Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թաթուլ Կրպեյանը՝ ատոմային զենքի մասին. «Այո, ունենք, ես այն ինձ մոտ եմ պահում»

Ապրիլ 15,2016 14:00

«Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երեւանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կմեռնեմ, այդ բանը չեմ անի…»,- այսպես էր ասում ՀՀ ազգային հերոս, արցախյան պատերազմի մասնակից Թաթուլ Կրպեյանը: Իսկ վերջին անգամ, երբ նա գալիս է Երեւան, ասում է հետեւյալը. «Գիտեմ, որ Երեւան այլեւս չեմ գա, ինձ կբերեն…»։

Նա արցախյան ազատամարտի ժամանակ` 1990թ. սեպտեմբերից մինչեւ 1991 թ. մայիս ամիսը, եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը։

Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկ Հարմիկ Հովսեփյանը Թաթուլի մասին խոսելիս այսպես է ասել. «Ասես Սասնոյ ֆիդայի լիներ` թիկնեղ, գանգուր մազերով, թավ մորուքով։ Զինված ջոկատը ղեկավարելուց զատ` ուսուցչություն էր անում տեղի երկու դպրոցներում։ Նրա առաքելությունը սոսկ կռվելուց ավելին էր»:

Թաթուլը ծնունդով Թալինի շրջանի Արեգ գյուղից է եղել։ Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ, իսկ չորրորդ կուրսում` միացել Հայկական ազատագրական շարժմանը։ Թաթուլն այդժամ անգամ կարեւորել է ուսումը եւ այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում։ Թաթուլը նաեւ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ է եղել։

Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը Թաթուլ Կրպեյանի մասին այսպես է ասել. «Ցանկացած զինվոր պետք է ազգի բարոյական արժեքների եւ արժանապատվության կրողը լինի, իսկ Թաթուլը նաեւ մշակութային արժեքներն էր կրում: Այստեղ էր, որ մենք զիջում էինք նրան: Թաթուլը հսկում էր Գետաշենը եւ ուսուցչություն անում դպրոցում: Նա սիրելի էր ժողովրդի համար, բոլորն էին սիրում նրա խոսքը լսել եւ ենթարկվել: Կուզենայի, որ նա մեկ րոպե վերակենդանանար, որ մեր հերոսներից ոմանք նայեին նրա աչքերի մեջ: Շատ հերոսներ են այսօր շեղվել եւ խեղվել: Այսօր Թաթուլի շիրիմը շատերի համար սրբատեղի պետք է լիներ: Այն, ինչ նա է արել, Աստծո որդին է արել: Նա իր կյանքի գնով փրկեց Գետաշենի մի բուռ հերոսական ժողովրդին»:

Թաթուլ Կրպեյանի մասին տարբեր պատմություններ կան: Հիշարժաններից մեկն էլ նրա ու Հայաստանի ատոմային զենքի մասին է: Հիշատակվում է, որ Շահումյանի կռիվների թեժ ժամանակներին, Թաթուլը իր զինակից ընկերների հետ ռազմական հրաշքներ է գործել Շահումյանում` թշնամուն պահելով ահ ու սարսափի մեջ: Այդ ժամանակներում հակառակորդի ճամբարում զանազան լուրեր են պտտվում, թե հայերն ատոմային զենք ունեն, բայց ի՞նչ ատոմային զենքի մասին կարող էր խոսք լինել, երբ տղերքն անգամ ՏՈԶ տիպի հրացան չեն ունեցել իրենց մոտ: Այդ օրերին մի լրագրող հյուրընկալվելով Շահումյանում` դեպքերը լուսաբանելու պատրվակով, հարցազրույց է վերցնում գյուղի բնակիչներից, կռվող տղաներից, անգամ ականատեսը լինում կռիվներից մեկին: Մինչ նրա Շահումյան հասնելը՝ նրան են հասնում այն լեգենդները, թե իբրեւ հայերն ատոմային զենք ունեն, եւ այսպես, երբ նա հարցազրույց է վերցնում Թաթուլ Կրպեյանից, անդրադառնում է նաեւ այդ հարցին՝ իրո՞ք դուք ունեք ատոմային զենք, թե՞ ոչ: Թաթուլը ժպտալով հստակորեն պատասխանել է. «Այո, ունենք, ես այն ինձ մոտ եմ պահում, ահա այն»` ասելով այսքանը, ցույց է տալիս իր մոտ եղած F1 տիպի նռնակը: Ահա եւ հայ ֆիդայիների ատոմային զենքը, որը միակն էր եղած ամբողջ ռազմական պաշարում, եւ այն իր մոտ էր պահում քաջարի հայորդի Թաթուլը:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
15.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930