Լրահոս
Օրվա լրահոսը

«Քոչարյանը պատմություն չի կարդացել». Լեւոն Զուրաբյան

Ապրիլ 14,2016 18:17

«Լեւոն Տեր-Պետրոսյանը չի փորձում աջակցել Սերժ Սարգսյանին: Լեւոն Տեր-Պետրոսյանը փորձում է աջակցել ԼՂՀ պաշտպանության բանակին, զինվորներին: Ավելի մեծ աջակցություն ոչ մի բան չի ապահովել մեր զինվորներին, քան միասնականության մեր հայտարարությունը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այսպես արձագանքեց առաջին եւ գործող նախագահների հանդիպումը քննադատողներին:

Մեր դիտարկմանը, որ այդ հանդիպման «տողատակին» ինչ-որ բան են փորձում գտնել՝ Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Եթե փորձում են բան գտնել, լավ, էդ մարդիկ պատմություն չգիտե՞ն: Թող վերցնեն մի հատ Առաջին համաշխարհային պատերազմն ուսումնասիրեն: Բոլոր սոցիալիստական կուսակցությունները, որոնք պայքարում էին իրենց բուրժուական կառավարությունների դեմ, բոլորը հայտարարեցին սեփական կառավարությանն աջակցելու կարգախոսը: Դա գյուտ չի, որ Տեր-Պետրոսյանն է արել, դա համաշխարհային փորձ ունի: Եթե դու նորմալ ազգ ես, պատերազմական գործողությունների ժամանակ դա միակ վարվելու ձեւն է: Իրականում ռազմաճակատում ամենամեծ նվաճումները հայկական ուժերը գրանցել են հենց այն պահերին, երբ եղել է Բաքվում թուլացած իշխանություն, իշխանության համար կռիվ: Սա Ադրբեջանի համար եղել է կործանարար: Ուզում եք մե՞նք էլ գնանք նրանց ուղով»:

Մեր հարցին՝ ինչպե՞ս եք վերաբերվում Ռոբերտ Քոչարյանի արձագանքին՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Ուրեմն պատմություն չի կարդացել: Չգիտի նման իրավիճակներում ոնց են պահում պետական մտածողություն ունեցող ուժերը»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, եթե պատերազմական իրավիճակում ընդդիմությունը փորձի պայքարել իշխանության դեմ, դնի իշխանափոխության հարց՝ դա կլինի պետական դավաճանություն. «Երբ զինվորդ կռվում է, խրամատում կանգնած է՝ հիմա ժամանա՞կն է դրա մասին խոսելու: Մեր կարծիքով՝ ոչ: Մենք պատերազմ ենք վարել, մենք շատ լավ գիտենք էդ պահին ինչ է պետք զինվորին, բանակին, պետությանը, ընդհանուր ոգու ձեւավորմանը: Մենք շատ լավ գիտենք, թե  անպատասխանատու գործողությունները ոնց են թուլացնում պատերազմի ժամանակ: Ամեն մի հայտարարություն, ամեն մի քաղաքական գզվռտոց առաջին հերթին թուլացնում է բանակը»:

Հարցին՝ 92 զոհերի մեջ ո՞ւմ մեղավորությունը կա՝ նա պատասխանեց. «Մենք տեխնոլոգիապես հետ ենք ընկել ռազմաճակատում: Չենք ամրապնդել պատշաճ մակարդակի պաշտպանական գիծը: Հարցեր շատ կան ու այդ հարցերի պատասխանները մենք դեռ ստանալու ենք, բայց հիմա մեղադրել, ինչ-որ մեկի վրա պատասխանատվություն դնել՝ այդ խոսակցությունները զինվորի ոգին են թուլացնելու: Չի՛ կարելի դա անել: Մի բան հաստատ է՝ միասնականությունը միասնականություն, բայց հասկանալի է, չէ՞, որ գողանալ չի՛ կարելի: Գողանալն արդեն սպառնալիք է ազգային անվտանգությանը: Ամեն մի գողացած միլիոնը նշանակում է, ասենք, 1 անօդաչու սարք քիչ, մեկ կարեւոր սպառազինություն քիչ: Դրանք կարող են այնպիսի սարքեր լինեն, որ ռազմաճակատի կոնկրետ հատվածում հարց են լուծում»:

Նա  կոչ արեց սթափվել, այլապես այս ամեն ինչը լավ ավարտ չի ունենա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930