Լրահոս
Օրվա լրահոսը

Կորյուն Նահապետյանը ռուս գործընկերներին անհարմար վիճակի մեջ դրեց՝ իր կոշտ քննադատությամբ

Ապրիլ 15,2016 11:20

Այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի եւ ՌԴ դաշնային ժողովի Դաշնության խորհրդի պաշտպանության եւ անվտանգության կոմիտեի համատեղ նիստն էր:

Ուշագրավ է, որ սովորաբար ռուս գործընկերների հետ հանդիպումների ժամանակ մեր պատգամավորները խոսում են ռուսերեն: Այսօր աշխատանքային լեզուն ԱԺ-ում հայերենն էր՝ ռուսերեն թարգմանությամբ:

Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը բավականին կոշտ ողջույնի խոսք ասաց ու, ըստ էության, ռուս պատգամավորներին հստակ վերաբերմունք ցույց տվեց:

hay-rus-nist_6

hay-rus-nist_3

Նա նախ առաջարկեց ոտքի կանգնել եւ 1 րոպե լռությամբ հարգել Արցախում զոհված հայ զինծառայողների հիշատակը: Կորյուն Նահապետյանի խոսքերով՝ «Ինչպես գիտեք, ապրիլի 2-5-ը Ադրբեջանը նախապես պլանավորված լայնամասշտաբ ռազմական գործողություններ է իրականացրել ԼՂՀ-ի նկատմամբ: Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են զինուժ, ծանր հրետանի եւ զրահատեխնիկա, այդ թվում նաեւ՝ ՌԴ-ից ձեռք բերված Սմերչ եւ ՏՕՍ-1 համակարգեր: 94-ի զինադադարի հաստատումից հետո նման մասշտաբի ռազմական գործողություններ չէին իրականացվել: Ադրբեջանական ագրեսիան ԼՂՀ ժողովրդի նկատմամբ ստեղծել է ծայրահեղ վտանգավոր իրավիճակ՝ ամբողջ տարածաշրջանի համար:

Մենք բազմիցս հնչեցրել ենք մեր մտահոգությունները Ադրբեջանի՝ հնարավոր ռազմական ագրեսիայի վերաբերյալ՝ հաշվի առնելով հարձակողական սպառազինության մեծաքանակ ձեռքբերումը, պաշտոնական մակարդակով ուժի կիրառման սպառնալիքները, բանակցային գործընթացում այդ երկրի ապակառուցողական քայլերը:

Թեեւ ապրիլի 5-ին պայմանավորվածություն է ձեռք բերվել կրակի դադարեցման մասին, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է խախտել այն՝ օգտագործելով ականանետեր, նռնականետեր եւ դիպուկահարներ»:

Նա առաջարկեց միասին այցելել ԼՂՀ, որտեղ անձամբ կտեսնեն քառօրյա պատերազմի թողած հետքերը եւ կլսեն շարունակվող կրակահերթերի ձայները:

Կորյուն Նահապետյանն ասաց, որ այն վայրագությունները, որոնք Ադրբեջանի ԶՈՒ-ն իրականացրել է Արցախի ժողովրդի նկատմամբ, ոչնչով չեն տարբերվում իսլամական պետության եւ այլ ահաբեկչական կազմակերպությունների գործելակերպից. «Վայրագությունները հասել են այն աստիճանի, որ Ադրբեջանի հրոսակախմբերը կտրել են մարդկանց գլուխներն ու ականջները, անարգել զոհված զինծառայողների մարմիններ եւ այդ ամենը տարածել սոցիալական ցանցերում՝ հրամցնելով սեփական հանրությանը: Ցավով պիտի արձանագրեմ, որ միջազգային հանրությունը հանդես չեկավ հասցեական հայտարարություններով»:

Նա ասաց, որ նշանակալի են կրակի դադարեցման պայմանավորվածության հարցում Ռուսաստանի միջնորդական ջանքերը, բայց նետեց. «Միեւնույն ժամանակ ՌԴ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների անհեռատես եւ անզգույշ հայտարարությունները արդարացիորեն բացասական արձագանք են ստացել հայ հասարակության շրջանում»:

Կորյուն Նահապետյանը հիշեցրեց ռազմական հավասարակշռության պահպանման մասին. «Ադրբեջանին վաճառված հարձակողական սպառազինությունը լուրջ սպառնալիք է դարձել ՀԱՊԿ անդամ ՀՀ-ի եւ առհասարակ ՀԱՊԿ-ի համար: Եթե այսօր չկարողանանք ճիշտ գնահատել սպառնալիքները, վաղը հնարավոր է ունենանք տարածաշրջանի համար անկանխատեսելի եւ անդառնալի հետեւանքներ:

Aleqsandr_Chekalin

Այս բոլոր քննադատությունները լսելով՝ ՌԴ համապատասխան կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Չեկալինը իր խոսքում որեւէ կերպ չանդրադարձավ դրանց՝ պատմելով, թե այս տարիների ընթացքում ՌԴ-ն ու ՀՀ-ն ինչ լավ են համագործակցել, քանի համալսարան են բացել: Նիստի շարունակությունը դռնփակ է:

Համատեղ նիստի օրակարգում քննարկելու են Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրավիճակը, զարգացումները, մարտահրավերներն ու սպառնալիքները, ՀՀ եւ ՌԴ-ի միջեւ ռազմատեխնիկական եւ ռազմաարդյունաբերության ոլորտում համագործակցության եւ միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության եւ այլատյացության դրսեւորումների հարցը:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Կարօ Արմենեան says:

    Շնորհակալութիւ՛ն զեկոյցին համար։ Գնահատելով հանդերձ Պր. Նահապետեանի ելոյթի ոգին և բովանդակութիւնը, այնուամենայնիւ ձեր կողմէ իր խօսքին տրուած «կոշտ քննադատութիւն» բնորոշումը ճիշտ չէ։Ան դիւանագիտական լեզուով ըրած է թեթևակի յիշեցում ռուսական զէնքի մատակարարման մասին և աւելի շատ կեդրոնացած՝ Ազրպէյճանի կողմէ ստեղծուած պայթուցիկ կացութեան վրայ։ Անշուշտ ձեր զեկոյցը կը վերաբերի հրապարակային նիստին։ Իմ յոյսն է, որ դռնփակ նիստի քննարկումներուն մէջ երևան եկած ըլլայ հայկական կողմի «կոշտ քննադատութիւնը»։ Եթէ ոչ՝ այդ պարագային «ռուս գործընկերներ»ը Պր. Նահապետեանի խօսքը պիտի վերագրեն հանրային սպառման համար եղած անհետևանք արտայայտութեան։ Կարօ Արմենեան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930