Ապրիլի 18-22-ը Ստրասբուրգում կայանալիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)` ապրիլի 21-ի լիագումար նիստում օրվա առաջին կեսին ընթացիկ քննարկումների ժամանակ նախատեսվում է քննարկում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ:
Ապրիլի 11-ին ԵԽԽՎ կայքում հրապարակված օրակարգի նախագծում թեմատիկ քննարկումն առաջարկվել էր անցկացնել բավական անկողմնակալ վերնագրով՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական էսկալացիան»: Սակայն օրերս կայքում տեղադրված նոր հաղորդագրության համաձայն` ստացվել է ընթացիկ հարցերի քննարկման համար երկու առաջարկ՝ «Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջին և ողբերգական էսկալացիան», «Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում բռնությունների ողբերգական էսկալացիան»։
Հայտնի է, որ Ադրբեջանն ամեն կերպ փորձում է տարբեր փաստաթղթերի մեջ ներառել Ադրբեջանի գրավյալ տարածքներ տերմինը, ինչին էլ, ըստ էության, միտված է այս առաջարկը:
Aravot.am-ը ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանից հետաքրքրվեց` մտահոգիչ չէ՞ նման վերնագրով քննարկումը և արդյոք նշված առաջարկը կընդգրկվի՞ ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում: Տիկին Զոհրաբյանը տեղեկացրեց, որ հայկական պատվիրակությունն էլ ներկայացրել է առաջարկ` ընթացիկ քննարկումը կազմակերպել «Ռազմական հանցագործությունները ԼՂՀ-ում` կատարված ադրբեջանցիների կողմից» վերնագրով:
Կարդացեք նաև
Ապրիլի 18-ին, երբ տեղի ունենա քվեարկություն, ամենայն հավանականությամբ կընտրվի չեզոք վերնագիր, որը ներկայացրել է Ֆրանսուա Ռոշբլուանը: Նաիրա Զոհրաբյանը նշեց, թե մտահոգության կարիք չկա, քանի որ ինքը վստահ է, որ ապրիլի 21-ի առավոտյան քննարկումը կկազմակերպվի հենց այդ` չեզոք վերնագրով:
Նա նաև տեղեկացրեց, որ ընթացիկ քննարկումը չի նախատեսում որևէ բանաձևի ընդունում, պարզապես ելույթ ունեցողը ներկայացնում է խնդիրը, որին հաջորդում է այդ թեմայով մյուս պատգամավորների ելույթները:
Մեր այն դիտարկմանը` հաշվի առնելով ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի` ադրբեջանամետ կեցվածը, ի՞նչ ակնկալել այդ քննարկումից, տիկին Զոհրաբյանը պատասխանեց. «Այն, որ ԵԽԽՎ-ի ներկայիս նախագահը Ալիևի մամուլի խոսնակն է, դրանում չի կասկածում պատգամավորներից որևէ մեկը: Ինքն էլ լավ գիտի, որ Ալիևի մամուլի խոսնակն է: ԵԽԽՎ-ում ես ինձ զգում եմ այնպես, ինչպես Բաքվի միլի մեջլիսում:
Փաստերը վկայում են այն, որ Ադրբեջանը կատարել է ռազմական հանցագործություն, ու եթե միջազգային հանրությունը միտումնավոր կերպով չուզենա աչք փակել այդ ամենի վրա, ակնհայտ է, որ ԵԽԽՎ-ն պիտի ագրեսոր երկիր ճանաչի Ադրբեջանին, արձանագրի, որ նա խախտել է 2001-ի հունվարի 25-ին իր անդամակցությամբ ԵԽԽՎ-ի առաջ ստանձնած պարտավորությունները և ընդունի, որ ագրեսոր Ադրբեջանն իրավունք չունի ԵԽ անդամ լինելու և միանա մեզ Ադրբեջանին միջազգային ատյաններում ռազմական հանցագործ ճանաչելու հարցում»:
Նաիրա Զոհրաբյանը նաև նշեց, թե ԵԽԽՎ պատգամավորները հետևած պիտի լինեն Եվրախորհրդարանում պատգամավորների կոշտ ելույթներին, որտեղ նրանք Ադրբեջանին ագրեսոր անվանեցին և կոչ արեցին ճանաչել ԼՂՀ-ն և հայտարարեն, որ ռազմական գործողությունները սկսել է Ադրբեջանը:
Տիկին Զոհրաբյանը հիշեցրեց, որ ԵԽ անդամ երկրներից առնվազն ՌԴ-ն, Գերմանիան, Ֆրանսիան ունեն արբանյակային հետախուզության հնարավորություն, և հստակ է, եթե ցանկություն ունեն համոզվելու, թե ով է սկսել ագրեսիան, պարզ է`սեղանին են դրվում արբանյակային նկարահանումները, և ամեն ինչ պարզ է դառնում: Մեր հարցին` նման կոշտ հայտարարություններ սպասե՞լ նաև ԵԽԽՎ լիագումար նիստում, ինչպես Եվրախորհրդարանում, տիկին Զոհրաբյանը պատասխանեց` այո:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ