Մոսկվայի դատարաններից մեկը ռուսաստանաբնակ հայազգի ձեռնարկատերեր Լևոն Հայրապետյանին դատապարտել է 4 տարվա ազատազրկման։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։
Հայրապետյանը մեղավոր է ճանաչվել Բաշկիրիայի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700.000 ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեղադրանքով։ Մեղադրանքի համաձայն՝ Հայրապետյանը վերցրել էր այդ գումարը, որպեսզի նախկին սենատորի հանդեպ մեղմ վճիռ հրապարակվի, բայց այդպես էլ չի կարողացել որևէ նշանակալի ազդեցություն ունենալ գործի վրա։
Հայազգի ձեռնարկատերը մեղավոր է ճանաչվել ՌԴ Քրեական օրենսգրքի 159-րդ հոդվածի 4-րդ մասով։ Մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ Հայրապետյանը, փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ միասին, կաշառք է վերցրել սենատորի մորից։
Տեղեկացնենք, որ Հայրապետյանը ձերբակալվել էր 2014թ. մեկ այլ գործով։ Դատախազի միջնորդությամբ նրա խափանման միջոց էր ընտրվել կալանքը, որը հետագայում փոխարինվել էր տնային կալանքով։ 2015թ. սեպտեմբերից նրա նկատմամբ տնային կալանքը վերացվել է ստորագրությամբ՝ երկրից չբացակայելու մասին։