Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ

Ապրիլ 15,2016 10:30

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք տասնութերորդ

Գլուխ   քսանութերորդ

ԳԼՈՒԽԳՈՐԾՈՑ

Երբ Վարուժին զարմացած հարցրի՝ «էս ե՞րբ նկարեցիր», ինքը ինքնագոհ ժպտալով ինձ հարցրեց՝ «չես հավանո՞ւմ», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «նոր ես սկսել», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «ի՞նչն եմ նոր սկսել», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էս պորտրետս», եւ Վարուժը զարմացած նայեց ինձ, հետո նայեց դիմանկարիս ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «էս պորտրետդ լրիվ պրծած գործ ա» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «էս պորտրետդ հենց էս վիճակով իմ լավագույն պորտրետն ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «իմ լավագույն պորտրետներից մեկն ա», եւ ես զարմացած հարցրի՝ «չես շարունակելո՞ւ», եւ Վարուժը զարմացած հարցրեց՝ «ի՞նչը շարունակեմ», եւ ես պատասխանեցի ու ասացի՝ «էս դիմանկարս», եւ Վարուժը հիացած նայեց դիմանկարիս ու ասաց՝ «էս նկարին որ մի հատ կպնեմ, լրիվ կփչանա», եւ ես նայեցի ծորացող կանաչին ու ասացի՝ «բայց ներկը չռռում ա», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ժպտալով ասաց՝ «էդ ներկ չի», եւ ես զարմացած հարցրի՝ «բա ի՞նչ ա», եւ Վարուժը ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «քո էդ կանաչ շարֆն ա» եւ ես ասացի՝ «բայց չռռում ա», եւ Վարուժը փռթկացնելով ասաց՝ «քո շարֆն էլ ա չռռում», եւ ես մի քիչ մտածեցի ու նեղսրտած ասացի՝ «ամեն ինչի պատասխանն ունես», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու վրդովված ասաց՝ «ընենց ես հետս մուննաթով խոսում, կարծես քո նկարած նկարն եմ ջնջել», եւ ես զարմացած հարցրի՝ «ե՞րբ եմ մուննաթով խոսել», եւ Վարուժը նեղսրտած պատասխանեց ու ասաց՝ «էս արդեն մի քանի ժամ ա», եւ ես նայեցի Վարուժի պատի ժամացույցին ու ասացի՝ «մի ժամ էլ չկա, որ խանութից էկել եմ», եւ Վարուժը հիացած նայեց դիմանկարիս, մի քիչ մտածեց ու ժպտալով հացրեց՝ «բա չես զարմանո՞ւմ, որ ընդամենը մի ժամվա մեջ ըսենց ուժեղ գործ ա ստեղծվել», եւ ես ասացի՝ «մի ժամ էլ չկա», եւ Վարուժն  ինքնագոհ ասաց՝ «առավել եւս», եւ ես նայեցի դիմանկարիս, մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «էս ուժեղ գործ չի», եւ Վարուժը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «կարող ա՞ թույլ գործ ա», եւ ես ժպտալով պատասխանեցի ու ասացի՝ «ոչ ուժեղ գործ ա, ոչ էլ՝ թույլ», եւ Վարուժը զարմացած  նայեց ինձ ու հարցրեց՝ «բա ի՞նչ ա», եւ ես մի քիչ մտածեցի ու ժպտալով ասացի՝ «գլուխգործոց ա», եւ Վարուժը հիացած նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «վռազ էրեւում ա, որ գործից հասկանում ես» եւ մի քիչ  մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «ինչքան չըլնի՝ Կոջոյան ու Թերլեմեզյան ես ավարտել», եւ ես ժպտալով ասացի՝ «Կոջոյանն ավարտել եմ, բայց Թերլեմեզյանը կիսատ եմ թողել», եւ Վարուժը հիացմունքով նայեց ինձ ու ասաց՝ «էդ ոչ մի կապ չունի» եւ մի քիչ մտածեց ու ավելացրեց՝ «մարդ կա՝ էրկուսն էլ ավարտել ա, բայց նկարչությունից շատ հեռու ա» եւ մի քիչ էլ մտածեց ու ասաց՝ «մարդ կա՝ ինստիտուտն էլ ա ավարտել, բայց նկարչությունից լրիվ զրո ա» եւ մի քիչ էլ  մտածեց ու դիմանկարիս նայելով՝  ժպտաց ու ասաց՝ «բայց քեզ նման ա, չէ՞», եւ ես ժպտալով ասացի՝ «գնալով ավելի ա նմանվում», եւ Վարուժը  հիացած նայեց դիմանկարիս ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «գնալով ավելի ու ավելի ա նմանվելու» եւ մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով հարցրեց՝ «ասում ես՝ գլուխգործոց ա՞», եւ ես ժպտալով ասացի՝ «գնալով ավելի  ու ավելի ա գլուխգործոց դառնում», եւ Վարուժը նորից  հիացմունքով նայեց դիմանկարիս ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «հետաքրքիրն էն ա, որ էս գլուխգործոցն ընդամենը մի ժամում ստեղծվեց», եւ ես ժպտալով  ասացի՝ «մի ժամում չի ստեղծվել», եւ Վարուժը նայեց ժամացույցին ու զարմացած հարցրեց՝ «բա քանի՞ ժամում ա ստեղծվել», եւ ես մի քիչ մտածեցի ու ասացի՝ «մի ժամը շատ ես ասում» եւ մի քիչ էլ մտածեցի ու ավելացրի՝ «մի ժամ չկա՝ ինչ խանութից էկել եմ», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ասաց՝ «քո գալուց հետո սուրճն ու սարդելկեքն եմ էփել» եւ մի քիչ էլ մտածեց ու ավելացրեց՝ «երեւի էս պորտրետիդ վրա կես ժամ էլ չեմ աշխատել», եւ ես մի քիչ  մտածեցի ու ժպտալով ասացի՝ «կես ժամն էլ ես շատ ասում», եւ Վարուժը մի քիչ մտածեց ու ինքնագոհ ժպտալով ասաց՝ «մոտավորապես եմ ասում» եւ հիացած նայեց դիմանկարիս ու ինքնագոհ ժպտալով ավելացրեց՝ «իրականում երեւի  տասը կամ, ամենաշատը, տասնհինգ րոպե տեւեց», եւ ես ժպտալով ասացի՝ «երեւի էդքան էլ չտեւեց» եւ մի քիչ մտածեցի ու հարցրի՝ «բայց շարունակելու ես, չէ՞», եւ Վարուժը զարմացած նայեց ինձ ու հարցրեց՝ «ի՞նչն եմ շարունակելու», եւ ես  ասացի՝ «էս դիմանկարս», եւ Վարուժն ավելի  զարմացած նայեց ինձ, հետո նայեց դիմանկարիս ու զարմացած հարցրեց՝ «սրա ի՞նչը շարունակեմ»:

 

Շարունակությունը՝ հաջորդ ուրբաթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930