«Հայ լինել նշանակում է ոչ միայն վիթխարի մշակութային ու պատմական ժառանգության տեր լինել , այլև պատասխանատվություն կրել այդ հողի համար, որի վրա ապրում ենք մենք ու ապրել են մեր նախնիները»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Երևանի Գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը:
Նա նշեց, որ միշտ ժողովրդի մեջ պետք է ամուր պահել հավատը, վհատ խոսքերի ժամանակը չէ, հուսահատ խոսքերը տեղ պիտի չունենան մեր բառացանկում. «Մենք հաղթեցինք հայրենական պատերազմում. սա մեր ժողովրդի հայրենական պատերազմն է: Մեր մտավորականությունը պիտի ժողովրդին անընդհատ հիշեցնի, որ նա հաղթող է: Բայց դեռ շատ բան պիտի փոխվի մեր իրականության մեջ: Կարծում եմ՝ բոլոր կազմակերպությունները պետք է լծվեն աշխատանքի: Պիտի վերացնենք երկպառակության, փոխադարձ ատելության այն գաղջ մթնոլորտը, որ եղել է մինչ այժմ մեր երկրում: Բոլոր կազմակերպություններից պետք է պահանջենք աշխատանք»:
Ըստ պարոն Ափինյանի ստեղծագործ հայ ժողովուրդը կարող է հինգ տարվա ընթացքում կերտել ուժեղ մի երկիր՝ հզոր տնտեսությամբ, արդիական զենքով լի բանակով, եթե դադարեն խոսել և սկսեն աշխատել. «Պետք է ձգտել պահել հերոսական այս մթնոլորտը, որ կա այսօր Հայաստանում: Մենք թշնամու հարձակումը արցունքները աչքերիս չդիմավորեցինք: Երևանի գրողների միությունը ուզում է սկսել «Ապրիլյան հերոսամարտ» շարժում, որին պիտի անդամակցեն ապրիլյան հերոսամարտի զոհված տղաների բոլոր ընտանիքները:
Նրանք չեն զոհվել, այդ տղաների մասին խոսելիս մահվան թվականները չէ որ պետք է հիշել, այլ նրանց քաջագործություններն ու սխրանքները : Բոլորի մասին պետք է գրել վեպեր, բանաստեղծություններ, պատմվածքներ: Նրանք պետք է ներկա լինեն Հայաստանի ապագա բոլոր օրերի մեջ: Մենք միշտ որոնել ենք, թե ով է ժամանակի հերոսը: Հայ ժողովուրդն ունի մեկ հերոս.դա ազատամարտիկն է ու հայ զինվորը: Պիտի արժանի լինենք ապրիլյան հերոսամարտը կերտողներին»:
Կարդացեք նաև
Հանդիպմանը ներկա «Տոնացույց» ժողովրդական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հասմիկ Բաղրամյանն էլ հավելեց, որ պետք է սթափ ու արթուն լինել՝ շեշտելով, որ մենք հերոս ենք, որովհետև մեր տարիքի ժողովուրդ այս աշխարհում չի մնացել, մենք ի վիճակի ենք հազարամյակներով ապրել ու շարունակել մեր գործունեությունը. «Անգլիացիներն ասում են՝ չկան մշտական ընկերներ, կան մշտական շահեր: Կարծում եմ՝այս ամենը արթնացրեց մեզ: Եղբայրություն, ընկերություն՝ չկան նման բաներ, չկան հավերժ հայ-ռուսական հարաբերություններ: Իսկ ինչու՞ Թուրքիայի հետ մենք եղբայր չենք. սարսափելի բան է չէ՝ թուրքը մեզ եղբայր: Իսկ ինչու ռուսը կարող է լինել եղբայր,թուրքը՝ոչ: Մեր հույսը միշտ մենք ենք եղել ու պետք է լինենք»:
Նա փաստեց, որ այսօրվա բոլոր օղակները պետք է վախենան մեր երիտասարդներից. «Ոչ մի վայրկյան մենք իրավունք չունենք քնելու: Հիմար բաների ետևից ընկնելու իրավունք չունենք, իրար թալանելու, խաբելու իրավունք չունենք: Ես թուրքից այդքան չեմ վախենում, ինչքան թուրք հայից, որ մեր մեջ է: Վախենում եմ դավաճան սրիկայից, որ հայի ազգանունով մեր երկիրը քանդում է ներսից: Ներսից փտած վիճակն է սարսափելի: Մեր երիտասարդները թե՜ դուրս, թե՜ ներս պետք է նայեն: Մենք բոլոր ոլորտներում մեզ պետք է զինվոր զգանք.Հայաստանը պահող, թե չէ կկորցնենք մեր երկիրը»:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ