Քիչ առաջ Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 69 կիլոգրամ քաշային կարգում գյումրեցի Նազիկ Ավդալյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն: Մեր չեմպիոնուհին իր հաղթանակը նվիրեց սահմանին կանգնած մեր հերոս զինվորներին՝ խոստովանելով, որ ուժ է առնում նրանից: Նազիկ Ավդալյանը փոքր-ինչ փոխեց ծանր հոգեապրումների մեջ գտնվող, պատերազմող հայ ժողովրդի տրամադրությունը:
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցը պայթում է ցնծությունից: Գյումրեցի Գայանե Ավետիսյանը կատակով գրում է. «Նորվեգացոնք մեր օրհներգն անգիր էրեցին էս 2 օրվա մեջ» ու ավելացնում է՝ «Լոպազ լամիշ» շարքից, այսինքն՝ «Գյումրեցիների մեծախոսությունից», մեկ ուրիշ օգտատեր էլ արձագանքում է. «Բան չկա, հլը սաղ աշխարհը անգիր կենե»:
Գյումրեցիներն այս թեմայով արդեն հասցրեցին անեկդոտ գրել. «Երկու նորվեգացի առավոտից իրիկուն գուկան ծանրամարտի առաջնություն նայելու, սաղ օրը հայերը բռնեն մեդալ կնվաճեն ու ամեն րոպե Հայաստանի օրհներգը կհնչե: Էս մե նորվեգացին դառնա մյուսին կըսե.
-Աշխարհի տակ մենակ էս մ եե՞րգն է: Ուրիշ երգ չկա՞ լսենք»:
Կարդացեք նաև
Գյումրեցի Արսեն Վարդանյանն էլ հիշեցնում է. «Լեննական մատների վրա հաշված մարդիկ են մնացել, օր ալամ աշխարհի չեմպիոն չեն դարձել»։
Իսկ Շիրակի մարզպետարանի սպորտի բաժնի պետ Վաչիկ Վարդանյանի հետ խոսել չի լինում. նա այնքան հպարտ է, վերցնելով հեռախոսը, առանց բարեւելու ասում է. «Տեսա՞ր Նազիկիս, մեր հերոսին»:
Մարզպետարանի պաշտոնյան, հիշեցնելով, որ 2009 թվականին աշխարհի չեմպիոն դարձած Նազիկ Ավդալյանը երկար ժամանակ թողել էր ծանրամարտը, ավտովթարի ենթարկվելու, լուրջ վնասվածքներ ստանալու պատճառով, ասաց. «Երկար տարիներ թողնելով ծանրամարտը՝ նա վերջին երկու տարում սկսեց մարզումները, առաջին լուրջ փորձությունը աշխարհի առաջնությունն էր ԱՄՆ-ում Հյուսթոնում, որտեղ նա բավական լավ արդյունք ցույց տվեց, իրեն ընկած մրցահարթակում կրկին զգացին նրա ուժը: Իսկ ուսումնամարզական հավաքների ժամանակ արդեն կարողացավ լուրջ կիլոգրամներ բարձրացնել, իսկ այդ ամենի լավ արդյունքը՝ մարզումների, մարզչական աշխատանքի, նաեւ թասիբը հասցրեց նրան, որ այսօր մենք ունեցանք Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյան:
Մենք սպասում էինք ու տա Աստված նման հաջողություն կրկնի Ռիոյում: Երեկ էլ շատ ուրախացանք մեր երկու մարզիկներով՝ Անդրանիկ Կարապետյանով, Տիգրան Մարտիրոսյանով, էսօր ավելի ուրախ ենք, քանի որ չեմպիոնը գյումրեցի է: Մեր չեմպիոնները աշխարհին ապացուցեցին, որ մենք զորեղ ենք, ուժեղ ենք, կարող ենք, մեզ հետ խաղեր տալը հեշտ չէ: Տեսանք էլի ազգությամբ թուրք ծանրորդուհին ինչ արդյունք արձանագրեց. բավական ցածր արդյունքներով հազիվ տեղ գրավեց միջին հորիզոնականում:
Վաղը չէ մյուս օր էլ մեր մյուս հսկան է մրցահարթակ դուրս գալու. գյումրեցի մյուս ծանրամարտիկը՝ Գոռ Մինասյանը, որից ակնկալիքները շատ են: Նա ծանրաքաշային է, նրանը ամենաբարձր քաշն է ՝105 պլյուս, հուսանք, որ հաղթանակով կուրախացնի մեզ ու սահմանին կանգնած մեր հերոսներին»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ