Ստամբուլում ընթացող «Իսլամական համագործակցություն» կազմակերպության 13-րդ գագաթնաժողովի շրջանակներում, ի թիվս աշխարհի շուրջ 30 երկրների առաջնորդների, Ստամբուլ է այցելել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Son Dakika լրատվական կայքը։
«Իսլամական համագործակցություն» կազմակերպության 13-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ստամբուլ ժամանած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արդեն հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այդ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահին ընդունել է նաև Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։
Դավութօղլու-Ալիև հանդիպման ընթացքում Թուրքիայի վարչապետը ցավակցություններ է հղել Լեռնային Ղարաբաղի Հակամարտության գոտում սպանված ադրբեջանցի զինծառայողների համար և ընդգծել, որ Թուրքիան միշտ և ամեն պարագայում Ադրբեջանի կողքին է։ Նախագահ Ալիևը իր հերթին շնորհակալություն է հայտնել Թուրքիային և անձամբ Դավութօղլուին՝ Ադրբեջանին աջակցելու համար։