Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ադրբեջանին ագրեսոր հռչակելը ոչ թե իրավական, այլ գերտերությունների քաղաքականության խնդիր է (Տեսանյութ)

Ապրիլ 15,2016 12:16

«Շատ դանդաղ եւ հավասարակշռված պիտի քայլ կատարենք: Իմ համոզմամբ, այն, ինչ կատարվեց ղարաբաղաադրբեջանական սահմանին, դա պատերազմ չէր, այլ քաղաքակրթությունների պայքար: Հայկական կողմը վարում էր դասական իմաստով պատերազմի կանոններին հարիր գործողություններ, այսինքն` պաշտպանվում էր, քանի որ հարձակվողն ադրբեջանական կողմն էր: Ադրբեջանական կողմը` ադրբեջանական զինվորները, հրամանատարները, ըստ որոշ տեղեկությունների, վարձու որոշ խմբեր, սահմանագծին դրսեւորում էին ահաբեկչական, ագրեսորական գործողություններ, պատերազմին ոչ հարիր»,- «Անդրադարձ» մամուլի ակումբում այսօր կարծիք հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարգարիտ Եսայանն` անդրադառնալով չորսօրյա պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմի իրականացրած վայրագություններին:

Մարգարիտ Եսայանը գրեթե վստահ է, որ աշխարհի առաջադեմ մարդկությունը կանգնելու է մեր կողքին, քանի որ բոլորը տեսան, թե ադրբեջանցի հրոսակներն ինչպես են անդամահատել խաղաղ բնակիչներին, զինվորներին. «Համապատասխան մարմիններն այդ բոլոր փաստերը հավաքագրում են, որպեսզի ապացուցելի ինֆորմացիայով ներկայանանք միջազգային դատարան»: Որ նման ցանկություն կա`միանշանակ է: Այժմ, դեռ հստակ չէ, թե միջազգային ո՞ր դատարանին կդիմենք, հստակեցվում է:

Մանրամասները` տեսանյութում

«Համաշխարհային մարդկությունը պիտի բաց չթողնի ագրեսորի ձեռքը բռնելու ժամանակը»- գտնում է ՀՀԿ-ական պատգամավորը:

ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Նիկոլայ Բաղդասարյանն էլ կարծում է, որ այսօր արդեն իշխանությունը հստակ, քայլ առ քայլ պետք է ծրագիրը ներկայացնեին թե ի՞նչ գործողություններ են կատարել ագրեսոր Ադրբեջանի դեմ`միջազգային դատարաններ դիմելու համար:

Ալիեւի ռազմատենչ կոչերից հետո, փաստաբանն ասում է, հնարավոր չէր, որ նման բան չլիներ, եւ հնարավոր չէ, որ էլի չլինի: Նա միաժամանակ այժմ չի ցանկանում ծանրանալ անցյալի բացթողումների վրա, հիմա եղածը պիտի փաստարկենք. «Հիմա արդեն պետք է պարզ լինի`ո՞ր դատարան պետք է դիմենք, քանզի միջազգային տարբեր դատարաններ, տարբեր գործառույթներ եւ խնդիրներ են լուծվում»: Իր կարծիքով, միջազգային քրեական դատարան պետք է դիմենք: Տվյալ դեպքում դատարանն իրավունք ունի պատասխանատվության ենթարկել պետության ղեկավարի եւ հրամանատարների գործողությունները: Մի տեխնիկական խնդիր ունենք այս առումով, Հռոմի ստատուտին ոչ Հայաստանը, ոչ Ադրբեջանը չի միացել: Այս պարագայում մեկ տարբերակ է մնում` ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշման հիման վրա կարող է միջազգային դատավորը գործ հարուցել: «Մենք այդ լծակն ունենք», – ասում է իրավաբանը`հավելելով, որ միջազգային դատավորի համար քրեական գործ հարուցելու համար երկու հստակ պայման կա, երկուսն էլ այս պարագայում Ադրբեջանը խախտել է` պատերազմի կանոնները`խաղաղ բնակիչների եւ դպրոցի վրա է կրակ արձակվել եւ ագրեսիա կա Ադրբեջանի գործողություններում, ինչը փաստարկվում է Ադրբեջանի օգտագործած զինատեսակներից:

Մարգարիտ Եսայանն էլ ավելացրեց երրորդ փաստը`1994-ին կնքված հրադադարի պայմանագրի խախտումը, ինչի մասին նաեւ Եվրոպական խորհրդարանում շատ հստակ արտահայտվեցին եվրոպական տարբեր երկրների պատվիրակներ: «Ադրբեջանը պիտի ստանա իր պատիժը ե դա պետք է լինի միջազգային»,- ասաց տիկին Եսայանը:

Նիկոլայ Բաղդասարյանը մանրամասն ներկայացրեց տարբեր միջազգային դատարաններ դիմելու գործընթացները, այս պահին նպատակահարմարությունները եւ այլն: Նա տեղեկացրեց նաեւ, որ կա նախադեպ, երբ չճանաչված պետության տարածքում կատարվել է հանցագործություն, ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը դիմել է միջազգային քրեական դատարան: Այդ դեպքում միջազգային դատախազը պարտադիր գործ է հարուցում եւ քննում: Բայց այս պարագայում կդիմի՞ ՄԱԿ-ի ԱԽ-ն միջազգային դատարան, թե ոչ`սա է խնդիրը: ՄԱԿ-ի մշտական անդամ հինգ պետությունները միասնական կլինե՞ն այս հարցում, իրավաբանը դժվարանում է կանխատեսել. «Գերտերությունների քաղաքականության խնդիր կա այստեղ իրականում, ոչ թե իրավական»:

«Այս պահին ամենակարեւորն այն է, որ ՀՀ-ում, ԼՂՀ-ում հավաքագրվում են բոլոր փաստերը`խոշտանգված մարմինների եւ մարմինների անդամահատված մասերի լուսանկարները, իրավական մանրամասները մեր իրավաբանները լավագույնս մտածել են, պատրաստվելու են, հնարավոր է մի քանի տեղ դիմենք: Որ հետամուտ ենք լինելու, որպեսզի այս վայրագությունները պատիժ ստանան`միանշանակ է»,- հավելեց Մարգարիտ Եսայանը:

Իրականում, կան նաեւ հնարավորություններ, մի քանի տարբեր խողովակներով զուգահեռ գործընթացներ տանել Ադրբեջան պետության եւ այդ պետության կոնկրետ անձերի դեմ: Մանրամասները հստակեցվում են: «Ադրբեջանը ագրեսոր պետություն է, ԼՂՀ-ն երբեւէ չի եղել, չէ ու չի լինելու այդ պետության կազմում: ԼՂՀ խնդրի կարգավորման սկզբունքներից ամենակարեւորը ազգերի ինքնորոշման իրավունքն է: Նաեւ այս չորսօրյա պատերազմը ցույց տվեց, թե ինչ տարբեր քաղաքակրթություններում են գտնվում Ադրբեջանը եւ ԼՂՀ-ն: Եթե ամբողջ աշխարհը խոսում է հումանիզմից, մարդասիրությունից, իրավունք չունեն աչք փակել այս ամենի վրա»,- կարծում է Մարգարիտ Եսայանը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930