ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ընթացքում Հերմինե Նաղդալյանը անդրադարձավ վարչապետ Հովիկ Աբրահամյանի Մոսկվա կատարած այցին, որտեղ նա մասնակցել էր ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովին: Հերմինե Նաղդալյանը համարում է, որ այդ այցը շատ է քննադատվել, ըստ նրա, այն քննադատվել է մեկ ուղղությամբ:
«Մենք կարծում ենք, որ իսկապես ճիշտ էր եւ անհրաժեշտ էր գնալ, մասնակցել եւ հետագայում նույնպես ակտիվ աշխատանքներով ներկայացնել ե՛ւ մեր դիրքորոշումները, ե՛ւ մեր նախընտրությունները, ե՛ւ այն խնդիրները, որոնք մեզ համար ակտուալ են: Եվ պետք է աշխատանքով մեր գործընկերների հետ բանակցային, տեղեկատվական եւ այլ ճանապարհով հասնել նրան, որ մեր գործընկերները ավելի սթափ, հանդուրժողական, նվիրված վերաբերվեն նաեւ մեր շահերին, մեր հետաքրքրություններին»,- ասաց նա:
Հերմինե Նաղդալյանը խոսեց նաեւ այն մասին, որ ԵԱՏՄ վարչապետների գագաթնաժողովը պետք է անցկացվեր Երեւանում, սակայն Ղազախստանի վարչապետը առաջարկել էր հետաձգել այն եւ տեղափոխել. «Իհարկե՛, մեզ համար հաճելի չէր, որ մեր ԵԱՏՄ գործընկեր վարչապետները հրաժարվեցին այցելել Երեւանում անցկացվող նիստին: Բայց տեղեկացնեմ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն այն մասին, որ մայիսի 20-ին տեղի է ունենալու ԵԱՏՄ երկրների վարչապետների հերթական հանդիպումը, եւ տեղի է ունենալու Երեւանում:
Այսինքն՝ սա ապացույցն է նաեւ այն բանի, որ պետք է ոչ թե խռոված կամ նեղացած դիրքորոշումներ ունենալ, այլ պետք է աշխատել եւ բերել նրան, որպեսզի մենք ընկալվենք մեր գործընկերների կողմից ամբողջապես մեր խնդիրներով, մեր շահերով»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ