Լրահոս
Օրվա լրահոսը

Բանաստեղծ. «Օլիգարխների փողերը բռնի վերցնելը կհանգեցնի քաղաքական հաշվեհարդարի» (Տեսանյութ)

Ապրիլ 15,2016 12:10

«Առաջին օրը մարդիկ ուզում էին հասկանալ` սա այն մեծ սրացո՞ւմն է, թե հերթական փոքրիկ սրացումը: Պարզվեց, որ մեծն է: Սա չորսօրյա պատերազմ էր»,-այսօր «Հայելի» մամուլի ակումբում, խոսելով Ադրբեջանի սանզազերծած ռազմական գործողությունների մասին, ասաց բանաստեղծ Մարինե Պետրոսյանը:

Նա նշեց, որ այդ օրերին հասարակության շրջանում հուսահատություն չի նկատել. «Սկզբում ոգեւորություն կար եւ համախմբում: Հազար անգամ լսել եք` «եթե կռիվ լինի, ոչ մեկ Ղարաբաղ չի գնա», բայց այդ խոսքը սխալ դուրս եկավ, որովհետեւ բոլորը նետվեցին: Հետո երբ գիտակցվեց զոհերի թիվը, կասկածը եկավ, բայց պարզ կարող եմ ասել, որ միանշանակ դրական պոռթկում եղավ. բոլորը հասկացան, որ փոփոխությունն անխուսափելի է Հայաստանում, իսկ թե ո՞ր ուղղությամբ, դեռ պարզ չէ:

Հիմա որոշ տրամադրություններ ինձ վախեցնում են. դատելով շփումներից` զոհերի մեծ թիվը «շոկ» էր, իսկ մարդկանց վախն ու զայրույթն արտահայտվում են նրանով, որ սկսում են դատողություններ անել, ասենք` «կուլակաթափության» մասին: Փողը օլիգարխների ձեռքից վերցնելը բացասական մոտեցում է: Բոլորս հասկանում ենք, որ բանակը ֆինանսական խնդիր ունի, բայց ո՞նց ուղղենք` «կուլակաթափությա՞մբ», այսինքն` բռնի կերպով մարդկանց ձեռքից փող վերցնելո՞վ: Այդպես բոլշեւիկներն արեցին: Հիմա մենք ի՞նչ սկզբունքով ենք անելու եւ ինչպե՞ս: Այսինքն, այդքան վստահո՞ւմ եք մեկին, որը կկարողանա այդպես անել: Դա կվերածվի քաղաքական հաշվեհարդարի»:

Մարինե Պետրոսյանի համոզմամբ` ՀՀ-ում պետք է իրականացվեն բարեփոխումներ. «Մենք նավթ չունենք: Մեր փողը պետք է գա արդյունաբերությունից եւ տնտեսությունից: Եթե օլիգարխները մենաշնորհներ ունեն, դա քաղաքական հարց է: Հիմա ժամանակն է, որ այդ բարեփոխումն արվի: Հայաստանը կարող է փլվել: Փորձագետները ցույց են տալիս, որ Ալիեւի նավթը սպառվում է, գներն էլ անկում են ապրում եւ սրում իրավիճակը: Եթե այս մի քանի տարում Ալիեւը չհարձակվի Հայաստանի վրա եւ այս հարցը չլուծի, հետո չի կարողանա: Այսինքն, մենք մի քանի տարի ունենք, մեր խնդիրն ուժեղանալն է: Ես Սերժ Սարգսյանին առաջին քննադատողներից եմ, բայց չեմ կարծում, որ նա այդքան խելք չունի եւ չի հասկանում, որ այս պահին բարեփոխում է անհրաժեշտ»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930