Գյումրեցի 69 կգ քաշային ծանրորդ Նազիկ Ավդալյանը իսկական հերոսություն գործեց Նորվեգիայի Ֆյորդե քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում՝ միանգամից նվաճելով երկու ոսկե եւ մեկ արծաթե մեդալ:
Պոկումում Նազիկը 105 կգ-ով դարձավ փոքր արծաթե մեդալակիր, իսկ ահա հրումում (132) եւ երկամարտում (237) ոչ մի շանս չթողեց մրցակիցներին՝ նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Հայաստանը ծանրամարտում չեմպիոններ շատ է ունեցել: Բայց Նազիկինն ուրիշ է: 2009 թվականին Կորեայում աշխարհի չեմպիոն դառնալուց երկու տարի հետո մարզուհին ավտովթարի ենթարկվեց՝ ծանր վնասելով ողնաշարը: Շատերը շտապեցին նրան սպորտից դուրս գրել: Բայց Նազիկը վերադարձավ: Ու այն էլ ինչպես: Փաստորեն, միայն անցած տարվա ապրիլին ստանալով բժիշկների թույլատրությունը՝ նա սկսեց մարզվել ու մեկ տարի անց նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը: Դրանից հետո Նազիկը հեռուստաէկրանից ուղիղ եթերում հայտարարեց. «Այ, հիմա իսկապես ասում եմ՝ հաղթանակս նվիրում եմ Ղարաբաղում կռվող հայ հերոս զինվորներին: Ապրեք տղաներ, մենք բոլորս ձեր հետ ենք»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ