Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշի փոխարեն քվեարկելու մեջ մեղադրվող Վեներա Թորոսյանը խնդրեց դատարանին մեղմ պատիժ նշանակել

Ապրիլ 14,2016 18:55

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ապրիլի 14-ին շարունակվում էր Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի աշխատակից Վեներա Թորոսյանի գործի քննությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին դատարանը արգելել էր նիստի լուսաբանումը:  Այս դատական նիստը բացի Aravot.am-ից լուսաբանում էին այլ լրատվամիջոցներ եւս:

Դատական նիստի սկզբում լրագրողները միջնորդությամբ հանդես եկան, որպեսզի հնարավորություն ընձեռնվի դատական նիստը տեսաձայնագրել: Դատարանը հարցրեց կողմերի դիրքորոշումը: Ամբաստանյալ Վեներա Թորոսյանը հայտարարեց, որ դեմ է, որ դատական նիստը ընդհանրապես լուսաբանվի: Իսկ հանրային պաշտպան Արմինե Ֆանյանը նկատեց, որ անցած դատական նիստը, որը դատարանը արգելել էր լուսաբանել Aravot.am-ը ամբողջությամբ լուսաբանել էր՝ չհետեւելով դատարանի որոշմանը: Նա, հղում կատարելով էթիկական սկզբունքներին, ասաց, որ կարծում է՝ կարելի էր պաշտպանյալի անուն-ազգանունը փոխել:

Դատարանը այս անգամ արգելեց միայն դատական նիստի տեսաձայնագրառումը եւ լուսանկարահանումը: Նա որպես մեղմացուցիչ հանգամանք առանձնացրեց այն, որ Վեներա Թորոսյանը նախկինում դատապարտված կամ արատավորված չի եղել, իրեն լիովին մեղավոր է ճանաչել, տվել է խոստովանական ցուցմունքներ: Մեղադրող Խաչատրյանը միջնորդեց Վեներա Թորոսյանի նկատմամբ կիրառել տուգանք նվազագույն աշխատավարձի վեց հարյուրապատկի չափով:

Իսկ Արմինե Ֆանյանը դատարանին ներկայացրեց Վեներա Թորոսյանի հարեւանների գրությունը, որով նա դրական է բնութագրվում, աչքի է ընկնում մի շարք դրական հատկանիշներով: Նա միջնորդեց իր պաշտպանյալի նկատմամբ նշանակել տուգանք նվազագույն շեմի չափով, այսինքն՝ նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով, եւ տուգանքի վճարումը տարաժամկետել մեկ տարի ժամկետով՝ հնարավորություն ընձեռելով Վեներա Թորոսյանին մաս առ մաս վճարել տուգանքը:

Վեներա Թորոսյանը հայտարարեց, որ ընդունել է իր մեղքը, հասկանում է ինչ է կատարել եւ ընդունում է ամբողջ պատասխանատվությունը: Որպես վերջին խոսք նա խնդրեց, հնարավորինս մեղմ պատիժ նշանակել:

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու: Գործով վճիռը կհրապարակվի ապրիլի 19-ին:

Հիշեցնենք՝ Վեներա Թորոսյանը մեղադրվում է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը այլ անձանց փոխարեն քվեարկելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ժամանակ Երեւան քաղաքի Շեւչենկո փողոցի թիվ 34/1 հասցեում գտնվող թիվ 8/31 ընտրական տեղամասում, լինելով հանձնաժողովի նախագահ, այլ անձանց` Նարեկ Ալեքսանյանի եւ Վալենտինա Ալեքսանյանի փոխարեն քվեարկելու դիտավորությամբ` նշված ընտրատեղամասի ընտրողների ցուցակում վերջիններիս անվան դիմաց լրացրել է պատահական` համապատասխանաբար անձնագրային տվյալները եւ ստորագրել վերջիններիս փոխարեն, կնքել է ընտրողների ցուցակում, որից հետո հանձնաժողովի մյուս անդամներից աննկատ կատարել է քվեարկություն:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վանիկ Ալեքսանյան says:

    Վեներա Թորոսյանը ոչ միայն Նարեկ Ալեքսանյանի եւ Վալենտինա Ալեքսանյանի փոխարեն է ստորագրել եւ լցոնել, այլեւ սույն տեղամասի 600 ԱՅՈ-ների մեծ մասի հեղինակն էլ ինքն է՝ թաղի խուժանի համահեղինակությամբ։ Սուտ է, թե հանձնաժողովի անդամներից թաքուն է քվեարկել, այդպիսի բան հնարավոր չէ։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930