Ինչպես տեղեկացրել ենք, երեկ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վրաստանից դեռեւս 3 տարի առաջ բեռնատարներով Հայաստան խոշոր չափի ապրանքներ՝ խոզի միս, սառեցրած հավ, սառեցրած ձուկ, մեքենայի յուղ, կահույք, անվադողեր տեղափոխելու փաստով մաքսանենգությանը օժանդակելու մեջ մեղադրվող վեց ամբաստանյալներ հացադուլ են հայտարարել:
Նրանք են Ժորա Ասլանյանը, Վարուժան Վարդանյանը, Ալբերտ Ներսիսյանը, Ջհանգիր Ապրեսյանը, Բադրի Գումբերիձեն ու Միխեիլ Դանելիան: Վերջիններս դատարանից պահանջում են ծայրահեղ ծանր առողջական վիճակում գտնվող Տիգրան Գինոսյանի գործն անջատել ընդհանուր գործից, քանի որ այս ամբաստանյալը չի կարող ներկայանալ դատարան, ու նրա պատճառով դատական նիստերն անընդհատ հետաձգվում են:
Արթիկ քրեակատարողական հիմնարկում գտնվող ու հացադուլ հայտարարած վերոհիշյալ վեց անձիք իրենց փաստաբանների միջոցով այսօր բաց նամակ էին ուղարկել մեր խմբագրություն, որն ուղղված է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին: Նամակում գրված է. «Մեծարգո ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյան, շուրջ երկու տարի է՝ ինչ շարունակվում է թիվ 58204314 քրեական գործի քննությունը, որը լսվում է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մովսիսյանի նախագահությամբ: Նախ եւ առաջ ուզում ենք տեղեկացնել, որ սույն քրեական գործը հարուցվել եւ նախաքննությունը կատարվել է ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում, որն ուղեկցվել է բազմաթիվ ակնհայտ կոպիտ դատավարական խախտումներով:
Մանրամասնենք. 2014 թվականի գարնանը ՀՀ ԱԱԾ աշխատակիցները մատների շարժմամբ, առանց որեւէ ծանուցագրի որպես վկա, ապօրինի բերման ենթարկեցին մեզ քննչական վարչություն, եւ սա այն դեպքում, երբ դրա հիմքերը բացակայել են: Քննչական մարմիններում մեկ ժամվա ընթացքում մենք ձեռք ենք բերել կասկածյալի ու մեղադրյալի կարգավիճակ, որի ընթացքում քննիչն իսպառ մոռացել էր մեր պաշտպանական իրավունքի մասին: Մեղադրանքի հիմքում դրվեց խմբակային մաքսանենգությունը՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 215 հոդված 4-րդ մասը, որը շուրջ մեկ տարի տեւած քննությունից հետո չհաստատվեց:
Կարդացեք նաև
Այդ ընթացքում 8 անձ գտնվել են կալանքի տակ, ու քննիչը ստիպված հրաժարվեց անհիմն մեղադրանքից, առաջադրեց նոր մեղադրանք՝ 215 հոդվածի 3-րդ մասով: Եթե կատարվել է մաքսանենգություն, դա ՀՀ Քրեական օրենսգրքով պատժվում է 0-5 տարվա ազատազրկմամբ, մինչդեռ մեզ մեղադրում են ոչ թե մաքսանենգություն կատարելու, այլ պաշտոնատար անձանց մաքսանենգություն կատարելու մեջ օժանդակելու համար, այսինքն` մի մեղադրանք, որը զուրկ է տրամաբանությունից: Մենք հասարակ, շարքային քաղաքացիներ ենք ու չունենք այդ հնարավորությունը, որպեսզի օժանդակենք պաշտոնատար անձին մաքսանենգություն կատարելու մեջ:
Իրազեկում ենք Ձեզ, որ այս քննության ամբողջ ընթացքում մեր կողմից վկայակոչվել են բազմաթիվ ապացույցներ, նույնիսկ տեսագրության, տեսաերիզ ու այլ ապացույցներ, որոնք ուղղակի հաստատում են մեր անմեղությունը, սակայն քննիչի, դատախազի, իսկ ներկայումս դատարանի կողմից անհիմն անտեսվում են: Բացի այդ, բազմաթիվ անգամ մեր կողմից միջնորդություններ են ներկայացվել խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ, որոնք դատարանը առանց պատճառաբանման գրչի մեկ հարվածով հենց այնպես մերժել է, եւ սա այն դեպքում, երբ նույն առաջադրված մեղադրանքով ազատության մեջ են գտնվում 3 ամբաստանյալներ:
Մեծարգո նախագահ, Ձեզ նաեւ տեղեկացնենք, որ հենց առաջին դատական նիստը հետաձգվել է ամբաստանյալ Տիգրան Գինոսյանի պատճառով: Դրանից հետո՝ 2015 թվականի սեպտեմբերի 23-ից մինչեւ 2016թ.-ի ապրիլի 6-ը ընկած ժամանակահատվածում, դատական նիստեր տեղի չեն ունեցել նույն ամբաստանյալ Տիգրան Գինոսյանի պատճառով: Այդ ընթացքում տեղի է ունեցել երկու դատական նիստ. Տիգրան Գինոսյանը գտնվում է պլանային վիրահատությունների փուլում:
Ո՛չ դատախազը, ո՛չ էլ դատավորը չեն կարողացել ապահովել վկայակոչված վկաներին, իսկ առանցքային նշանակություն ունեցող վկաներ, որոնք մաքսայինի աշխատակիցներ են, նույնիսկ չեն վկայակոչվել դատարան այն դեպքում, երբ նրանք բազմիցս խիստ կարեւոր հարցերի շուրջ ցուցմունք են տվել քննիչի մոտ: Շուրջ վեց ամիս է՝ նիստ տեղի չի ունեցել կալանավորի վիրահատության, էտապավորման մեքենայի վառելիքի բացակայության պատճառով:
Մեծարգո նախագահ, մենք երեկ՝ ապրիլի 13-ի դատական նիստի ժամանակ հայտարարել ենք անժամկետ հացադուլ: Մեր խնդրանք է ձեզ՝ հանձնարարել պատկան մարմիններին այս հարցին օբյեկտիվ, ճիշտ լուծում տալ, քանի որ բոլորս ունենք ընտանիքներ, մանկահասակ երեխաներ, վատառողջ ծնողներ, եւ մենք ենք հանդիսանում մեր ընտանիքների խնամակալը՝ աշխատող ուժը: Մենք հանցագործներ չենք, մենք ընդամենը մանր ու միջին բիզնեսով զբաղվողներ ենք»:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ