Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակում մահվան դեպքերի հետ իշխանությունները կամ պաշտպանության նախարարն ինչ կապ ունեն». ՀՀԿ-ական պատգամավոր

Ապրիլ 14,2016 22:03

«ԱՄՆ Պետդեպարտամենտի, արեւելյան եւ արեւմտյան, նույնիսկ եվրոպական շատ կառույցների այդ տիպի զեկույցները քաղաքական պատվեր են: Դրանք սովորաբար արվում են քաղաքական, պրոպագանդիստական նպատակներով՝ ճնշում գործադրելու տվյալ երկրի վրա: Չեմ կարող ասել՝ ինչ նպատակով է ԱՄՆ պետդեպարտամենտը նման բան արել գուցե հայ-ադրբեջանական կոնֆլիկտի հետ հակված: Բայց ես չեմ հավատալու, որ իրենց զեկույցում արձանագրված խնդիրները փաստերի հիման վրա են»,- Պետդեպարտամենտի զեկույցի մասին նման կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը:

Ըստ զեկույցի, Հայաստանում 2015 թվականի ընթացքում մարդու իրավունքներին առնչվող ամենալուրջ խնդիրներն են եղել պաշտոնյաների կողմից պետական ռեսուրսների օգտագործումն իշխող Հանրապետական կուսակցության գերակայությունը պահպանելու նպատակով, երկրի վերնախավի կողմից տնտեսական ու քաղաքական իշխանության օգտագործումն աջակիցներին հարստացնելու ու իրավապահ ու դատական համակարգերը քայքայելու նպատակով, ինչպես նաև՝ դատական համակարգի սահմանափակ անկախությունը։

Ըստ զեկույցի, նաեւ դեկտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում մի շարք տեղական ու միջազգային դիտորդներ, քաղաքացիական հասարակության անդամներ ու լրագրողներ հաղորդել են բազմաթիվ ընտրական խախտումների մասին, այդ թվում՝ վարչական ռեսուրսի կիրառում, բազմաքվեարկություն, լցոնումներ, ինչպես նաև՝ պաշտոնատար անձանց կողմից ընտրական հանձնաժողովի անդամների ու դիտորդների վրա ճնշումներ: Դեկտեմբերի 18-ի դրությամբ Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն հարուցել էր հանրաքվեին առնչվող 34 քրեական գործ:

«Այդ նույն դիտորդներն այստեղից հեռանում են առանց դժգոհելու, այդ նույն դիտորդները դիտել են, իրենց դրական կարծիքն են հայտնել, ես հավատում եմ իմ ասածին, որ այդ տիպի զեկույցները չեն կարող հավաստի լինել միայն հենց նրա համար, որ հեղինակները զեկույց են գրում ուրիշների հայտնած տեղեկությունների հիման վրա: Զեկույցի հեղինակներն ականատես չեն, մասնակից չեն այդ ընտրություններին, ինչի մասին գրել ու մասսայականացնում են»,- ասաց Լեռնիկ Ալեքսանյանը:

Անդրադառնալով զեկույցում արձանագրված խաղաղ պայմաններում բանակի մահվան աճող դեպքերին, պատգամավորը շարունակեց. «Դրանք իրավական խնդիրներ են, դրանց մասին կարծիք հայտնելու համար պետք է խորանալ իրավական դաշտում: Կոնկրետ բանակում չեմ բացառում, որ եղել են դեպքեր, բայց դա այն հնչեղությունը չունի, որ փորձում են մեկնաբանել ու հնչեղություն տալ: Չեմ էլ կարող ասել, որ չկան նման դեպքեր, բայց դրանք իրավական խնդիրներ են, որ լուծումներ են ստանում:

Ճիշտ չեմ համարում այդ դեպքերը բերել-կապելն իշխանությունների հետ, բանակն ավելի բաց է դարձել, ծնողների համար ավելի տեսանելի»:

Մեր հարցին, իսկ ովքեր են մեղավոր բանակի մահվան դեպքերի համար՝ պատասխանց. «Իշխանությունները բանակում մահվան դեպքերի հետ ինչ կապ ունեն կամ թեկուզ պաշտպանության նախարարը: Ուրիշ հարց, որ այսօր մեխանիզմներ պետք է մշակվեն՝ այդ դեպքերը բացառելու համար: Բանակը մեր հասարակության հայելին է»:

Իսկ զեկույցի բարձրացրած մտահոգությանը, թե իշխանությունները մինչ օրս որեւէ մեկին պատասխանատվության չենթարկեցին «Մարտի 1-ի» դեպքերի զոհերի համար, պարոն Ալեքսանյանն ասաց. « Մարտի մեկի դեպքերով շատ մութ տեղեր կան, որ կարելի է խորանալ ու մատուցել հասարակությանը: Պատասխանատվության ենթարկվել են, իրավական գնահատական են տվել, դա էլ է պատասխանատվության ենթարկել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930