Լրահոս
Օրվա լրահոսը

«Փակված» թեմաներ

Ապրիլ 15,2016 10:00

Վերջին իրադարձությունները դրդում են մեզ վերանայել որոշ թեմաների մասին քննարկման շեշտադրումները: Համենայնդեպս, որոշակի կտրվածքով այդ թեմաներին անդրադառնալն ինձ անիմաստ է թվում:

1/ «Ռուսաստանը մեր դաշնակիցն է, բայց սա է անում, նա է անում»: Դա այլեւս անիմաստ հարցադրում է` Ռուսաստանը մեր դաշնակիցը չէ` ճիշտ այնպես, ինչպես դաշնակից չեն աշխարհի բոլոր մնացած երկրները: Ինչ-որ բաներ պահանջել Ռուսաստանից, դժգոհել նրա վարքից, ցույցեր անել, մեղադրել, նվնվալ, վկայակոչել «դարավոր բարեկամությունը»՝ անիմաստ է, ստորացուցիչ է, ուղղակիորեն հարվածում է մեր ազգային արժանապատվությանը: Չեմ ասում, որ որեւէ երկրի հետ պետք է հարաբերություններ փչացնել, բայց սպասելիքներ ունենալ եւ հետո դժգոհել, թե ինչու մեր սպասելիքները չիրականացան` վերջ, արդեն ամոթ է 3 տարեկան երեխայի վարք դրսեւորել: Իսրայելից, օրինակ, սպասելիքներ չունենք, չէ՞:

2/ «Ղարաբաղի հարցը կկարգավորվի այսպես կամ այնպես»: Այդ հարցը տեսանելի պատմական ապագայում ոչ մի կերպ չի կարգավորվի: Որովհետեւ Ադրբեջանի նպատակը ոչ թե «իր տարածքային ամբողջականությունը վերականգնելն է» (դա «ծխածածկույթ» է), Ադրբեջանի եւ Թուրքիայի նպատակն է, որ այս տարածաշրջանում ոչ մի հայ չապրի: Հետեւաբար, դա, ըստ էության, Ղարաբաղի հարց չէ, դա Հայաստանի եւ հայերի հարց է: Հակառակորդին հնարավոր է ժամանակավորապես «լռեցնել»՝ նրան հասցնելով հուժկու հարված ներկայիս ԼՂՀ-ի տարածքից դուրս: Բայց դա չի լինի խնդրի կարգավորում, դա կլինի դարձյալ ժամանակավոր զինադադար, որից հետո հակառակորդը նորից ուշքի կգա եւ կփորձի մեզ վրա հարձակվել, քանի որ նրա եւ Թուրքիայի նպատակը, կրկնեմ, հայերի ոչնչացումն է, ոչ թե հայերի կողքին այս կամ այն կարգավիճակով ապրելը: Բայց հնարավոր չէ, որ Հայաստանն ու Արցախը դադարեն հայկական տարածք լինելուց, ինչպես հնարավոր չէ նաեւ, որ Ադրբեջան պետությունը դադարի գոյություն ունենալուց: Հետեւաբար, չեմ պատկերացնում, թե ինչպես է այն, ինչ կոչվում է «Ղարաբաղի հարց», կարգավորվելու:

3/ «Ադրբեջանն ամեն ինչ անում է «խավիարային» դիվանագիտությամբ»: Այսինքն՝ ամբողջ աշխարհում բոլորին կաշառում է, եւ դրա համար այդ մարդիկ ընդունում են հակահայկական կեցվածք: Դա, իհարկե, մասամբ ճիշտ է, բայց իրավիճակին բացառապես նման բացատրություն տալը նշանակում է արդարացնել արտաքին քաղաքականության պատասխանատուների ֆանտաստիկ անբանությունն ու անիրազեկությունը:
Ի տարբերություն առաջին երկու կետերի, որտեղ թեման, ինձ թվում է, մեկընդմիշտ փակված է, երրորդ կետն այդքան «անհույս» չէ: Որովհետեւ դա միայն մեզնից է կապված:

 
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մարգար Մախսուդյան says:

    == Որովհետեւ դա միայն մեզնից է կապված: == ????
    Միգուցե մեզ հետ է կապված, կամ մեզանի՞ց է կախված…
    Ինչևէ, դա չէ էականը: Էականն այն է, որ ըստ մեր ունեցած բոլոր սահմանադրությունների՝ երկրի արտաքին քաղաքանության պատասխանատուն երկրի նախագահի աթոռը զբաղեցնող անձն է, իսկ նախադասությունը ստացվել է անկապ, քանի որ պրն Աբրահամյանի համար այդ և այդ անձին վերաբերող այլ խնդիրները ՛՛տաբու տիրույթից՛՛ են.
    – Զենքերը հին են՝ մենք ենք մեղավոր
    – Կոռուպցիան մոլեգնում է՝ մենք ենք մեղավոր
    – Արտագաղթ է՝ մենք ենք մեղավոր
    – Բյուջեն բացեիբաց թալանվում է՝ մենք ենք մեղավոր
    – Օֆշորային սկանդալները մնում են միայն թերթերի էջերում՝ մենք ենք մեղավոր…
    – Դատարան չունենք՝ մենք ենք մեղավոր
    ……………………………………………………….
    Բոլորը մեղավոր են, բացի Մեղավորից…

  2. Լավատես says:

    Երբ որեւէ երկրում ինչ որ երեւույթ է տեղի ունենում, մենք միշտ պետք է այդ երեւույթը դիտարկենք մեր սեփական Հայոց օրենքների լույսի ներքո եւ համապատասխան վերաբերմունք ցուցաբերենք՝ թե պետք է օգնել՝ օգնենք, թե պետք է ճնշել՝ ուրեմն ուժ ու հնարավորություն պետք է ունենանք ճնշելու համար: Այն ստից գրված ու չգրված օրենքների մասին չի խոսքը, որոնք կուզենք կենթարկվենք, կուզենք չենք ենթարկվի, այլ այն Հայոց օրենքների մասին է, որոնք մեզնից յուրաքանչյուր հայ պատրաստ է ինքնակամ ու բնազդի մակարդակով կյանքի գնով պաշտպանելու: Նման Հայոց օրենքներ, որոնց համար յուրաքանչյուր հայ հանգիստ գիտակցաբար պատրաստ է իր կյանքը նվիրաբերել, պետք է դաստիարակել ծնված օրվանից, որպեսզի հասուն տարիքում այդ օրենքներն ընկալվեն բնական՝ առանց որեւէ բարձրագոչ երանգավորումների: Մեր հայ հեղինակավոր մտավորականները պետք է ներկայացնեն մեզ այդ Հայոց օրենքներն ու դաստարակեն այդ օրենքներով մեզ:
    Ինչ վերաբերում է մեր արեւմտյան ու արեւելյան թյուրիմացություններին՝ դրանք պետություններ չեն, դրանք բնության օրենքով պետք է վերանան, բայց այս անգամ մենք այնքան հզոր պետք է գտնվենք, որ էդ թյուրիմացությունները էլ չկարողանան մեզ մատաղ անեն իրենց աստծուն, ժամանակն է մենք դրանց պետություն կոչվածը մատաղ անենք մեր աստծուն:

  3. Հ.Շ. says:

    Այս խմբագրականի առաջին աստիճանի ընթերցումը կրնայ այն տպաւորութիւնը տալ որ ան յուսահատական կեցվածք կ’արտայայտէ: Սակայն մի քիչ մտածելով արդէն, կ’անդրադառնանք որ ճիշդ հակառակն է Խմբագրին նպատակը, եւ յաջողվում է այդ: Խորապէս յուսադրիչ, սփոփիչ են վերեւ պարզված երեք կէտերը:

    Արդարաեւ, այդ երեք թեմաներն ալ, էականօրէն, առկայ եւ ի զօրու են գրեթէ ութը դարերէ ի վեր շարունակաբար, եւ հակառակ անոնց, ահա՝ կանք, երկիր ունինք, եւ յաջողել ենք տարածքներ ազատագրել: Առանց իսկական դաշնակիցի, անհամեմատօրէն աւելի մեծ թիւով եւ յատկապէս վայրագ թշնամիի դէմ, եւ առանց կարենալ վստահելու օրեւէ օտարին:

    Յոյսից աւելի, այս իրողութեան հաստատումը ուղղակի խոստումնալից է:

    Որովհետեւ եթէ այս ամէնը իրականացրել ենք, ի դէմ այդ բոլորին, եւ սկզբնապէս շատ աւելի վատ պայմանների մէջ, հետզհետէ բարելաւվում է մեր վիճակը, եւ մեր վերելքը շարունակվելու է ուրեմն, բոլոր մակարդակների վրայ:

    Այդ ուղղութեամբ, ի մասնաւորի ողջունելի է երկրորդ թեմայի պարզաբանումը, զորս տասը օր առաջ տակաւին, ընդհանրապէս վերապահված էր միայն մեր միջի անոնց որոնք՝ ռոմանտիկ, մէկ կամ երկու դար ետեւ ապրող, իրականութիւնից կտրված ու ծայրահեղ գաղափարապաշտներ կը նկատվէին (խօսքս ոչ մի կապ չունի որեւէ «կուսակցութեան» հետ, ոչ մէկ), մինչ մնացեալներին, լաւագոյն պարագային՝ քմծիծաղ կը պատճառէր միայն:

    Այս խմբագրականը, իր երկրորդ թեմայով, կու գայ հաստատելու թէ Հայաստանի արեւմտեան տարածքաշրջանի նկատմամբ մեր ազգային ձգտումները, բազմաթիւ այլ արդարացի հիմունքների կարգին, նաեւ կը վերաբերի՝ այժմու իսկ Հայաստանի էական անվտանգութեան խնդրին:

    Ի դէպ, Թուրքիան եւ Ադրբեջանի չեն անհետանալու, ճիշդ է, եւ այդ արեան ծովի հանկերգն էլ ալ թող մնայ մի քանի բաժակից յետոյ մի քիչ սիրտ-պաղեցնող յուզալից աղաղակ, սակայն այդ երկու պետութիւններն ալ կարող են խորապէս ընկրկիլ, տկարանալ – բան մը, որ արդէն լայնօրէն ընթացքի մէջ է, յատկապէս Թուրքիոյ պարագային, Միջին Արեւելքի խնդիրների պատճառով եւ շնորհիւ քիւրտերին. իսկ Ադրբեջանի ճակատագիրը ուղղակի կախեալ է Թուրքիայից – :

    Այս Խնբագրականը իրոք լաւն էր, անոր կարիքը ունէինք այս ծանր օրերին, շնորհակալութիւն:

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
    https://www.shoushisummercamp.org/

  4. henri says:

    Օսմանեան կայսրութիւնը կը յիշէք որ հիւսիսէն հասած էր Վիեննայի պարիսպներուն տակ – Արեւմուտքէն Լէփանթոյի ջուրերուն մէջ իսկ հարաւէն Արաբական թերակղզի և համայն հիւսիսային Ափրիկէ … ինչ մնաց երբ վաղը Քիւրտիստանն ալ ձեռքերնէն երթայ -կարգը պիտի գայ մեր հողերուն.
    Անոնք տիրացան իրենց ոհմակներու վայրագութեամբ եւ բազմութեամբ.ժամանակնրն ու չափանիշները փոխուած են այլեւս /ինչպէս Արցախի օրինակը ցոյց կու տայ/ իսկ մեր հօրինուած հարեւանը ծնած քարիւղի շտեմարաններու սիրոյն` պիտի ցամքի իր հօրերուն նման և անհետանայ պատմութենէն ինչպէս որ եկած էր Մենք դաշնակից չունինք ոչ ալ բարեկամ ,որքան հաւատքով խաչքարեր զետեղենք աշխարհի չորս կողմը դաշնակիցներ պիտի չի ծնին ոչ ալ աւելնան ; Մեր դաշնակիցը մենք ենք- մեր պատմութիւնը-մեր իրաւունքը և մանաւանդ մեր գիտակցութիւնը միաւորուելու ,դադրեցնելով մեր ներքին մանրուքները եւ հետապնդելով էականը ;ունինք այդ իմաստութիւնով օժտուած անձերը,ինչպէս ունեցանք հրաշագործ բանակ ;Համաձայն եմ Պ.Արամին;

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930