Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ Հանրային խորհուրդը համալրվել է 6 հոգով. Նոր անդամներից է Տիգրան Մանսուրյանը

Ապրիլ 15,2016 12:31

Ս.թ. մարտի 5-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել հանձնաժողովի նոր նախագահի ընտրության հարցը: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել հանձնաժողովի անդամ Անահիտ Աղոյանը:

Ս.թ. ապրիլի 5-ին, ՀԽ կանոնադրության համաձայն, Անահիտ Աղոյանը ՀՀ Նախագահի կողմից հաստատվել է` որպես Հանրային խորհրդի անդամ:

Այնուհետև ս.թ. մարտի 31-ին Հանրային խորհրդի հաջորդ 5 թափուր տեղերը համալրելու նպատակով տեղի է ունեցել ՀԽ լիագումար նիստ, որի ընթացքում փակ գաղտնի քվեարկությամբ Հանրային խորհրդի անդամներ են ընտրվել կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել Ճզմաչյանը և Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյանը:

Ս.թ. ապրիլի 13-ին, ՀԽ կանոնադրության համաձայն, վերոնշյալ անձանց թեկնածությունը նույնպես հաստատվել է ՀՀ Նախագահի կողմից:

Հիշեցնենք, որ Հանրային խորհրդի կազմում՝ վերջին 12 անդամների ցուցակում, որտեղ ՀԽ անդամներն ընտրվում են ՀԽ գործող անդամների քվեարկությամբ, առաջացել էին թափուր տեղեր` տարբեր հանգամանքներով պայմանավորված (Սոս Սարգսյանը, Բաբկեն Հարությունյանը, Ստեփան Գիշյանը, Ռոբերտ Աթոյանը մահացել են, իսկ Տեր Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ նշանակվել է Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ):

Այսպիսով, Հանրային խորհուրդը համալրվել է 6 նոր անուններով՝ Անահիտ Աղոյան, Տիգրան Մանսուրյան, Էդուարդ Ղազարյան, Արմեն Բալդրյան, Սամվել Ճզմաչյան, Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյան:

Հակիրճ կենսագրություններ

Անահիտ Աղոյան

Ծնվել է 1959 թվականին: Մասնագիտությամբ բժիշկ-հիգիենիստ է, ներկայումս աշխատում է ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման» ազգային կենտրոնում` որպես «Կոտայք» մասնաճյուղի «Նաիրի» ստորաբաժանման ղեկավար: 2000թ.-ից «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի» վարչության անդամ է և մասնակցում է տարբեր ծրագրերի` որպես փորձագետ, ղեկավարում ասոցիացիայի Քաղաքացիական նախաձեռնությունների Կոտայքի մարզային կենտրոնը: 2000 թ.-ից զբաղվում է ակտիվ հասարակական գործունեությամբ քաղաքացիական հասարակության, գենդերային հիմնախնդիրների, լիդերության ոլորտներում, ինչպես նաև որպես փորձագետ ընդգրկված է մի շարք միջազգային և տեղական ծրագրերում: Հանրային խորհրդի ստեղծման օրվանից ընդգրկված է ՀԽ ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովում:

Տիգրան Մանսուրյան

Կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ: Ծնվել է 1939թ. հունվարի 27-ին: Տիգրան Մանսուրյանը տարածաշրջանում ժամանակակից երաժշտության ռահվիրաններից մեկն է, առաջինը, որ կոմպոզիցիոն ժամանակակից հնարները ներմուծել է Հայաստան: Հռչակավոր կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել և մեծ ընդունելության են արժանացել աշխարհի խոշորագույն համերգային դահլիճներում:

Էդուարդ Ղազարյան

Ֆիզիկոս, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս: Ծնվել է 1942թ. հունվարի 16-ին: Էդուարդ Ղազարյանը Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակի դափնեկիր է: Պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի, Նանսենի անվան մեդալներով, Անանիա Շիրակացու մեդալով: Եղել է ԵրՊԻ-ի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, Խ. Աբովյանի անվ. հայկական մանկավարժական համալսարանի ռեկտոր, ԵՊՀ-ի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, պրոռեկտոր, ՀՀ կրթության և գիտության նախարար (1999-2001), ՀՀ ԳԱԱ փոխնախագահ, ակադեմիկոս-քարտուղար, ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ: Ներկայումս Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրենն է:

Նաթան Արքեպիսկոպոս Հովհաննիսյան

Ծնվել է 1955 թ: 1997 թ ձեռնադրվել է եպիսկոպոս և նշանակվել Ուկրաինայի հայոց թեմի առաջնորդ: Եղել է Հայ Եկեղեցու Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամ: 2000 թ. ընտրվել է Մեծ Բրիտանիայի հայոց թեմի առաջնորդ:

2010-2013 թթ. հոգևոր ծառայությունը շարունակել է Մայր Աթոռում որպես Հրատարակչական բաժնի պատասխանատու: 2013-2014 թ. եղել է Կանադայի հայոց թեմի Առաջնորդական տեղապահ: 2014թ. հոկտեմբերին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն:

Սամվել Ճզմաչյան

Ծնվել է 1952 թվականին օգոստոսի 9-ին: Հայաստանի բանկերի միության նախագահն է: Սամվել Ճզմաչյանն ունի շուրջ 40 տարվա բանկային աշխատանքի փորձ, որից 34-ը` բանկերի ղեկավարի: Խորհրդային տարիներին եղել է ԽՍՀՄ Պետբանկի ՀՀ գրասենյակի էլեկտրագործարանային բաժանմունքի կառավարիչ, ապա ԽՍՀՄ Արտաքին բանկի առևտրային բանկի ՀՀ բաժանմունքի կառավարիչ, ԽՍՀՄ Արտտնտբանկի երևանյան վարչության պետ, ՀՀ անկախությունից հետո` մի շարք բանկերի վարչության նախագահ:

Արմեն Բալդրյան

Ծնվել է 1963 թ. հունվարի 19-ին: Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) գործատուների միության նախագահն է: ՀՀ վարչապետին կից ՏՏ զարգացմանն աջակցող խորհրդի անդամ: Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահության անդամ: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, ՀՀ ԿԳՆ կոլեգիայի անդամ, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ: 1996 թ. առ այսօր «Յունիքոմբ» ՓԲԸ գլխավոր և գործադիր տնօրենն է:

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930