Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող հակամարտությունը կարգավորվի շատ արագ…»

Ապրիլ 15,2016 16:00

Սա գերմանացի դաշնակահարուհի
Կատարինա Թրոյթլերի եւ իր գործընկերների ցանկությունն է

«Ապրիլի 6-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող հայտնի իրադարձություններից հետո, թեեւ հայտնի է նաեւ, որ ադրբեջանցիները խախտում են հրադադարի պայմանագիրը, Բեռլինում հանդիպեցին ձեր նախագահն ու մեր կանցլերը՝ Անգելա Մերկելը: Ինչպես գիտեք, Գերմանիան՝ որպես Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության նախագահող պետություն, պատասխանատվություն է զգում հակամարտությունը հնարավորինս արագ կարգավորելու, հետո արդեն խաղաղ բանակցությունների շուրջ վերադառնալու հարցում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց գերմանացի ճանաչված դաշնակահար Կատարինա Թրոյթլերը (լուսանկարում)՝ ի տարբերություն արտասահմանցի մեկ-երկու արվեստագետների, որոնք խուսափում են սեփական կարծիքն արտահայտել վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանում կատարվող հակամարտության մասին:

Հեղինակավոր նվագախմբերի ուշադրության կենտրոնում գտնվող, ցանկալի հյուր Կատարինա Թրոյթլերը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Թոփչյան) հրավերով 5 տարի անց կրկին Հայաստանում է: Արվեստագետին չի հուզում այն հարցը, թե վաղուց ինքը Ադրբեջանի կողմից հայտարարված է պերսոնա նոն գրադա: Նույնիսկ մեզ հետ զրույցի ընթացքում դաշնակահարուհին նշեց, թե ինքը մինչ հայաստանյան այցը գիտեր ուր է գալիս, ուղեւորվում է մի երկիր, որը, օրիորդ Կատարինայի խոսքերով՝ դարավոր թշնամի է Թուրքիայի եւ հետեւաբար՝ Ադրբեջանի հետ: Ավելի քան 20 տարի է, որ ադրբեջանցիների կողմից չի հարգվում զինադադարի պայմանագիրը:

Մեզ հետ զրույցի ընթացքում հուզված էր Կատարինա Թրոյթլերը: Նա փաստեց, որ պատերազմական վիճակն անդրադառնում է ոչ միայն հայաստանցիների՝ ում հետ հասցրել էր շփվել նա, այլեւ նվագախմբի յուրաքանչյուր արտիստի վրա: Ասաց, որ օրերս առաջին փորձի ժամանակ (համերգը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ապրիլի 15-ին) Էդուարդ Թոփչյանը հայտնեց, որ օրերս հերոսի մահով զոհվել է նաեւ իր որդու մտերիմ ընկերը…

Խիտ գրաֆիկ ունեցող դաշնակահարուհին խնդրեց, որ իր հետեւյալ մտքերը չսպրդեն հոդվածից, այն է՝ «հանդես եմ եկել հեղինակավոր շատ նվագախմբերի հետ, բայց ձեր երաժիշտներն այնքան ջերմ են, այնքան տաք սիրտ ունեն, որ ինձ տանում են իրենց հետ: Թոփչյանն էլ այնքան խորացած է իր արվեստում, որ ինձ էլ է քաշում իր հետեւից»:
Համաշխարհային եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին հավասարաչափ անդրադարձող (իր հավաստմամբ) դաշնակահարուհին նույնիսկ ներողություն խնդրեց, որ դեռեւս չի թերթել խաչատրյանական աշխարհահռչակ երկերը, հույս հայտնելով, թե Թոփչյանն այս անգամ իրեն կնվիրի հայ հեղինակների գործերի նոտաները: Հավելեց նաեւ՝ «հաջորդ այցիս կջանամ հայկական ոգով ներկայացնել որեւէ հայ կոմպոզիտորի ստեղծագործություն»:

Այս ոչ մշակութային հարցազրույցում գերմանացի դաշնակահարուհին քանիցս հուսադրեց՝ «ես կարծում եմ, ավելի ճիշտ՝ վստահ եմ, որ հակամարտությունը կկարգավորվի շատ արագ… Այս մտքին են նաեւ կոլեգաներս, ընդ որում՝ ոչ միայն գերմանացի»:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930