթղթերով:

Նշված հայտարարությունը մանրամասն հիմնավորվում է հետևյալ փաստարկներով.

1.            Միջազգային հանրային իրավունքին համապատասխան՝ Ադրբեջանի Հանրապետությունն իրավունք չունի ուժ կիրառել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ: Նման քայլ կատարելով՝ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկը՝ ուժի կիրառման կամ կիրառման սպառնալիքի արգելքը:

1.1.        Ադրբեջանի Հանրապետության կողմից ուժի կիրառումը ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի (4) կետով ամրագրված՝ միջազգային իրավունքի jus cogens սկզբունքների խախտում է: ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի (4) կետին համապատասխան՝ «Բոլոր անդամները միջազգային հարաբերություններում ձեռնպահ են ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության նկատմամբ և/կամ Միավորված ազգերի նպատակներին անհարիր որևէ այլ ձևով ուժի գործադրումից կամ դրա սպառնալիքից»: Ուժի չգործադրման սկզբունքը պարտադիր է Ադրբեջանի համար՝ անկախ նրանից, թե զինված ուժերն օգտագործվում են ճանաչված թե չճանաչված պետության դեմ:

1.2.        Զինված ուժերի օգտագործումն իրավաչափ է միայն երկու դեպքերում՝ ՄԱԿ-ի կանոնադրության VII գլխին համապատասխան (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշումը միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման կամ վերականգման համար անհրաժեշտ միջոցների ձեռնարկման վերաբերյալ), ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան (ինքնապաշտպանություն):

1.3.        Այս դրույթներից ոչ մեկը տվյալ իրավիճակում չի կարող կիրառվել Ադրբեջանի կողմից՝ Ադրբեջանի Հանրապետությանը ուժի կիրառման թույլտվություն տալու մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման բացակայության, ինչպես նաև ինքնապաշտպանության իրավունքի կիրառման որևէ հիմքի բացակայության պատճառներով: Ադրբեջանը չունի ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին հղում կատարելու որևէ հիմք՝ հիմնավորելու համար իր թշնամական գործողությունները, քաղաքացիական անձանց վրա հարձակումները և չտարբերակված գործողության զինատեսակների օգտագործումը, որոնք տեղի են ունեցել 2016թ. ապրիլի 1-5-ը:

1.4.        ԼՂՀ զինված ուժերը չեն կատարել Ադրբեջանի Հանրապետության վրա հարձակում: Հենց Ադրբեջանն է հանդիսանում ռազմական գործողությունների նախաձեռնողը, ինչը հաստատվել է Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց մի քանի հայտարարություններով:

1.5.        Անգամ եթե Ադրբեջաննի Հանրապետությունը կարծում է, որ կարող է օգտագործել 51-րդ հոդվածն իր գործողություններն արդարացնելու համար, տվյալ դեպքում Ադրբեջանն իրավունք չունի հղում կատարել 51-րդ հոդվածին, քանի որ պետությունները պարտավոր են Անվտանգության խորհրդին հայտնել ինքնապաշտանության իրավունքի իրացման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների մասին, որոնք կրում են ժամանակավոր բնույթ և կարող են իրականացվել մինչ այն պահը, քանի դեռ Անվտանգության խորհուրդը «չի ձեռնարկի միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման միջոցառումներ»: Տվյալ դեպքում Անվտանգության խորհրդի կողմից արդեն իսկ ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանման համար՝ 1993թ. որոշումներով, որոնց հիման վրա հակամարտության կարգավորումը հանձնարարվել է ԵԱՀԿ Մինսկի խմբին:

1.6.        Այդպիսով, Ադրբեջանի գործողությունները ՄԱԿ-ի կանոնադրության պահանջների և Անվտանգության խորհրդի որոշումների կոպիտ խախտումներ են: Ավելին, իր վարքագծով Ադրբեջանը խախտում է ուժի չկիրառման և ուժով չսպառնալու սկզբունքը, որը համարվում է ժամանակակից միջազգային իրավունքի jus cogens սկզբունք:

1.7.        Իրականում իրավիճակը բոլորովին այլ է. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի ինքնապաշտպանության իրավունք՝ ընդդեմ Ադրբեջանի ռազմական գործողությունների: Հայաստանի Հանրապետությունը, որպես միջազգային հանրության և Միավորված ազգերի կազմակերպության լիիրավ անդամ, միջազգային իրավունքին և ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան՝ կրում է erga omnes պարտավորություն` պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետականության ու ժողովրդի պաշտպանության համար օգտագործելու բոլոր անհրաժեշտ միջոցները:

2.            Ադրբեջանը կատարել է միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքների լուրջ խախտումներ :

2.1.        Ադրբեջանը կատարել է Ժնևի 1949թ. կոնվենցիաներով ամրագրված միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտումներից մեկը (որոնց կողմ է հանդիսանում նաև Ադրբեջանի Հանրապետությունը)՝ կատարելով հարձակում քաղաքացիական բնակչության վրա, թույլ տալով անմարդկային վերաբերմունքի ակտեր և քաղաքացիական անձանց սպանություններ, դիակների խոշտանգում, հարձակումներ քաղաքացիական օբյեկտների՝ մասնավորապես դպրոցների վրա՝ կիրառելով չտարբերակված գործողության զինատեսակներ: Ադրբեջանական զինուժը խոշտանգել է գերի ընկած զինվորներին և սպանել նրանց:

2.2.        Բոլոր այս խախտումները ճանաչված են որպես Ժնևի 1949թ. կոնվենցիաների լուրջ խախտումներ՝ միջազգային մարդասիրական իրավունքին համապատասխան և որպես այդպիսիք դիտարկվում են որպես մարդկության դեմ ուղղված և պատերազմական հանցագործություններ:

Միաժամանակ ցանկանում եմ ընդգծել, որ այն «փաստարկը», որ երբեմն բերում են քաղաքական գործիչները, թե «ի՞նչ տարբերություն` եթե Ադրբեջանը զենքը ռուսներից չգներ, ուրիշներից կգներ» առնվազն կասկածելի թեզ է: Խոսքը 9Ա52 «Սմերչ» տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգի, ՏՈՍ1-Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանոթային համակարգի, «Քրիզանթեմ Ս» հակատանկային մարտական մեքենայի և այլնի մասին է: Վերոհիշյալ ռազմական տեխնիկան, բացի Ռուսաստանից, որևէ այլ տեղից Ադրբեջանը չէր կարող գնել: Միացյալ Նահանգներն ունեն համանման զենք, սակայն նախ` ավելի թանկ և պակաս հզոր: Իսկ ամենակարևորը` ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ մենք այդ զենքերն ամերիկացիներից չենք կարող գնել` այն պարզ պատճառով, որ ԱՄՆ-ը դրանք ո՛չ մեզ, ո՛չ նրանց չի վաճառի: Հետևաբար, այդ ժամանակակից զենքերի միակ աղբյուրը Ռուսաստանն է:

Վերոնշյալ խախտումների լույսի ներքո՝ մենք կոչ ենք անում Ռուսաստանի Դաշնությանը, որն ունի ռազմական համաձայնագրեր Ադրբեջանի Հանրապետության հետ՝ վերջինիս զենքով (խոսքը հատկապես հարձակողական զենքի մասին է) ապահովելու վերաբերյալ, ձեռնպահ մնալ հետագա համագործակցությունից անուղղակի կերպով չնպաստելու համար՝

a.            միջազգային իրավունքի jus cogens սկզբունքների խախտմանը,

b.            ուժի կիրառմանը՝ առանց ՄԱԿ-ի կանոնադրությանը համապատասխան իրավական հիմնավորումների,

c.            ինչպես պայմանագրային, այնպես էլ սովորութային միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների խախտմանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը մտադիր է հետևողականորեն ջանքեր գործադրել վերոնշյալ խնդիրներին ուշադրություն հրավիրելու և թեման միջազգային հանրության օրակարգում պահելու համար՝ բոլոր համապատասխան ատյաններում:

 

Էդմոն Մարուքյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930